Հայաստանի դիրքերը ԵԱՏՄ շուկաներում թուլանում են
Հայաստանը արտաքին առևտրի ոլորտում կորցնում է դիրքերը։ Այնպես չէ, որ նախկինում այդ դիրքերը շատ ամուր են եղել. միշտ էլ թույլ են եղել, բայց հիմա ավելի են թուլացել։
Մտահոգիչ են հատկապես ԵԱՏՄ երկրների հետ հարաբերությունները։ Հայաստանը հույս ուներ միության բազմամիլիոնանոց շուկան օգտագործել հայկական ապրանքների արտահանման և իրացման համար։ Սակայն հակառակն է ստացվում։ Հայկական ապրանքների արտահանումը ԵԱՏՄ երկրներ նվազում է։ Փոխարենը՝ մեծացել է ապրանքների ներմուծումն այդ երկրներից։ Խոսքը, իհարկե, առաջին հերթին՝ Ռուսաստանին է վերաբերում։ Բայց այնպես չէ, որ միության մյուս երկրների հետ առևտրային հարաբերություններն ավելի լավ են։
Ընդհանուր պատկերն այն է, որ ունենք ԵԱՏՄ երկրներ հայկական ապրանքների արտահանման գրեթե 14 տոկոսանոց նվազում։ Խոսքը տարեսկզբի 5 ամիսների մասին է։ Անցած տարի արտահանել էինք՝ 257 մլն դոլարի, այս տարի՝ 221 միլիոնի ապրանք։
Նվազման հիմնական մասը Ռուսաստանի բաժինն է։ Ռուսաստանը զբաղեցնում է միության անդամ երկրներ հայկական ապրանքների արտահանման ավելի քան 96 տոկոսը։
Մյուս երկրների հետ առևտրային և, առաջին հերթին՝ արտահանման հարաբերությունները շատ թույլ են։ Առայժմ հնարավոր չի լինում դրանք աշխուժացնել։
Քիչ թե շատ արտահանման ծավալ ունենք Բելառուսի հետ, բայց այստեղ էլ առևտրային հաշվեկշիռը մեր օգտին չէ։ Բելառուսական ապրանքների ներմուծումը մի քանի անգամ գերազանցում է մեր արտահանմանը։
Այս տարի Բելառուսը եղել է ԵԱՏՄ միակ երկիրը, որտեղ արտահանման ավելացում է արձանագրվել։ Նախորդ տարվա 5 մլն դոլարի դիմաց արտահանել ենք 6 միլիոնի ապրանք։ Փոխարենը՝ ներմուծումը մոտենում է 21 միլիոնի։ Այսինքն՝ 3,5 անգամով ավելի շատ բելառուսական ապրանքներ են մտել հայկական շուկա, քան հայկական ապրանքներն արտահանվել են Բելառուս։ Ունենք առևտրային հաշվեկշիռ, որը խիստ բացասական է։
Մեր երկրի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն այս տարի խորացել է հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Դա արտահայտվել է մի կողմից՝ այդ երկիր արտահանման ծավալների նվազման, մյուս կողմից՝ ներմուծման աճի տեսքով։
Պաշտոնական վիճակագրության կողմից հրապարակված վերջին տվյալներով՝ հայկական ապրանքների մատակարարումներն այս տարի կրճատվել են գրեթե 15 տոկոսով։ Նախորդ տարի եղել է 249 միլիոն, այս տարի՝ 201 մլն դոլար։ Արտահանումը նվազել է 36 միլիոնով։ Նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներմուծումներն ավելացել են 11-12 տոկոսով։ Զուտ գումարային արտահայտությամբ այն կազմել է 60 մլն դոլար։
Ստացվում է, որ մի կողմից՝ արտահանումը կրճատվել է 36 մլն դոլարով, մյուս կողմից՝ ներմուծումն ավելացել է 60 միլիոնով։ Այսինքն՝ գործ ունենք արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի բավական լուրջ խորացման հետ։ Հայաստանի շուկայում մեծացել է ռուսական ապրանքների մուտքը, իսկ հայկական ապրանքների արտահանումը կրճատվել է։
Դա ունի իր պատճառները, որոնք մի քանիսն են։ Բայց գլխավորն այս պարագայում ռուսական արժույթի թուլացումն է։
Նավթի համաշխարհային շուկայում արձանագրված գնանկումից հետո ռուբլին արագորեն արժեզրկվեց։ Այն շարունակում է արժեզրկման տիրույթում մնալ նաև հիմա, չնայած նավթի գները վերջին շրջանում հասցրել են բավական բարձրանալ։ Ռուսական ռուբլին առայժմ այնքան էլ չի արձագանքում այդ երևույթին։ Այն մնում է արժեզրկված վիճակում, ինչն այնքան էլ ձեռնտու չէ արտահանողների համար։
Ռուբլու թուլացումը խնդիրներ է ստեղծում հայկական ապրանքների մրցունակության համար։ Մյուս կողմից էլ՝ առաջանում են ֆինանսական կորուստներ։
Փոխարենը՝ ռուբլու թուլացումը մեծացնում է հետաքրքրությունները ռուսական ապրանքների ներմուծման նկատմամբ։ Դրանք ստանում են մրցակցային բավական լուրջ առավելություններ։
Հիմնականում այս գործոնի հետևանք է Հայաստանի և Ռուսաստանի առևտրային հարաբերություններում առկա պատկերը։ Բայց կան նաև այլ պատճառներ։
Հայկական ապրանքների արտահանման կրճատումը կարող էր պայմանավորված լինել նաև տնտեսության ներկա իրավիճակով։ Ռուսական շուկայի մատակարարումների հիմնական մասը բաժին է ընկնում վերամշակող արդյունաբերական ապրանքներին, որտեղ ունենք անկում։ Ու դա կարող է շարունակվել նաև առաջիկայում՝ կապված գազի գնի բարձրացման հետ։
Հայտնի է, որ հուլիսի 19-ից Հայաստանում գործում են նոր սակագները, որոնք տնտեսության համար ավելի բարձր են, քան նախկինում էին։ Խնդիրն առկա է նաև վերամշակող արդյունաբերության ոլորտում, որի համար նախկինում ստեղծվել էին սակագնային ավելի նպաստավոր պայմաններ։ Հիմա այդ պայմանները վատանում են, ինչը թուլացնում է նաև դրանց իրացման հնարավորություններն արտաքին շուկաներում։
Եթե հաշվի առնենք մի կողմից՝ ռուբլու արժեզրկման, մյուս կողմից՝ գազի թանկացման ազդեցությունը, ապա ճնշումը վերամշակող արդյունաբերության, ինչպես նաև տնտեսության այլ հատվածներում մեծանում է։ Դա վերաբերում է նաև գյուղմթերքների արտադրությանը, որոնք հանդիսանում են ռուսական շուկա մատակարարվող ապրանքների մյուս ամենախոշոր խումբը։ Խոսքն այս դեպքում վերաբերում է ջերմոցային տնտեսությանը, որի համար ևս հուլիսի 19-ից գազի սակագինը բարձրանում է։
Ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման հնարավորությունները գուցե թե մի փոքր այլ լինեին, եթե այս ընթացքում արժեզրկվեր նաև դրամը։ Սակայն Կենտրոնական բանկը նախընտրում է ազգային արժույթի կայունության պահպանումը։ Դա, իհարկե, ինքնանպատակ չէ և կապված է երկրում առկա սոցիալական իրավիճակի հետ։ Որքան էլ ազգային արժույթի թուլացումը կարող է նպաստավոր լինել տնտեսության, մասնավորապես՝ արտահանման համար, այն միևնույն ժամանակ՝ մեծացնում է սոցիալական լարվածությունը։ Ազգային արժույթի արժեզրկումը հանգեցնում է գների բարձրացման, ինչը սոցիալական ճգնաժամի պայմաններում այնքան էլ նախընտրելի չէ, որովհետև բերելու է հասարակության աղքատացման էլ ավելի խորացման։
Ահա այսպիսին է Հայաստանի տնտեսության դիրքերը ԵԱՏՄ երկրների և, հատկապես, ռուսական շուկայում։ Բայց դրա հիմնական մեղավորը մեր տնտեսական իրավիճակն է։ Թեև տարիներ շարունակ խոսում ենք արտահանման վրա հիմնված տնտեսություն ստեղծելու մասին, այնուհանդերձ այդ ուղղությամբ բավարար քայլեր չեն իրականացվում։
Արտաքին շուկաներ մատակարարումներն ընդլայնելու համար հարկավոր է մտածել, առաջին հերթին՝ ապրանքների արտադրություն կազմակերպելու մասին։ Ցավոք, Հայաստանը շատ քիչ ապրանքներ ունի, որոնք կարող է առաջարկել արտաքին շուկաներին։ Նաև դա է պատճառը, որ մեր տնտեսության արտահանելի հատվածը չի փայլում բարձր ակտիվությամբ։ Առկա է բավական մեծ բացասական առևտրային հաշվեկշիռ։ Ու եթե չլիներ հանքահումքային ապրանքների ակտիվ արդյունահանումն ու արտահանումը, ապա հիմա շատ ավելի տխուր պատկեր կունենայինք։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ