«Խաղաղասիրությունը լավ բան է, բայց կեղծ խաղաղասիրությունը շատ մեծ արյան, դժբախտության կարող է տանել». Մհեր Հակոբյան

Օգոստոսի 6-ի կառավարության նիստում պարզ դարձավ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանրակրթության չափորոշիչների շուրջ քննարկում է եղել, և նա եկել է այն եզրահանգման, որ հանրակրթական չափորոշիչներն արտահայտում են իրենց ռազմավարական պատկերացումները, իսկ դրանք բխում են ՀՀ պետական, ազգային շահերից՝ ունենալ ուժեղ պետություն:

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ վարչապետը պաշտպանեց կրթական չափորոշիչները, բայց սա քաղաքական որոշում էր:

«Թիմի անդամին ցույց տրվեց աջակցություն, ինչը, իմ կարծիքով, կարճաժամկետ օգուտ է, երկարաժամկետ՝ վնաս: Այսինքն՝ կարճաժամկետ օգնությամբ պահպանվում է թիմի միասնությունը, բայց սխալը չընդունվեց, և երկարաժամկետ հեռանկարում այն լուրջ վնաս է հասցնելու վարչապետի վարկանիշին: Իմ շրջապատում եղած մարդկանցից շատերն էին մինչ այս պահը պաշտպանում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, սակայն այս խայտառակ չափորոշիչներից հետո կարծես թե իրենք էլ երես թեքեցին: Կարծում եմ, այս պաշտպանության երկարաժամկետ բացասական հետևանքները քաղաքական առումով լավ չի հաշվարկվել՝ զոհաբերելով դրանք կարճաժամկետ օգուտին»,- շեշտեց նա:

Իսկ թե որքանով են այս կրթական չափորոշիչները կամ գործող իշխանության ռազմավարական պատկերացումներն իրականում արտահայտում ՀՀ պետական, ազգային շահը և հանգեցնելու պետության ուժեղացմանը, Մհեր Հակոբյանն ասաց, որ հայագիտական չափորոշիչները, մասնավորապես՝ Հայոց պատմության հետ կապված, մեղմ ասած, շատ թերի են, ավելին, այս տեսքով, որով շրջանառության մեջ են դրված, կվնասի ազգային շահերին:

«Արարատյան թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ.ա 9-7-րդ դարերում, բայց երբ արդեն Հայոց պետականության մասին ենք խոսում, այդ դեպքում՝ մ.թ.ա 28-27-րդ դարերում, այսինքն՝ 2000 տարի առաջ: Եվ այս պատմությունը հիմնավորված կերպով հետ տանելով՝ լուծում ենք Արարատյան թագավորության հայկականության խնդիրը: Այս չափորոշիչների հիմնական կոնցեպտուալ թերությունը համարում եմ այն, որ Հայոց պատմությունը սկսվում է Արարատյան թագավորությունից՝ մ.թ.ա 9-րդ դարից, մինչդեռ Հայոց պետականության մասին խոսելիս՝ նշեցի մ.թ.ա 28-27-րդ դարերը, այսինքն՝ մոտ 2000 տարի դուրս է մնում. եթե մենք ունենք 5000 տարվա պատմություն, մոտ կեսը դուրս է մնում: Ավելին, սերունդ է ձևավորվելու, որի համար առաջին պետականությունը լինելու է Արարատյան թագավորությունը: Եվ սա՝ այն պայմաններում, երբ ազգայնամոլության մեջ շիկացած Թուրքիան ուզում է մեզ «ուտել» և կեղծելով պատմությունը՝ հասել է նրան, որ խեթերը թուրքեր էին, այսինքն՝ հնացնում են իրենց պատմությունը, տեղային լինելը: Կամ՝ Ադրբեջանը հասել է նրան, որ կուտիներին է համարում ադրբեջանցիների նախնիներ, որը գալիս է մ.թ.ա 3-րդ հազարամյակ: Փաստորեն, մենք անտեղի շռայլությամբ մեր պատմությունից դուրս ենք թողնում արժանիորեն և արդարացիորեն մեզ պատկանող պատմական մի լայն պլաստ»,- մանրամասնեց Մհեր Հակոբյանը:

Անդրադառնալով Թուրքիայի «Պատմություն» (History Foundation, թուրք.՝ Tarih Vakfı) հիմնադրամի, թուրք մասնագետների ու պատմաբանների հետ 2017 թ. հրատարակված և 2019 թ. վերահրատարակված «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» և 2019 թ. հրատարակված «Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» գրքերին, Մհեր Հակոբյանը պնդեց՝ այդ աշխատանքները շատ վատն են, և, որ թուրքերի և հայերի միջև համեմատություններն արված են՝ ի վնաս հայերի:

«Այսինքն՝ ի վնաս մեր պատմական հիշողության. այստեղ փորձ է արվում այս «Մեծ Եղեռնը» դարձնել պատմության թեմա, ինչպես Էրդողանն է սիրում ասել: Այսինքն՝ հանձնել այն պատմաբանների դատին, ըստ էության, զրկել մեզ մեր պատմական հիշողությունից՝ իր քաղաքական հետևանքներով, այն է՝ կորսված հայրենիք: Բացի այս, փորձ է արվում հակամիլիտարիզացնել Հայաստանը՝ ո՞վ ասաց, որ զենքը ձեռքիդ պիտի պահես: Չնայած թուրքերը Նախիջևանում զորավարժություններ են անում, չնայած տավուշյան սրացումներին, ո՞վ ասաց, որ թուրքը պիտի գա մեզ սպանի, ապրիլյան պատերազմ էլ չասաց: Այսինքն՝ գործ ունենք կեղծ խաղաղասիրության հետ: Խաղաղասիրությունը լավ բան է, ես խաղաղասեր մարդ եմ, բայց կեղծ խաղաղասիրությունը շատ վատ բան է, դա շատ մեծ արյան, դժբախտության կարող է տանել. հային ասել, որ այս պայմաններում գործող թուրքը լավն է, հա՛յ, դու թուրքի թշնամական կերպարը մի ընկալի, դա նշանակում է՝ թուլացնել հայի պաշտպանական բնազդները և մեծացնել նոր եղեռնի հավանականությունը: Եթե անցնեն հազարամյակներ, թուրքերը դառնան դանիացիների նման քաղաքակիրթ ազգ, դեմ չեմ, բայց այս պահին ունենք պատմական արյունածոր վերք, մենք իսկապես վտանգ ունենք, և այս դեպքում վնաս է հասցվում մեր ինքնապաշտպանական բնազդին»,- նշեց ռազմաքաղաքական փորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս