Բաժիններ՝

«Մարդիկ արդեն ինքնասպան են լինում այս վիճակից, դուք չե՞ք հասկանում լրջությունը». ցուցարարը՝ վարչապետի օգնականին

«Կառավարության նիստի ժամանակ ներկայացվեց մեղմացումների մասին, ավելի մանրամասն այսօր կներկայացվի ԱԺ-ում»: Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ռուսաստանաբնակ քաղաքացիների հետ զրույցում նշեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են բացել սահմանները, որպեսզի կարողանան գնալ Ռուսաստանի Դաշնություն, քանի որ ընտանիքի անդամների մի մասն այնտեղ է, և  իրենք այնտեղ  աշխատանք ունեն: Նրանք վարչապետի օգնականից հետաքրքրվեցին, թե հստակ ե՞րբ է սահմանը բացելու մասին որոշում կայացվելու, ինչին Սարգսյանը պատասխանեց.

«Ճիշտն ասած, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, պարետատունն անպայման կտեղեկացնի: Մեղմացումների մասին ավելի մանրամասն կներկայացվի ԱԺ-ում»:

Սարգսյանն ասաց՝ եթե այլ հարցեր լինեն, քաղաքացիները դիմեն, նրանց կպատասխանեն, ինչին ակցիայի մասնակիցներն արձագանքեցին. «Չեն ընդունում, պարոն Սարգսյան, ամսի 30-ից այստեղ կանգնած եմ, ոչ մեկը չի լսում: Այս խեղճ ոստիկաններն ի՞նչ անեն, մեր ձեռքը կրակն են ընկել: Հստակ ասեք՝ բացվելո՞ւ է սահմանը, թե՞ չէ, ապրե՞նք, թե՞ մեռնենք, ասեք, որ իմանանք՝ որն անենք: 6 ամիս շարունակ երկարացնում եք արտակարգ դրությունը, բանակցեք, 2 շաբաթով բացեք սահմանները, մարդիկ արդեն ինքնասպան են լինում այս վիճակից, դուք չե՞ք հասկանում լրջությունը»:

Նաիրի Սարգսյանն ակցիայի մասնակիցներին խոստացավ, որ այսօր երեկոյան իրենց հարցերին կպատասխանեն:

Սակայն քաղաքացիներն ասացին, որ կշարունակեն մնալ և սպասել կառավարության պատասխանին. «5 ամիս շարունակ մենք նստել ու խելոք սպասել ենք, վերջ, էլ համբերություն չկա, ոնց որ մարդկանց էշի տեղ դնեն, կոնկրետ էշի տեղ են դրել: Սպասելու ենք այնքան ժամանակ, մինչև պարոն վարչապետը և պարոն Ավինյանը մեզ ստույգ պատասխան տան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս