ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները. արձանագրվել են խախտումներ
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Շիրակի մարզում ու Երևան քաղաքում: Այս մասին հաղորդագրություն թ տարածել ՀՀ կառավարությունը․
«Շիրակի մարզի Արթիկ քաղաքում իրականացված մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները մի շարք խախտումներ են արձանագրել շինանյութի խանութներում, մասամբ նաև գազալցակայաններում: Մասնավորապես բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
Գյումրիում տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: Կրկնայցեր են տեղի ունեցել նաև Երևանում՝ Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ոսկու տոնավաճառում, որտեղ նախկինում դիտարկված թերությունները՝ կապված դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների հետ, շտկված են եղել: ՇՎՏՄ-ի կողմից մշտադիտարկումները ՀՀ ողջ տարածքում շարունակվում են:
Հուլիսի 23-ին տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են նաև կասեցման աշխատանքներ Երևանում: Պարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է Գնունի փողոցում գործող շինանյութի առևտրի կետերից մի քանիսի գործունեությունը: Նշված տնտեսավարողների մոտ մշտադիտարկման ընթացքում բացակայել են սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: