Ի՞նչ գաղափար կար Կասկադի կառուցման հիմքում, և այն ինչպե՞ս կյանքի կոչվեց
Տարիների ընթացքում փոխելով իր դիմագիծն ու բնավորությունը, այնուամենայնիվ Երևանը դեռ շարունակում է պահպանել իր պատմական-յուրահատուկ տեսքի մի փոքր կոլորիտային մասնիկը։ Այդ կոլորիտի պահպանման հիմքում Թամանյանի կատարած աշխատանքն է, որը բացառիկ է, անգին ու թանկ։ Սակայն տարիների ու տասնամյակների ընթացքում մեծ ճարտարապետի աշխատանքը դանդաղ, բայց հաստատուն տեմպերով վերացվում է։ Սակայն մնայուն ու գեղեցիկ արժեքները դեռ շարունակում են պահպանել իրենց շունչը։ Երևանի բացառիկ ու սիրված վայրերից է Կասկադը։
Համալիրի ճարտարապետական նախահեղինակ Թամանյանը Կասկադի գոյությամբ ցանկանում էր միմյանց կապել, միահյուսել քաղաքի հյուսիսային վայրերն ու կենտրոնական հատվածները։ Այդկերպ մեկ վայրում միմյանց էին միահյուսվելու բնությունը, մշակույթն ու արվեստը։ Նախագիծը մոռացվեց ինչ-ինչ պատճառներով, սակայն այն 1970-ականներին իրագործվեց ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։
Այս անգամ պատվերը եկել էր Մոսկվայից։ Կասկադը կառուցվելու էր՝ որպես Հոկտեմբերյան հեղափոխության և ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության հուշահամալիր, որը պետք է մարմնավորեր Հայաստանի արվեստը, հայ ժողովրդի վերածնունդը և նրա բարեկամությունը միության մյուս ժողովուրդների հետ։ Թեև Կասկադի 1970-ականների հիմքում Սովետական գաղափարախոսությունն էր, սակայն Հայաստանի մի շարք մտավորականներ ու քաղաքական գործիչներ գիտեին, որ այնտեղ լինելու է հայկական մշակութային կենտրոն։ Այդկերպ այն կառչած էր մնալու Թամանյանի գաղափարին, սակայն իր մեջ ներառելու էր նաև ժամանակի կնիքն ու գաղափարները։ Կար գաղափար, որպեսզի Կասկադը դառնա ազգային արվեստի կենտրոն։ Կասկադի շրջակա շենքերի առաջին հարկերը լինելու էին ցուցասրահներ, սրճարաններ, արհեստանոցներ և արվեստի փոքր հուշանվերների համար նախատեսված վաճառքի կենտրոններ։ Արվեստանոցներում պետք է ընդունվեին պատվերներ, և այդկերպ Կասկադը նպաստելու էր, որպեսզի զարգանա արվեստը, ու արվեստագետներն իրենց աշխատանքները վաճառելու խնդիր չունենային։ Սակայն թիրախում լինելու էր բարձր ու ազգային արվեստը։
Կասկադում պետք է տեղադրվեին նաև լավագույն քանդակագործների աշխատանքները։ Այդկերպ փորձ էր արվում ստեղծել մայրաքաղաքում մի կենտրոն, որը կդառնար արվեստասեր հանրության սիրելի վայրերից մեկը։ Կասկադի՝ որպես գաղափարական կառույցի հիմքում կանգնած էր Կարեն Դեմիրճյանը, ով Կասկադի կառուցման գործում ունեցավ իր հերթական մեծ ներդրումը։ Ոմանք Կասկադը սկսեցին համարել մեծ ճոխություն Երևանի համար, սակայն, երբ կարդում ենք Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հուշերը, հստակ տեսնում ենք, որ դա ամենևին էլ ճոխություն չէր արվեստասեր Երևանի համար․
«Երբ հատուկ գնում ես տեսնելու ճարտարապետական հուշարձանները, որոնք կառուցվել են ցարերի օրոք՝ Ձմեռային պալատ, Պետերհոֆ և այլ կառույցներ, շքեղություն չեն համարում։ Իսկ Հայաստանի համար Կասկադը շքեղությո՞ւն է։ Մի՞թե մենք չպետք է մեր սերունդներին թողնենք մի գեղեցիկ, մնայուն բան։ Էլ չեմ խոսում Կասկադի կարևոր գործնական նշանակության մասին, որ «Հաղթանակ» զբոսայգին և շրջակա գոտին ամենակարճ ճանապարհով կապում է մայրաքաղաքի կենտրոնի հետ… Չէ՞ որ Ֆլորենցիան աշխարհին հայտնի է ոչ միայն՝ որպես Վերածննդի օրրան, այլ նաև իր «հին կամրջով», որտեղ ներկայացված են ոսկերչական շքեղ զարդեր և իրեր, այնպես, ինչպես Տոլեդոն, որը, բացի այն, որ Սերվանտեսի հայրենիքն է, հռչակվել է նաև իր յուրահատուկ ազգային զարդերով՝ պատրաստված հասարակ ձուլվածքից։ Ֆրանսիական գավառական փոքր Վալորիս քաղաքը դարձավ եվրոպական խեցեգործության կենտրոն, ուր ամբողջ փողոցի երկարությամբ ցուցադրվում է սքանչելի գունավոր խեցե իրերի հարուստ ընտրանի, իսկ Պիկասոյի՝ կավագործի փոքրիկ արհեստանոցի պատերին պահպանվել են նրա «Պատերազմ» և «Խաղաղություն» նշանավոր որմնանկարները։ Մեզ մոտ էլ պետք է ցուցադրվեն արվեստի այդպիսի նմուշներ, որոնք կմնան յուրաքանչյուր այցելուի հիշողության մեջ»։ (Հատված Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» գրքից։ Երևան, 2018 թ., էջ 335-336)։
Դեմիրճյանի գաղափարների մեջ արդեն իսկ հստակ ուրվագծվում էր, որ Կասկադը լինելու է ազգային արվեստի մի յուրահատուկ կենտրոն։ Սակայն վրա են հասնում բարդ ժամանակները, և Կասկադի ամբողջական կառուցումն ու բացումը տեղի է ունենում 21-րդ դարում։ Արտաքին ճարտարապետական տեսանկյունից համալիրը յուրահատուկ է։ Ճարտարապետական իր դինամիկ ոճով այն յուրովի է ընդգծում քաղաքի ամենաբարձր վայրերից մեկը և իր վեհությամբ ընդգծում է համալիրի կոլորիտը։ Այն 21-րդ դարում ևս շարունակեց պահպանել նախորդ դարի գաղափարն ու ավանդույթները։ Պահպանեց, սակայն մասամբ։ Բավական է հիմա զբոսնել համալիրի տարածքով, և դժվար թե կարողանանք հստակ տեսնել ընդգծված ազգային արվեստի նմուշ։
Արվեստի նմուշները շատ են, սակայն այնտեղ չկա ազգայինը։ Ամենուր քանդակներ են, մոնումենտալ ճարտարապետական լուծումներ, բայց նրանցում չկա ազգային արվեստի դիմագիծը։ Միգուցե ժամանակակից արվեստի տեսանկյունից այն համահունչ է աշխարհին, սակայն ոչ Հայաստանին ու հայ ժողովրդին։ Մյուս կողմից՝ պետք է ուրախ լինել, որ սովետական ժամանակաշրջանում հիմք դրված հոյակերտ համալիրն ամբողջապես ոտքի կանգնեց անկախ Հայաստանում։ Այն մեր մայրաքաղաքի զարդն է ու գեղեցկությունը։ Պարզապես պետք է գիտակից լինել ու պահպանել այն, ինչ մեզ ուղարկեցին մեր մեծերը։ Չէ՞ որ Կարեն Դեմիրճյանը նախքան Կասկադի կառուցումը մտածում էր ապագայի սերունդների մասին․ «Մի՞թե մենք չպետք է մեր սերունդներին թողնենք մի գեղեցիկ, մնայուն բան»։
Զ․ Շուշեցի