Բաժիններ՝

Դատապարտյալը բռնություն է գործադրել ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ․ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դատապարտյալի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 22:00-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնականի կողմից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:30-ին, սահմանված կարգով, քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցների հետ բացել են խցի դուռը՝ ներքին կանոնակարգի խախտման պատճառով պատժախցային և կարանտինային բաժանմունքի խցում գտնվող դատապարտյալին հասանելիք անկողնային պարագաները հանձնելու նպատակով:

Վերջինս, մոտենալով խցի դռանը, նշված պարագաները վերցնելու պահին ձեռքին եղած ածելիով անսպասելիորեն վնասվածք է պատճառել ՔԿ հիմնարկի աշխատակիցներից մեկի ձախ թիակի հետին հատվածին: Մյուս աշխատակիցը, վնասազերծելու նպատակով, փորձել է վերցնել ածելին, սակայն դատապարտյալը նույն ածելիով վնասվածքներ է պատճառել նաև նրա դեմքի և պարանոցի հատվածներում:

Շարունակելով Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրել՝ դատապարտյալը նույն ածելիով վնասել է նաև ինքն իրեն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, ՔԿ հիմնարկի աշխատակիցներին հասցված վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը հանցագործության գործիք հանդիսացող ածելին փոխանցել է վարույթն իրականացնող մարմնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս