ՀՀ քաղաքացիները ե՞րբ կկարողանան մեկնել օտար երկրներ. պարզաբանում է ՀՀ պարետը
«Անկախ նրանից՝ կանոնավոր ուղեվորափոխադրումները կվերսկսվեն, թե կշարունակվի չարթերային չվերթների կազմակերպման տրամաբանությունը, նախատեսվում է սահմանել ժամանող ուղևորահոսքի որոշակի առավելագույն սահմանաչափ: Այս պահին ՔԱԿ կողմից տարբեր ավիաընկերությունների հետ քննարկումներ են իրականացվում՝ ավելացման հնարավոր ծավալները հասկանալու, որից հետո կկայացվի ուղևորահոսքի առավելագույն սահմանաչափի վերաբերյալ որոշումը»,-այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց պարետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ գործող սահմանափակումների պայմաններում օգոստոսի առաջին 10 օրերի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ է ժամանել շուրջ 4500 ուղևոր. «Այսինքն՝ օրական ուղևորահոսքի միջին թիվը կազմել է 450 ուղևոր: Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում նույն ժամանակահատվածում ժամանող ուղևորների քանակը կազմել է շուրջ 500 հոգի՝ իրականացված 3 թռիչքներով: Զուգահեռաբար մշակվում են կանոններ օդանավակայաններում ուղևորների մեկնման-ժամանման, ինչպես նաև օդանավերում թռիչքի ողջ ընթացքում անվտանգության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ»:
Ինչ վերաբերում է այլ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտք գործելու հնարավորությանը, այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով, ապա, ըստ պարետի՝ նման հնարավորության սահմանումը կոնկրետ պետության իրավական կարգավորումների դաշտում է և որպես կանոն պայմանավորված է այլ պետություններում վարակի տարածման դինամիկայով և տիրող համաճարակաբանական վիճակով.
«Միևնույն ժամանակ, ցանկանում եմ հորդորել, որ մեր քաղաքացիներն իրենց հանգիստը անցկացնեն Հայաստանում: Վստահ եմ, որ զբոսաշրջության բազմազան հնարավորությունները թույլ կտան մեր հայրենակիցներին իրենց հանգիստը նույնքան լիարժեք անցկացնել այստեղ՝ պահպանելով սանիտարա-համաճարակային կանոնները և անվտանգության այլ սահմանափակումները: Սա նաև կխթանի ներքին զբոսաշրջությունը, կնպաստի տուրիստական բիզնեսի ակտիվացմանը, որը ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում, լուրջ կորուստներ է ունեցել»: