«Ուզում են ջնջել ազգային հիշողությունը». Դավիթ Գասպարյան

Բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ պետք է Հայոց լեզվի և գրականության չափորոշիչների և ծրագրերի նոր հայեցակարգին ասել՝ «ո՛չ», և ստեղծել նորը:

«Ծրագրաստեղծ նոր հանձնաժողովի մեջ պետք է ընդգրկվեն լուրջ մասնագետներ, նաև՝ մանկավարժներ, և ստեղծեն նորը: Այստեղ կան աղաղակող թերություններ, որոնց չես կարող ներողամիտ հայացքով նայել: Խուճապն ընկել է արդեն այդ խմբի մեջ, որովհետև ասում են՝ սա սևագիր է, ավելացնելու ենք: Այդպիսի լուրջ փաստաթղթի հետ նման կատակներ չի կարելի անել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գրականագետի խոսքով՝ սա արատավոր մոտեցում է ազգային արժեքների նկատմամբ. «Հեռահար նպատակն ահավոր է՝ սերունդների հիշողությունից ազգային նախադրյալները ջնջելն է»:

Նա ընդգծեց՝ հայեցակարգը կազմողներն արել են այն, ինչ հարմարեցված է նախարարության պահանջների հետ: Ինչ վերաբերում է արտասահմանյան գրականության ներկայացված ցանկին, նա ասաց, որ առաջարկվում են կարծես թե այն հեղինակները, որոնցից հայ նոր գրողները ոգևորվել են.

«Ծրագիր մտնող անունը պետք է շատ ստուգված լինի: Այնտեղ մի ճապոնացի գրողի անուն կա, հետաքրքիր է՝ Ճապոնիայում իրենց դասագրքերում ընդգրկվա՞ծ է: Ընդգրկել են Կաֆկա. նա աշխարհի մեծ գրողներից է, որը նոր ուղղություն բացեց համաշխարհային գրականության մեջ, բայց Ֆրանց Կաֆկան դժվար հաղթահարելի է անգամ մասնագետների համար, նրա ստեղծագործություններում հոգեբանական այնքան տարբեր շերտեր, բազմազանություններ կան… Հիմա մեր խեղճ երեխեքը, ովքեր ազգային արժեքները դեռ չեն յուրացրել, ո՞նց են Կաֆկա ուսումնասիրելու: Այլ առաջարկություն ունեմ՝ որոշ հեղինակների ուսումնական պլանից հանել, լրացուցիչ ընթերցանության համար հանձնարարել»:

Դավիթ Գասպարյանը նկատեց՝ ազգային արժեքներից հեռացումն ամեն տեղ խոտելի է. «Անձամբ ունեմ մի կարգախոս, դա է ինձ առաջնորդում՝ հայ, Հայաստան, հայություն՝ հայի շահ, Հայաստանի շահ, հայության շահ, եթե մի բան դեմ է դրան, ես դրան դեմ եմ»:

Գրականագետի խոսքով՝ Հայ գրականության ժամանակակից դասագրքերը աշակերտին և ուսուցչին հնարավորություն են տալիս կարդալ տվյալ գրական երկը, ինքնուրույնաբար վերլուծել և ուսուցչի ուղղորդմամբ իր գյուտերն անել.

«Հենց դրա համար նախատեսված է և այդպես էլ արվում է: Հիմա նախագիծ են դրել շրջանառության մեջ, ասում են՝ սևագրություն է: Մենք գործ ունենք փաստաթղթի հետ՝ որպես նախագիծ. Այս նախագիծը խոտելի է, արատավոր է, պետք է չեղարկել, ստեղծել նորը: Աղետը, գիտե՞ք, որտեղից է գալիս՝ աղետը գալիս է այնտեղից, որ ուզում են ջնջել ազգային հիշողությունը: Կան երկրներ, որոնք ունեն ազգային հիշողության կենտրոններ, դա հենց այն է, ինչով տվյալ ազգն իր տեղն ունի համաշխարհային արևի տակ: Ես առաջարկում եմ մեզ մոտ ստեղծել ազգային հիշողության կենտրոն՝ գիտահետազոտական ինստիտուտ: Եթե ազգը կորցրեց իր ազգային հիշողությունը, ապա թող ու փախչիր»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս