«ՀՀ ՊՆ-ն և ԶՈւ-ն ուշադիր հետևելու են թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքին և միտումներին». Շուշան Ստեփանյան

Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ վարժանքները լինելու են մարտավարական մակարդակում:

Զորավարժությունների ընթացքում կօգտագործվեն զրահատեխնիկա, հրետանային համակարգ, ականանետ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև՝ կմասնակցեն  երկու երկրների զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Հավելենք, որ ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են 2014-ից, նախորդը եղել էր 2019-ի սեպտեմբերին՝ Ադրբեջանում:

Ինչ վերաբերում է ցամաքային զորավարժություններին, թուրք-ադրբեջանական նման համատեղ զորավարժություններ անցկացվում են սովորաբար գարնանը՝ Բաքվի զորավարժարաններից մեկում, իսկ ամռանը՝ առանձին Նախիջևանում:

168.amի հետ զրույցում «Ռազմինֆո» մասնագիտացած կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը նշեց, որ Նախիջևանում սպասվելիք թուրք-ադրբեջանական զորավարժության առանձնահատկությունն այն է, որ դրանք վերջին շրջանի տավուշյան լարվածության և դրան հետևած Թուրքիայի ագրեսիվ  արձագանքի ֆոնին են:

«Ուղղակի սպառնալիք, որ դրանք կարող են վերաճել մարտական գործողությունների, այս դեպքում հակված չեմ տեսնել: Բայց, այնուամենայնիվ, ռիսկեր պարունակում են՝ անկախ նրանից, թե այս վարժանքները պլանային են, թե արտապլանային, քանի որ ցանկացած միջոցառում, ցանկացած փորձ, որը նպաստելու է Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ներդաշնակ աշխատանքին, բնականաբար, վնաս է մեզ: Այսինքն՝ եթե մի բան օգուտ է հակառակորդին, վնաս է քեզ: Լրացնելով խոսքս՝ ասեմ, որ դատելով վերջին տարիներին Նախիջևանի առանձին համազորային բանակի, և թե Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների ուսումնասիրությանը և դրանց հիման վրա  վերլուծություններին, ապա դրանք ցույց են տալիս, որ, մեծ հաշվով, այս վարժանքներն ունեն պաշտպանողական կամ հակահարձակողական բնույթ, որտեղ խաղարկվում են պայմանական հակառակորդի ներխուժման դեպքում իրենց լեռնանցքների պաշտպանության գործողություններ: Սակայն սա չի նշանակում, որ իրենց սցենարներում չկան նաև Նախիջևանից Երևանի մերձակայքում կամ հարակից շրջաններում ենթակառուցվածքներին թիրախային հարվածներ  հասցնելու նպատակներ»,- շեշտեց Խաչիկյանը:

Մասնագետների կարծիքով, առհասարակ, ժամանակակից պայմաններում լայնամասշտաբ մարտական գործողությունների սկսումն անհնար է գաղտնի պահել, և, որ դրա անսպասելիությունն ապահովելու համար առավել շատ օգտագործում են զորավարժությունների քողի տակ զորքերի տեղաշարժը և կուտակումը որոշակի շրջաններում։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այս առնչությամբ ընդգծեց. «ՀՀ ՊՆ-ն և ԶՈւ-ն ուշադիր հետևելու են թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքին և միտումներին»:

Ռազմագետ Արկադի Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները պատասխան են ՌԴ-ին՝ Հարավային ռազմական օկրուգի կամ հայ-ռուսական համատեղ զորավարժությունների համատեքստում:

Ավելի վաղ,  ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ 102-րդ ռազմաբազայի հետ այս մեծ զորավարժությունների ընթացքում կներգրավվեն մեծ ուժեր՝ մոտավորապես մեկ գնդին հավասար ուժեր՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային և այլն։

«ՀՀ ԶՈՒ-երը ռուսական զորքերի, մասնավորապես, 102-րդ ռազմաբազայի հետ այս ընթացիկ զորավարժությունների ընթացքում ունեն համատեղ միջոցառումներ, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներն անակնկալ մարտական պատրաստության բարձր աստիճանի   բերվելու և հարավային և արևմտյան ռազմական շրջաններում զորավարժություններ սկսելու  տեղեկության հրապարակումից հետո, որը տավուշյան մարտական գործողությունների օրերին էր, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շտապ զանգել էր  ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:

«Տվյալ միջոցառումը պլանային է, և որևէ կերպ առնչություն չունի հայ-ադրբեջանական սահմանագոտում ընթացիկ իրավիճակի հետ»,- վստահեցրել էր ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Իսկ երեկ հեռախոսազրույց են ունեցել ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարները՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Պուտինը և Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում։

Արկադի Գրիգորյանը հետաքրքրական է համարում ոչ միայն հրապարակված հեռախոսազրույցի բովանդակությունը, այլև Պուտին-Էրդողան զրույցի չհրապարակված մասը:

Տեսանյութեր

Լրահոս