Բաժիններ՝

«Ինչի՞ համար պայքարեցինք մեր վարչապետի համար, որ կոտորի՞ այս ժողովրդին». բողոքի ակցիայի մասնակից

Կառավարության դիմաց շարունակում են բողոքի ակցիա իրականացնել ռուսաստանաբնակ քաղաքացիները, նրանք պահանջում են իշխանություններից, որպեսզի իրենց համար  հնարավորություն ստեղծեն գնալ Ռուսաստան, քանի որ  ընտանիքի անդամներն այնտեղ են, իրենց տունն ու աշխատանքն այնտեղ է:

«Մեր վարչապետն ամեն օր ասում է՝ ճգնաժամի մեջ ենք, բոլոր նախարարներն ասում են՝ ճգնաժամի մեջ ենք, հասկացանք, բացեք, գնանք աշխատենք, փողն ուղարկենք, այդ ճգնաժամից դուրս գա մեր երկիրը: Մեր վարչապետը հիմա չի՞ նայում, աթոռի կռի՞վն էր: Ես ոչ հանրապետական եմ, ոչ բարգավաճ եմ, ոչ մի կուսակցության մեջ չկամ: Մեր վարչապետն ինչի՞ համար է պայքարում, ինչի՞ համար մենք պայքարեցինք մեր վարչապետի համար, որ կոտորի՞ այս ժողովրդին: Նախարարները 1-1.5 միլիոն փող են ստանում, բա իրենք ոչ մի բանի կարիք չեն ունենա: Ես չեմ աշխատում, ոչ մի բանից չեմ օգտվել, սա 6-րդ ամիսն է, ասում է՝ բանկերը կներեն, ի՞նչը կներեն:

Հիմա իրենք տաք տեղում նստած են, ոչ մի բանով չեն զբաղվում, միայն դիմակներ. Դիմակներո՞վ են ուզում բյուջեն լցնեն, դիմակով չի՛ լինի բյուջե լցնել, բացեք սահմանը, մարդիկ գնան աշխատեն, փող բերեն: Նախարարների փողը կրճատի, 1-1.5 միլիոն են ստանո՞ւմ, թող ստանան 300 հազար, ճգնաժամ է, բաժանիր ժողովրդին: Փաշինյանը խելոք մարդ էր, մենք այդքան պայքարեցինք, ո՞նց ասեմ, ինձ էլ ծեծեցին, ոստիկաններն ինձ էլ սպանեցին այն ժամանակ, բայց պայքարեցինք, ասացինք՝ պարոն վարչապետ, արի փոխի մեր այս երկիրը, ոչ թե արի նստի, 5-10 նախարար նստացրու կողքդ, բոլորին 5-10 միլիոնով փող տուր, որ ապրեն: Այս նախարարները, որ ամեն օր գնում են գործի, օրը քանի՞ լիտր բենզին են ծախսում, թող տան ժողովրդին, դիմակ առնեն: Վարկեր եմ վերցրել, հիմա էլ այսպես եղավ, չեմ կարողանում ՌԴ գնալ, որ իմ վարկերը փակեմ, ընկել եմ սև ցուցակ, այսինքն՝ ինքը 1 քաղաքացուց զրկվեց: Հիմա, որ ես գնամ, ամեն ինչ կանեմ, որ էլ հետ չգամ, 1 տարի հետո էլ ընտանիքիս կտանեմ, ինքը դրան է գնում, մեր կառավարությունը հիմա դրան է գնում»:

Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց նամակ են գրում՝ ուղղված ԱԳՆ-ին, որտեղ նշում են իրենց անուն-ազգանունները: Քաղաքացիները հույս հայտնեցին, որ գոնե այս ձևով որևէ արձագանք կլինի և իրենց հարցը կլուծվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս