COVID-19. Աշխարհում վարակի հետևանքով մահերի թիվը 631.000-ից ավելին է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 15 միլիոն 415 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 631 հազարը: Ապաքինվել է ավելի քան 9 միլիոն 389 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 102 հազար 002 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 146 հազար 198 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 231 հազար 871-ի, մահերինը՝ 82 հազար 890-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 1 միլիոն 249 հազար 812, մահերինը՝ 29 հազար 998:
Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 795 հազար 038 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 848 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 12 հազար 892 մարդ:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուին շրջանցած Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 394 հազար 948 է, մահերինը՝ 5 հազար 940: Պերուն առանձնանում է 366 հազար 550 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 17 հազար 455 մարդ: 7-րդ տեղում հայտնվել է Մեքսիկան, որտեղ ընդհանուր վարակվածների թիվը 362 հազար 274 է, մահերի թիվը՝ 41 հազար 190: Մեքսիկային հաջորդում է Չիլին, որտեղ վարկվածների ընդհանուր թիվը 336 հազար 402 է: Վարակի հետևանքով մահացել է 8 հազար 722: Իսպանիան հայտնվել է 9-րդ տեղում՝ 314 հազար 631 ընդհանուր, 28 հազար 426 մահվան դեպքով: Տասնյակը եզրափակում է Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 296 հազար 377 է, մահերինը՝ 45 հազար 501:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 26-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 22-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 729, որից ապաքինվել է 78 հազար 855-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1085-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 16 մարդ: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 284 հազար 034 է, մահերինը՝ 15 հազար 074: Թուրքիան առանձնանում է 222 հազար 402 ընդհանուր, 5 հազար 545 մահվան դեպքով:
Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 258 հազար 156 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 107 հազար 871, մահերինը՝ 163: Եգիպտոսում առկա է 89 հազար 745 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 4 հազար 440 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 57 հազար 988 է, մահացածներինը՝ 342: Լիբանանում կա 3 հազար 104 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 43: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 561-ի: Վարակի հետևանքով մահացել է 32 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: