Փաշինյանը կորցրել է «անդառնալիության կետը»

Հայաստանում օրըստօրե խորացող քաղաքական ճգնաժամը, որը պայմանավորված է քաղաքական իշխանության ակնհայտ ձախողումներով, աստիճանաբար քաղաքական գործընթացներում բացահայտ դրսևորումներ է ունենում։ Ոչ ոքի համար գաղտնիք  չէ, որ իշխանության «գլխավոր հերոսի» համար չկա ոչ մի արգելք ու սահման․ վստահաբար կարող ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր անդառնալիության կետը և երկրաչափական պրոգրեսիայով վարկանիշային անկման ֆոնին փորձում է սեփական իշխանությունը փրկելու անհույս ջանքեր գործադրել։

Կայացած փաստ է այն իրականությունը, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջ թափով օգտագործում է ողջ վարչական ռեսուրսը, իսկ ավելի հաճախ՝ իրավական համակարգը, որպեսզի իրականացնի իր քաղաքական ամբիցիաները։

Ականատես ենք լինում, թե ինչպիսի բացահայտ քաղաքական հետապնդումների են ենթարկվում բոլոր այն քաղաքական և հասարակական գործիչները, ովքեր որևէ առումով ընդդիմանում են իշխանությունը զավթած Փաշինյանին կամ քննադատության փորձեր կատարում։

Կարծես մի տեսակ «բնավորություն» է դարձել այն իրողությունը, երբ հանդիպում ենք տարբեր քրեական գործերի ու դատական գործընթացների։ Վերջին երկու տարիների ընթացքում հանրային խոսակցականում հասարակ բնույթ է ստացել խոսել այս կամ այն նախկին իշխանավորի նկատմամբ հետապնդման կամ կալանավորման մասին։ Փաշինյանի սիրած կարգախոսը հռեոմեական «Հաց և տեսարաններ» սկզբունքն է, երբ ճգնաժամային փուլերում դիմում էր տարբեր տիպի աղմկահարույց ձերբակալությունների կամ հետապնդումների իրականացմանը։

Փաշինյանի քաղաքական ռեպրեսիաների շղթան բավական երկար է, որոնք հանրության շրջանում, ըստ էության, արդեն ոչ մի սպասելի ռեակցիա չեն առաջացնում, հակառակը՝ հաճախ մարդիկ թերահավատորեն են վերաբերվում հարուցված քրեական գործին՝ այն համարելով Փաշինյանին հաճոյանալու հերթական թատերական գործողություն։ Ի դեպ, ըստ օդում կախված լուրերի՝ երբ այս մասին զեկուցում են Նիկոլ Փաշինյանին, նա լուրջ ջղաձգումներ է ունենում։

Վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացները՝ կորոնավիրուսային համավարակը, տավուշյան մարտական գործողությունները, մի տեսակ քրեական «թայմ աութ» էին ստեղծել, ինչի արդյունքում ամեն ինչ մի տեսակ հանգիստ էր, սակայն տարբեր շրջանակներ ու վերլուծաբաններ նշում էին, որ սա լռություն է «փոթորկից առաջ»։

Ինչպես և կանխատեսվում էր՝ հերթական սկանդալային քաղաքական հետապնդումն իրեն երկար սպասեցնել չտվեց։

Ժամեր առաջ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը։

Այս ձերբակալության ինտրիգային հատվածն այն էր, որ ըստ տեղեկությունների՝ նախքան ձերբակալելն իրավապահները Նազարյանից պահաջել են հարուցված քրեական գործերից մեկով ցուցմունք տալ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը: Ըստ ամենայնի՝ Նազարյանը հրաժարվել է տալ ցուցմունք՝ պնդելով, որ իրեն առաջարկվող ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում, և ինքը չի կարող ստորագրել դրա տակ, ինչից հետո նրան ձերբակալել են:

Ստացվում է, որ հերթական անգամ «գործկարոցին» է իրականացվում, երբ անձը հրաժարվում է ցուցմունք տալ Փաշինյանի համար անցանկալի գործիչների դեմ, հենց ինքն է միանգամից դառնում նախ՝ «կասկածյալ», ապա նաև՝ «մեղադրյալ»։

Ահա նման կարգի արդարադատության և իրավական համակարգի հետ գործ ունենք «նոր» Հայաստանում։ Իսկ ընդհանուր առմամբ, անհասկանալի ու անբացատրելի է, թե ինչ ասել է՝ որևէ մեկին կասկածելով ձերբակալել։ Իրավական պրակտիկայում նման բան հնարավոր է միայն այն դեպքում, եթե ենթադրյալ հանցանքը, պայմանական ասած, հենց նոր է կատարվել, և անմիջականորեն ծագած կասկած կա, որ ենթադրյալ հանցագործը տվյալ անձն է։

Յուրաքանչյուր այլ պարզաբանումը կամ կարծիքային մեկնաբանությունն ուղղակի նողկալի են։

Իրականում ունենք հետևյալը․ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողած, հայ-ռուսական հարաբերություններն ամբողջովին պղծած, Արցախի բանակցային գործընթացը փաստացի փակուղի մտցրած և օրըստօրե վարկանիշը կորցնող Փաշինյանը հերթական տեսարանով փորձում է փրկել և որոշակի քաղաքական կյանք տալ իր ամուլ իշխանությանը, որը բոլորիս աչքի առաջ փոշիանում է։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս