Սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցություն օրենքով եղել է դեռ 2015-ից. Փաշինյանի հետ աշխատող ՀՀԿ-ական նախկին մարզպետը նախկինը պակաս համակարգվա՞ծ է համարում
Իշխանությունը շրջանառության մեջ է դնում սահմանամերձ 36 բնակավայրերին սոցիալական աջակցություն նախատեսող օրենքի նախագիծ, որը բնակիչներին հնարավորություն կտա պետության կողմից անհատույց ստանալ հակառակորդի հրետակոծության հետևանքով կրած գույքային վնասները, առաջիկա երեք տարում ազատվել օրենքով նախատեսված մի շարք պարտադիր վճարներից:
Հիշեցնենք, որ դեռևս 2014-ին ՀՀ օրենք է ընդունվել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից և նախատեսված է, որ գործելու է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:
Մասնավորապես, հիշատակված օրենքում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարվում է Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
Բացի այս, ասվում է, որ «սահմանամերձ համայնքների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով օթևանից զրկվելու դեպքում բնակիչներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանի հնարավորությամբ` նույն համայնքի տարածքում»:
168.am-ը Տավուշի նախկին մարզպետ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանից փորձեց պարզել, թե ի՞նչ նոր բան պիտի արվի գործող իշխանության նախագծով, որ չի արվել նախկինում, այսինքն՝ ի՞նչ փոփոխություն է լինելու, ի՞նչ տարբերություն։
Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Տավուշի մարզպետ աշխատած Ղուլարյանը նախ ասաց, որ քննարկման է և չի կարող պատասխանել մեր հարցին, մեր պնդումից հետո, այնուամենայնիվ, պատասխանեց.
«Հիմա ավելի համակարգված է լինելու, կոնկրետ աշխատանքներ պիտի արվեն, և այդ ուղղությամբ մշակվում են որոշակի ծրագրեր»:
Հակադարձմանը՝ այն ժամանակ ևս Ադրբեջանի գործողությունների հետևանքով օթևանից զրկվելուց հետո համարժեք հատուցում է նախատեսված եղել նախկինում, նաև՝ պարտադիր վճարներից ազատում՝ օրենքով սահմանված, Ղուլարյանն արձագանքեց.
«Այն, ինչ մենք հիմա անում ենք, ավելի կոնկրետ է, ավելի ընդհանրական, բոլոր ոլորտներին վերաբերող, կոնկրետ պաշտպանական»:
Մեր առաջարկին՝ կոնկրետացնել, թե ինչ ոլորտների մասին է խոսքը, գուցե բիզնես ոլորտին աջակցությո՞ւն է նախատեսված, Ղուլարյանն ասաց, որ քննարկման է և մեր դիտարկումներին ավելի ուշ կպատասխանի՝ զանգի միջոցով:
Տավուշի գործող մարզպետ Հայկ Չոբանյանը, որը պաշտոնավարում է 2019-ի փետրվարից, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկվող նախագծին ծանոթ չէ, և խոսեց արդեն գործածության մեջ եղող արտոնությունների մասին:
«Մի քանի ուղղություն կա սահմանամերձ գոտիների հետ կապված. առաջինը վերաբերում է տնտեսվարողներին, որոնք ազատված են ավելացված արժեքի հարկից և շահութահարկից: Անցած տարի շրջանառության մեջ է դրվել նոր օրինագիծ, որը վերաբերում է եկամտային հարկի արտոնությանը, հեղինակը Հայկ Սարգսյանն է: Սահմանամերձ բնակավայրերի մասով նաև գործում է կոմունալ վճարումների մասով արտոնություններ (այն դեռևս 2014-ին ընդունված օրենքով է գործում.- Մ.Պ.): Սահմանամերձ բնակավայրերի մասով արտոնություններն այսքան են, բայց քննարկվում են մի քանի այլ տարբերակներ: Իսկ նախագծին, ճիշտն ասած, տեղյակ չեմ»:
Հարցին՝ արտոնություններ կա՞ն սահմանված սահմանամերձ գոտիներում բիզնեսի հիմնման դեպքում, քանի՞ բիզնես է հիմնվել սրա արդյունքում, քանի՞ գործարար է արձագանքել սրան, Հայկ Չոբանյանը պատասխանեց, որ կան մի շարք բիզնեսներ, որոնք գործում են սահմանամերձ գոտիներում և օգտվում են այդ արտոնություններից:
«Նախորդ տարվանից սկսած՝ իմ պաշտոնավարման ժամանակ, դիտարկել ենք մրցակցային առավելությունների հարցերը, դրանցից մեկն էլ հարկային արտոնությունների հարցն է: Բայց գտնում ենք, որ հարկային արտոնությունների ցանկը պետք է ընդլայնվի, որպեսզի տնտեսվարողներն ավելի շահագրգռված լինեն իրենց բիզնեսները տեղափոխել սահմանամերձ գոտի կամ ստեղծել նորը»,- շեշտեց Տավուշի գործող մարզպետը:
Հավելենք, որ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենք գործում էր դեռևս 2015-ի հունվարի 1-ից, որն ընդունվել էր 2014-ին, որի 3-րդ հոդվածում, մասնավորապես, ասվում էր.
«Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է, որ`
1) այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող և շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից.
2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`
ա. իրացումից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից,
բ. օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով իրենց գրանցման վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն ենթակետով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն,
գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից:
3) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության, ազատվում է արտոնագրային վճարից, իսկ այդ գործունեությունն իրականացնող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից.
4) կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեության մասով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի և սոցիալական վճարի:
Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող՝ օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կարող են հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված արտոնությունից իրենց գրանցման վայրի հարկային մարմին՝ վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից:
Արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն արտոնությունից հրաժարվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանում կարող են հաշվանցել Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեության հետ անմիջականորեն կապված՝ մինչև արտոնությունից հրաժարվելու պահն առկա միայն վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների ապրանքային մնացորդի մասով մատակարարների տրամադրած հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ մաքսային հայտարարագրերում, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում) առանձնացված և նախկինում չհաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարները»:
Այնպես որ՝ գործող իշխանությունները հեծանիվ չեն հայտնաբերում, ընդամենը գուցե զարգացնում, ընդլայնում են արդեն եղածը: