«Եղբայրը եղբոր հետ է թշնամի, բարեկամը՝ բարեկամի հետ. կոնկրետ մի որոշում չի լինում». Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները՝ հանքը բացելու մասին

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և հարակից համայնքներում շարունակվում են բողոքի ակցիաները Ամուլսարի հանքի շահագործման դեմ: Բնակիչները նշում են, որ կառավարությունը պետք է վերջապես լիարժեք որոշում կայացնի (չեղարկել Ամուլսարի ՇՄԱԳ-ը):

168.am-ը շրջել է Ամուլսարի հարակից համայնքներում և զրուցել բնակիչների հետ: Կարծիքները տարբեր էին՝ մի մասը դեմ է հանքի շահագործմանը, մյուս մասը՝ կողմ: Կա նաև երրորդ կարծիք՝ Կառավարությունը պետք է որոշի:

«Պետք է չշահագործվի, որովհետև նախ՝ վնաս է մթնոլորտային օդին»

Ջերմուկի բնակիչներից մեկի խոսքով՝ Ամուլսարը ժողովրդի «վերջին շունչն» է. «Ամուլսարը պետք է հանգիստ մնա, դա ժողովրդի հույսն է, որ դրանով շնչի, դրանով ապրի: Եթե սահմանում մեր երիտասարդներին սպանում են, թող այստեղ մեր երիտասարդները չհիվանդանան: Հանքը պետք է մնա մաքուր, ոչ գործող, որովհետև աշխարհում միակ քաղաքն է, որով մարդիկ հիանում են, հույսով գալիս են Ջերմուկ, որ առողջանան: Կան բազմաթիվ հիվանդ երեխաներ, հատկապես՝ Քաջարանից, գալիս են, ամիսներով մնում են և իրենց շատ լավ են զգում, նրանք էլ են բողոքներ ներկայացնում: Արդեն 2 տարի է՝ հանքը չի գործում, բայց այդ դեղին փոշին, որը քամին բերում է, արդեն ամեն ինչ վնասել է: Մոտակա գյուղերը՝ Կեչուտ, Գնդեվազ, բողոքում են, ինչի՞ համար, որ աշխատանք ձեռք բերե՞ն, իրենց այգիներում, որ փորփրես, դեղին ժանգն է նստած»:

Բնակիչներից մեկն էլ նշեց, որ իրենք մինչև վերջ կանգնած են լինելու Ամուլսարը պաշտպանելու համար. «Բոլորի գիտակից հայերը գիտեն, որ, եթե հանքը բացվի՝ ճառագայթում է լինելու, և հայ ժողովուրդը թունավորվելու է: Մենք ուզում ենք, որ մեր երեխաները, մեր թոռները ծնվեն նորմալ: Այս օդը, այս քաղաքը, միլիոնավոր մարդիկ, որ գալիս են, իրենց առողջությունն են կարգավորում, ուզում են միանգամից քանդեն»:

Ջերմուկում հանգստացող քաղաքացիներից մեկը ևս դեմ արտահայտվեց հանքի շահագործմանը. «Պետք է չշահագործվի, որովհետև նախ՝ վնաս է մթնոլորտային օդին, երկրորդն էլ՝ Ամուլսարը հուշարձան է: Եթե այսօր մարդիկ Երևանից և այլ տեղերից գալիս են, որ այդ տեսարժան վայրերում լինեն, իսկ նրանք քանդում են, դրա լավը ո՞րն է: Ժողովուրդը ճիշտ է անում, որ ցույց է անում»:

Ջերմուկի հարակից համայնքի՝ Գնդեվազ համայնքի բնակիչներից մեկն էլ նշում է, որ հանքի աշխատանքներն ապօրինի ձևով դադարեցված են, իսկ Կառավարությունը որևէ քայլ չի անում.

«Այնպես է ստացվում, երբ անօրինականության պատճառով ես զրկվել եմ իմ աշխատանքից, նույն մարդիկ ընդամենը մի քանի մետր տարածքի համար մեծ ձայն էին բարձրացրել: Խնդիրը նրանում է, որ այսօր մենք բոլորս աշխատելու իրավունք ունենք, և դրա հետ միասին՝ հսկա քանակությամբ ուսումնասիրություններ կատարվեցին և այնպիսի ապացույցներ չեղան, որ կասեցվեր աշխատանքները: Հիմա եթե ոչ մի վտանգավորության աստիճան չկա, ապա ինչո՞ւ մենք պետք է պարապ նստենք»:

«Հազար տարվա հետիս քայլող, ապրող տղերքին այսօր ռիսկ չեմ անում բարև տամ, որովհետև թշնամի ենք իրար հետ, գյուղում թշնամի ենք»

Գնդեվազի բնակիչներից մեկն էլ, որը նախորդ շաբաթ «Լիդիան-Արմենիա» ընկերության նախկին աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ եկել էր Կառավարություն և պահանջում էր, որպեսզի հանքը շահագործվի, մեզ հետ զրույցում նշեց, որ համայնքում 2 խմբի են բաժանվել, և, որ լարվածություն է նկատվում.

«Լարվածությունն այնքանով էր հասունացել, որ, երբ կառավարության շենքի մոտ մենք բողոքի ակցիա էինք իրականացնում, ակտիվիստներից մարդիկ են զանգահարել մեր ակցիայի մասնակիցներին, հարցրել են, թե ո՞վ է ֆինանսավորել, ինչո՞ւ են գնացել, ո՞վ է իրենց թույլ տվել, զանգում ահաբեկում են: Նույնիսկ փորձել են ինձ վրա մեքենա քշել, հետևից խոսել, որպեսզի պատասխանեմ, հետագայում կոնֆլիկտի առիթ լինի»:

Համայնքի բնակիչներից մեկն էլ նշեց, որ արդեն մի քանի տարի է՝ այս անորոշության պատճառով հարազատներն էլ են իրար հետ թշնամացել.

«Արդեն քանի տարի է՝ եղբայրը եղբոր հետ է թշնամի, բարեկամը՝ բարեկամի հետ. հիասթափվել ենք, կոնկրետ մի որոշում չի լինում: Դե ո՞վ կուզի, որ իր երկրում հանք բացվի, եթե Կառավարությունը որոշում է, որ վնաս չի, թող բացվի, եթե վնաս է՝ փակվի: Դրա համար ես դուրս չեմ էլ եկել, թողել եմ իրենց հույսին»:

Գնդեվազցիներից մեկի խոսքով՝ համայնքում ընդհարումներ են լինում այս անորոշությունից.

«Մենք քայլ ենք արել Փաշինյանի հետ, ընտրել ենք իրեն՝ որպես վարչապետ: Հիմա ամեն մեկը կարող է մի քայլ անի, մի բան ուզի, կլինի՞ այդպես, ասենք՝ ես էլ Լոս Անջելեսում տուն եմ ուզում, հնարավո՞ր է նման բան: Կառավարությունը պետք է ստուգի, և որը ճիշտ է, այդ քայլին էլ գնա: Այդ մարդիկ գործ են արել, ներդրում են արել, հիմա փաստի առաջ են կանգնեցնում, որ այսպես է, դա ճի՞շտ է: Թող ժամանակին դա կանխվեր, կամ, եթե նախկին Կառավարությունն է սխալ եղել, թող նրանց պատժեն, ճշտեն, որ այս մարդիկ համոզվեն, որ այստեղ արյունահեղություն չլինի»:

Գնդեվազի բնակիչներից Արմենակ Անտոնյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս հարցի միակ որոշողը Կառավարությունն է.

«Ղեկավարները պետք է որոշեն, այստեղ ո՛չ ես հանք բացող եմ, ո՛չ փակող եմ, ո՛չ էլ Ամուլսարի պոստի կանգնողներն են բացող-փակող, Նիկոլը ոնց ասեց, այդպես էլ կլինի: Հիմա Նիկոլը ո՞նց է բերետավորներին բերել-լցրել, մարդկանց ջարդում են, իրար թշնամի են սարքում, ինքն էլ կարող է դնի, սարքի, որ ես իմանամ, որ իմ խնամուս հետ թշնամի չլինեմ, հորեղբորս տղու հետ թշնամի չլինեմ:

Թող հրապարակային ասի, որ այս հանքը գոյություն չի ունենալու կամ ունենալու է: Հազար տարվա հետիս քայլող, ապրող տղերքին այսօր ռիսկ չեմ անում բարև տամ, որովհետև թշնամի ենք իրար հետ, գյուղում թշնամի ենք:

Հիմա մեզ մոտ այսպիսի մի իրավիճակ է, իմ տեղը մարդիկ գալիս որոշում են կայացնում, հեռուստատեսությամբ ելույթ են ունենում՝ Գնդեվազի համայնքը դեմ է կամ կողմ է, Ջերմուկի համայնքը դեմ է կամ կողմ է:

Գորայքի բնակիչը, որ Սյունիքի մարզում է, իմ փոխարեն ելույթ է ունենում, որ ես կամ կողմ եմ, կամ դեմ եմ: Ղեկավար ունենք, թող կանգնի հրապարակային հայտարարի, որ այսօր ոչ թե լրագրողներ գան, օրգանի աշխատողներ գան ու ջարդում-փշրում լինի, միանգամից այս հարցին լուծում տան, մենք էլ իմանանք, մյուսներն էլ իմանան, դեմն էլ, կողմն էլ իմանան, ինչը ոնց է կատարվում, թող լուծում տան այս արյունահեղությանը:

Մենք չենք ուզում ոչ մեկի հետ թշնամանք լինի, որովհետև հազար տարի այստեղ ենք ապրել ու հա էլ ապրելու ենք, հանք չլինի, Նիկոլ չլինի, ով ուզում է՝ լինի: Ես հանքում իմ գործը թողել եմ, եկել Նիկոլի համար քայլել եմ, Գնդեվազից Երևան՝ 170 կիլոմետր, կեսը՝ ավտոյով, կեսն էլ՝ ոտքով, քայլել եմ, որ Նիկոլը լինի: Ես այսօր 10 կիլոմետրի վրա ռիսկ չեմ անում գնամ Ջերմուկ հանգստանամ, որովհետև թշնամի ենք: Մեկն այնտեղից ձեռքով է անում, ասում է՝ սա «Լիդիանական» է, մեկն այնպես է: Եթե մի գործարար գար այստեղ, կասեի՝ մի գործ դիր այստեղ, թող երիտասարդներն աշխատեն:

Ընդամենը մի տղա ունեմ, 7 տարի է՝ գյուղում չի, Երևանում է, ուզում եմ տղաս իմ կողքին լինի: Մի հատ ցուլիկ եմ պահել, չեմ կարողանում ծախեմ, Նիկոլին ասեք՝ առնո՞ւմ ես, արի առ, մարդ ուղարկի, թող գան առնեն, որ ես էլ այդ գումարով խոտ առնեմ, մնացածը պահեմ, ոչ թե այսօր այնտեղ նստեն խուժան-խուժան բաներ խոսեն»:

«Աշխատում էինք, ժամանակին աշխատավարձը ստանում էինք, մեր հոգսը հոգում էինք, լավ էինք զգում, սկսել էինք նոր ապրել»

168.am-ը զրուցեց նաև Սարավան համայնքի բնակիչների հետ, նրանցից մեկի խոսքով՝ իրենց համայնքում բոլորը կողմ են, որ հանքը շահագործվի, քանի որ համայնքի երիտասարդությունն այնտեղ էր աշխատում, իսկ այսօր աշխատանք չունեն:

«Ամուլսարի հարցը շատ կարևոր է մեր երիտասարդության համար, բոլոր գյուղացիներով կողմ ենք, որ հանքը բացվի, դրանով մեր երեխաները պահում են իրենց ընտանիքը, այնտեղ ոչ մի վատ բան չկա: Լավ կլինի, որ ղեկավարությունը միջնորդի, եթե պետք է բացվի, թող բացվի, եթե խոչընդոտ կա՝ թող ձեռնամուխ լինեն և վերացնեն: Ամբողջ աշխարհում հանքեր գոյություն ունեն, եթե վնաս է՝ թող չբացեն, թող բոլոր հանքերը փակեն: Ես դիմում եմ վարչապետին, որպեսզի այդ հարցը լուծի, ես ունեմ այնտեղ աշխատող երեխաներ, բարեկամներ, այդ ճանապարհով անցնել չի լինում, ամեն օր կռիվ է լինում»,- ասաց համայնքի բնակիչներից մեկը:

Բնակիչներից մեկն էլ նշեց, որ Սարավանի բնակիչների գրեթե 99 տոկոսը կողմ է հանքի շահագործմանը, քանի որ բոլորն աշխատում էին այնտեղ.

«Կան մեջները չցանկացող՝ դա իրենց խնդիրն է: Բոլորն էլ ուզում են աշխատել և իրենց ընտանիքի կարիքները հոգան, ոչ թե գոյատևեն: Մարդ կա՝ արտագաղթում էր, հիմա դա էլ չկա, որ տեղափոխվեն, թեկուզ, Ռուսաստանի Դաշնություն, աշխատեն. մարդիկ հազիվ ապրում են, գոյատևում են: Աշխատում էինք, ժամանակին աշխատավարձը ստանում էինք, մեր հոգսը հոգում էինք, լավ էինք զգում, սկսել էինք նոր ապրել: 32 տարի այստեղ ապրել ենք, այդ տարիների նման չենք ապրել, այդ 12 տարվա ընթացքում տունն ենք վերանորոգել, մեքենա ենք գնել, ուսանող ենք պահել, հիվանդանոցի հարց ենք լուծել, մեր տան հոգսը հոգացել ենք: Լավ բաներ էլ են արել գյուղի համար՝ գազիֆիկացում, ասֆալտ, ջրագիծ, խաղահրապարակ, առողջապահական ծրագրեր և այլն»:

«Առաջին դեմքն է, կանգնում-ասում է՝ ոչ մի խնդիր չկա, ապաշրջափակեք ճանապարհները, ու դրանից հետո ինքը չի գնում իր խոսքի հետևից»

Սյունիքի մարզի Գորայք համայնքի բնակիչների խոսքով՝ իրենց գյուղն ամենամոտն է գտնվում Ամուլսարին, բայց համաձայն են, որ հանքը շահագործվի:

«Նշեմ, որ Ամուլսարը Գորայք համայնքից ուղիղ գծով գտնվում է ընդամենը մինչև 1.5 կիլոմետր հեռավորության վրա: Հանքը պետք է աշխատի, որովհետև, եթե գլոբալ մասշտաբով նայենք, երկրին շատ մեծ տնտեսական օգուտներ կբերի՝ հարկեր ենք մուծելու պետական բյուջե, աշխատատեղեր է բացվելու, կբարձրանա ժողովրդի ապրելակերպի որակը:

Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, որ անընդհատ բարձրաձայնում են այդ մասին, ուզում եմ ասեմ, որ դրանց 99 տոկոսն ուղղորդված շարժումներ են: Այդ նույն բնապահպանները կարող են արձագանքել մյուս բոլոր հանքերի աշխատանքի մասին, Սևանի մասին, խոսում են, թե կվնասվի մեր Սևանը, բայց այսօր Սևանը կանաչում է, և ոչ ոք այդ մասին չի խոսում, որովհետև պատվեր չկա»,- ասաց Գորայքի բնակիչը:

Նրա խոսքով՝ բողոքի ակցիաների ժամանակ նշվում է, թե Ջերմուկ և Գնդեվազ համայնքները դեմ են, սակայն այդ ցույցերի ժամանակ երևում է, թե նրանց ներկայացրած համայնքից քանի տոկոսն է այնտեղ.

«Եթե տոկոսային վերլուծություն անենք, ցույցի ժամանակ 500 հոգի հավաքված չէր լինի, ես նշում եմ՝ ոստիկաններին, լրագրողներին, ակտիվիստներին, Ջերմուկի և Գնդեվազի բնակիչներին: Բնակիչների 30 տոկոսը հազիվ լինեին, մնացածը քաղաքական հայտնի դեմքեր էին, որոնք՝ որտեղ ակցիա լինի, ցույց լինի, այնտեղ են, քաղաքական դիվիդենտներ են հավաքում՝ Արման Աբովյան, Արման Բաբաջանյան, ԲՀԿ-ից մի քանի հոգի, տեսանք՝ Նարեկ Մալյանը եկավ, սորոսական խմբեր եկան, և այլն:

Անընդհատ քաղաքական շահեր են հետապնդվում, ոչ մի բնապահպանական բան չկա, այդ նույն բնապահպանները, որ այդպես բարձրաձայնում են, 2018-2019 թվին Ամուլսարի տարածքում հրդեհ էր բռնկվել, այդ նույն բնապահպանները ձեռքները ծալած ոչ մի բան չեն արել այնտեղի հազարավոր տնկիները փրկելու համար, այդ ամենը տնկել էր «Լիդիանը»:

Մի խոսքով, ես այդտեղ չեմ տեսնում բնապահպանական խնդիր, բոլորն ուղղորդված շարժումներ են, նայում ես՝ որտեղ ցույց կա, այդ նույն դեմքերն են՝ էջմիածնեցի Ջիվանիկն էր, և այլն: Քաղաքական պրոցեսներ է ընդամենը, և այն քաղաքական գործիչներն էլ, որ հավաքվել էին, այն մասսան է, որ ամեն օր սրտատրոփ սպասում են, որ մի բացասական բան լինի, Փաշինյանի իշխանությունը վարկաբեկեն: Այս ամենի միակ մեղավորը մեր հարգարժան վարչապետն է, իր թողտվությամբ, պասիվ քաղաքականությամբ այս ամեն ինչը եկավ-հասավ սրան: Ինքը երկրի մասշտաբով առաջին դեմքն է, կանգնում-ասում է՝ ոչ մի խնդիր չկա, ապաշրջափակեք ճանապարհները, ու դրանից հետո ինքը չի գնում իր խոսքի հետևից: Ես միայն իրեն եմ մեղադրում, ուրիշ ոչ մեկին»:

«Նիկոլ Փաշինյանը պետք է ուժ գործադրի, չի կարելի հորդորել, հորդորելը ո՞րն է, պետք է կարմիր բերետավորները դուբինկեքով մտնեն և այդ հարցը լուծեն»

Գորայքի տարեց քաղաքացիներից Վասակ Հարությունյանը ևս նշեց, որ հարցի վերջնական լուծումը պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանը տա. «Մեր հարգարժան Նիկոլ Փաշինյանը պետք է ուժ գործադրի, չի կարելի հորդորել, հորդորելը ո՞րն է, պետք է կարմիր բերետավորները դուբինկեքով մտնեն և այդ հարցը լուծեն: Ես կոչ եմ անում մեր վարչապետին, թող այդ քայլին գնա, հնարավոր չէ այդ հարցը լուծել, նրանք չեն ենթարկվում, անպատժելիությունը ծնել է նոր արարք, նրանք չեն պատժվում, դրա համար էլ ավելի ագրեսիվ են դարձել: Բնությունը նրանց ընդհանրապես չի հետաքրքրում, դա քաղաքական ենթատեքստ ունի:

Այնտեղ այնպիսի մարդիկ կային, որ պարզապես զարմացած եմ, հայրենիքից են խոսում, ժողովրդից են խոսում, ամոթ է, ժողովրդի անունից մի՛ խոսեք, հայրենասիրությունից մի՛ խոսեք, դուք հայրենիքի դավաճաններ եք: Եթե «Լիդիան»-ը մինչ օրս աշխատեր, մենք այնքան գումար կունենային, որ կկարողանայինք զենք առնել, պատերազմական վիճակի մեջ գտնվող երկիր ենք: Այդ սարը փակողներին նորից եմ ասում՝ ինչ արել եք, հերի՛ք է, թարգե՛ք, թողեք մարդիկ ապրեն»:

Նրա խոսքով՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իրենց համայնքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել՝ շենքերի վերանորոգում, փողոցների ասֆալտապատում և այլն: Նրա խոսքով՝ համայնքի 99 տոկոսը կողմ է, որ «Լիդիան»-ը աշխատի:

«Միակ փրկությունը, որ գյուղը հետագայում ծերանոցի չվերածվի՝ հանքը բացվի՝ աշխատատեղ լինի»

Գորայք համայնքի կանացից մեկն էլ անդրադարձավ այն լուրերին, որ հանքում աշխատանքներ իրականացնելու ժամանակ փոշու ամպեր են եղել և անգամ լվացքի վրա է նստել այդ փոշին.

«Դրանք լոկ խոսակցություններ են, ինչ վերաբերում է մեր հանքն աշխատելուն, ինձ թվում է՝ պետք է աշխատի, որպեսզի գյուղացիների վիճակն ինչ-որ չափով բարելավվի: Հիմա գյուղի երիտասարդության 50 տոկոսը դուրս են եկել զուտ աշխատանք չլինելու պատճառով, իսկ դա նրանց հետ վերադարձնելու միակ ճանապարհն է: Միակ փրկությունը, որ գյուղը հետագայում ծերանոցի չվերածվի՝ հանքը բացվի՝ աշխատատեղ լինի»:

Տեսանյութեր

Լրահոս