
Լոնդոնում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ զոհված հայ զինծառայողների

Լոնդոնի Սբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած բախումների հեևանքով զոհված հայ զինծառայողների։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նշեց, որ աղոթքները նվիրված էին խաղաղությանը և համերաշխությանը առ Հայրենիք և առաջնագծում գտնվող մեր բոլոր զինվորների պաշտպանության և անվտանգությանը:
«Այժմ, երբ յուրաքանչյուր աղոթքով պիտի մոմ վառենք Հայոց Սուրբ Նահատակաց այս Խաչքարի մոտ, և Աստծուց հայցենք խաղաղություն մեր երկրի համար, եկեք մեր ուխտը նորոգենք առ մեր հայրենին, և վերստին հաստատենք, որ մենք դեմ ենք բռնությանն ու պատերազմին: Այլև կողմնակից ենք խաղաղության, արդարության եւ համերաշխության ՝ հիշելով և հիշեցնելով, որ «Արաքսը կամուրջներ չի հանդուրժում»… խոսքեր, որ ոչ այսօր են ասուել, ոչ էլ երեկ կամ հարյուր տարի առաջ: Սրանք խոսքեր են, որ հնչել են Հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի շուրթերով առավել քան երկու հազար տարիներ առաջ, երբ աշխարհի երեսին չկային շատերի անունները»,-դիմելով ներկաներին՝ իր խոսքում նշել է թեմակալ առաջնորդը:
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների անմահ հիշատակին: Նշելով, որ վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ արձանագրվում են բռնության դեպքեր և փորձեր, Կիրակոսյանը կոչ է արել մեր հայրենակիցներին ցուցաբերել առավել զգոնություն եւ չտրվել որևէ սադրանքի:
Պատարագին հաջորդել է ՀՄԸՄ-ի երիտասարդ անդամները երթը, հայկական խաչքարի մոտ ծաղկեպսակի զետեղումը` հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին, ինչպես նաև հայկական Յարխուշտա հայրենասիրական պարի կատարումը՝ «Ախթամար» համույթի կողմից: