«ՄԻԵԴ-ում մեր պահանջը պետության հանդեպ 30-35 մլն դոլար է լինելու». «Լիդիանի» նախկին աշխատակիցների փաստաբան

Մենք արդեն երկար ժամանակ է՝ չենք աշխատում 10 ակտիվիստների պատճառով, 2018 թվականից մեր հանքը չի գործում: Այս մասին լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց «Լիդիան» ընկերության նախկին աշխատակից Լիանա Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ մի քանի անգամ դիմել են կառավարությանը, վարչապետին, որպեսզի հասկանան, թե, ի վերջո, ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը, քանի որ հանքում մի քանի ստուգումներ են անցկացվել, և ոչ մի խախտում չի հայտնաբերվել. «Տեսնելով, որ մեր ձայնը լսելի չէ, դիմումներն ընթացք չեն ստանում, որոշել ենք՝ այն աշխատակիցները, որոնք ապօրինաբար զրկվել են իրենց աշխատանքից, դիմենք դատարան: Մեր դիմումն արդեն ընթացքի մեջ է, մեզ միացել են մոտ 100 նախկին աշխատողներ: Մենք չենք հասկանում կառավարության մոտեցումը, կառավարությունը լռո՛ւմ է, ոչինչ չի՛ անում, չի՛ արձագանքում, և վերջերս էլ տեսաք, որ Ամուլսարում եղավ քաշքշուկ ոստիկանների և, այսպես կոչված, բնապահպան ակտիվիստների միջև, և ի՞նչ ասաց ոստիկանապետը, որ ինքն աջակցում է ակտիվիստներին և ամեն հարցում իրենց կողքին է: Հիմա հարց է ծագում, այսինքն՝ այս ամենը, ինչ կատարվում է՝ կառավարության թույլտվությա՞մբ է արվում: Հիմա ինչպե՞ս հասկանանք, մեր հարցի լուծումը որտե՞ղ է լինելու, ի՞նչ պետք է անի կառավարությունը վերջապես: 2 տարվա ընթացքում մեր աշխատակիցներից շատերը ստիպված են եղել արտագաղթել: Կառավարությունն ասում է, որ այնպես պետք է անի, որ արտագաղթ չլինի, մարդիկ այստեղ բարեկեցիկ ապրեն, կներեք, բայց 2 տարվա ընթացքում մեր աշխատակիցներն իրենց բարեկեցիկ կյանքից զրկվել են, և ցավալին այն է, որ Հայաստանում ոչ մի տեղ չեն կարողանում գտնել նմանատիպ՝ լավ պայմաններով աշխատանք: Հիմա մենք չգիտենք, թե ինչ է լինելու այս հարցը, մենք աշխատելո՞ւ ենք, թե՞ ոչ, կառավարությունը կարո՞ղ է վերջնական որոշում ընդունի՝ կա՛մ աշխատում եք, կա՛մ չեք աշխատում: Կա՛մ ձեր օրինական իրավունքները վերականգնում ենք, հանքը բացվում է, քանի որ ոչ մի հիմք չկա, որ դուք չաշխատեք, կա՛մ հանքն ապօրինաբար փակվում է: Այդ դեպքում մենք էլ այլ քայլերի կգնանք և կտեսնենք, թե մեզ ինչ է սպասվում»:

«Լիդիան» ընկերության նախկին աշխատակիցների փաստաբան Արմեն Մելքումյանն  էլ լրագրողներին հայտնեց, որ 36 նախկին աշխատակիցների հայցն արդեն իսկ մուտք է արվել վարչական դատարան, առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 6-ին:

«Այս հայցին միացել են ևս 85 հոգի նախկին աշխատակիցներից, և ներկայումս ունենք մի շարք այլ նախկին աշխատակիցների դիմումներ, որպեսզի նրանք էլ միանան այս պահանջին: Պահանջը հետևյալն է, քանի որ 25 ամիս է՝ մի խումբ անձանց կողմից հանքն ապօրինի փակ է, հայցի պահանջի հիմքում դրել ենք ոստիկանության անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելը: Քանի որ 2018 թվականի հունիսի 22-ից սկսած ոստիկանությունն իր գործառույթները չի իրականացնում, չի պաշտպանում աշխատողի կողմից իր իրավունքն իրականացնելը: Չեն բացվում հանքի ճանապարհները, չեն վերացնում այդ խուլիգանությունները, չեն հետապնդվում այդ բիրտ խուլիգանական դրսևորումները, որոնք իրականացվում են նույն այդ ճանապարհն ապօրինի փակած անձանց կողմից: Սա աննախադեպ երևույթ է: Չկա որևէ երկիր, որտեղ 10-15 հոգի կարող են ապօրինաբար փակել խոշոր ներդրողի կողմից ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունքը: Կարող ենք փաստել, որ Ամուլսարին հարող տարածքում և կից համայնքներում մենք ոստիկանություն չունենք, նաև պետություն չունենք»,- ասաց Մելքումյանը:

Նրա խոսքով՝ իրենց օգտին դատական ակտ չլինելու դեպքում հնարավորություն ունեն այս հարցը ներկայացնել ՄԻԵԴ. «Այդ դեպքում, եթե հաշվենք բարձրակարգ աշխատողներին, որոնք ներկա պահին չեն կարողանում աշխատել, նրանց ստացած բարձր աշխատավարձը, մեր պահանջը պետության հանդեպ լինելու է 30-35 միլիոն դոլար»,- եզրափակեց փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս