Բաժիններ՝

«Ես չեմ հասկանում` այս ի՞նչ են անում». Վահագն Սահակյան

Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հավանություն տվեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, համաձայն որի՝ տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվելու է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում։

Թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավելի, ներառյալ՝ 10 տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցները տարին մեկ անգամ տեխնիկական զննություն են անցնելու, իսկ 10-ից ավելի տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ։

Նախագծում նաև նշվում է, որ թողարկման տարեթվից հաշված՝ 4-ից ավելի տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը։

«Օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում ի հայտ եկած ՀՀ կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որևէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սեփականատիրոջ կամ տիրապետողի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»,- ասված է օրենքի փոփոխության նախագծում:

Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի կարծիքով՝ նախքան որոշումը պետք էր հասկանալ, թե ո՞րն է տաքսին:

«Ես չեմ հասկանում՝ այս ի՞նչ են անում: Նախքան դա հարկավոր է հասկանալ, թե ո՞րն է տաքսին. մինչև հիմա դա չեն սահմանել: «Յանդեքսը» դուրս է գալիս, առանց տաքսու նշանի՝ քշում է, հիմա ո՞նց իմանանք՝ դա տաքսի՞ է, պետք է տեխնիկական զննություն անցնի՞, թե՞ ոչ »,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Սահակյանը:

Նրա խոսքով՝ մեքենաները տարին մեկ տեխզննում էին անցնում, բայց դա էլ է ձևական:

«Թուղթը բանկից վերցնում ես, կուզես՝ գնա ստուգման, կուզես՝ ոչ: Կամ, որ գնում ես, ի՞նչ են ստուգում: Ես հատուկ տարել եմ իմ մեքենան՝ տեսնեմ, թե ի՞նչ են անում: Մենակ արգելակներն են ստուգել: Հա, ես իրենց գրելուն, խորհրդին չեմ նայում, իմ մեքենաները սարքում եմ, բայց մի բանը, որ ձևական է՝ դրա համար այսօր կառավարության որոշում ընդունելու իմաստը ո՞րն է: Դեռ չեն սահմանել, թե որն է տաքսին: Ես տաքսի համարում եմ այն մեքենան, որը տաքսի վարելու լիցենզիա ունի: Ո՞նց են նման օրենք ընդունում: Կամ տեխզննման մեջ ներառված է էկոլոգիայի վճար, չգիտեմ ինչեր, իսկ ո՞վ ասաց, որ 6 ամիսը մեկ մարդն ավելորդ գումարներ պետք է վճարի: Շատ-շատ 6 ամսվա համար 5000 դրամ պետք է վճարի, ինչը նախատեսված է տեխզննություն անցկացնող կենտրոնի համար: Օրինակ, իմ մեքենայի տեխզննման համար մոտ 20.000 դրամ եմ վճարում, որից 5000-ը տեխզննության գումարն է, մնացածն ի՞նչ է: Էկոլոգիայի համար էլ ենք վճարում, դա էլ մի աբսուրդ է. գազով աշխատող մեքենան ինչո՞ւ է էկոլոգիայի համար գումար վճարում, ես դա չեմ հասկանում: Իսկ ո՞վ է սահմանել, թե որ մեքենան ինչքանով է էկոլոգիային վնաս տալիս: Մեքենան տեխզննման ժամանակ պետք է գնա, չափեն արտանետումները, ըստ դրա էլ՝ վճարի վարորդը»,- նշեց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս