«Լիբանանից ժամանած քաղաքացիներն ունեցել են կեցության հասցեներ. բոլորն ինքնամեկուսացված են». Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսնակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան:
Վարչապետը մասնավորապես նշել է. «Ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանեց մի քանի ժամ առաջ։ ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթևան մնացած և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում։
Բարի գալուստ, Հայաստան, սիրելի հայրենակիցներ։ Ուրախ ենք բոլորիդ ընդունելու համար և անում ենք հնարավոր ամենը՝ ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար»:
168.am-ը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հետաքրքրվեց, թե որտե՞ղ են մնում Լիբանանից վերադարձած մեր հայրենակիցները, ո՞վ է հոգում նրանց ծախսերը:
«Հումանիտար օգնությունը տեղափոխող 3 ինքնաթիռներով շուրջ 100 հոգի տեղափոխվել է Հայաստան: Վերջին խումբը՝ 45-ը, լուսադեմին ժամանեցին Հայաստան: Բոլորն օդանավակայանում բուժզննում են անցել, նշել են իրենց կեցության հասցեները, թե որտեղ պետք է անցկացնեն իրենց տնային ինքնամեկուսացումը: Բոլորն ունեցել են կեցության հասցեներ՝ կամ իրենց սեփականություններն են, կամ նրանց հարազատների բնակարաններն են: Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը և անձամբ Զարեհ Սինանյանը ևս այդ ինքաթիռով էր հետ վերադառնում, նա ևս միացավ դիմավորմանը»,- ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը:
Նրա խոսքով՝ ժամանած լիբանանահայերին բաժանվել են տեղեկատվական հատուկ թերթիկներ, որ և՛ կարանտինային ինքնամեկուսացման ընթացքում, և՛ դրանից հետո մարդիկ կարողանան ցանկացած հարցով կապ հաստատել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:
Հարցին, թե քաղաքացիների կեցության վերաբերյալ մեխանիզմներ, ծրագիր կա՞ մշակված, քանի որ գործընթացը շարունակվում է՝ քաղաքացիները ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան, և չի բացառվում, որ կեցության խնդիր ունենան, Կարապետյանը պատասխանեց.
«Հայաստանյան պատվիրակության գլխավոր հանձնակատարի այցի նպատակներից մեկն էլ հենց Բեյրութում իրական կարիքների գնահատումը կատարելն էր, որը կատարվել է այդ այցի ընթացքում, և արդեն դրա հիման վրա կկատարվի մանրամասն վերլուծություն և հիմք կհանդիսանա մշակելու կառավարության աջակցության հիմնական ուղղությունները: Անկախ ամեն ինչից, եթե որևէ լիբանանահայ կեցության խնդրի հետ կապված դիմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, մենք պատրաստ ենք հնարավորությունների սահմանում օգնել»:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ժամանած 3 ինքնաթիռներով ընդամենը շուրջ 100 մարդ է վերադարձել Հայաստան, Ամալյա Կարապետյանը պատասխանեց.
«Դեսպանության կողմից սահմանված առաջնահերթություններ են եղել, հիմնական եղել է այն մարդիկ, որոնք պայթյունի հետևանքով մնացել են անօթևան և Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնել»:
Հարցին, թե այս պահին Լիբանանում շարունակվո՞ւմ է ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպումը, հերթագրումը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատուն պատասխանեց.
«Մեր պետական գերատեսչությունները՝ ի դեմս նաև ԱԳՆ-ի, լիբանանահայության շրջանում կատարում են տվյալների հավաքագրում, և այդ տվյալների հիման վրա էլ հստակ թվերը կուրվագծվեն»:
Կարապետյանի խոսքով՝ ժամանած լիբանանահայերը հիմնականում 2 հարցով են իրենց դիմել. «Մեկը կարանտինային ռեժիմի հետ կապված հարցերն են, մյուսը՝ երեխաների կրթական խնդիրները: Պատվիրակության կողմից կարիքների գնահատման վերլուծության հիման վրա կառավարություն կսկսի մշակել աջակցության հնարավոր ուղղությունները»: