«Արարատը» մեծ պատմություն ունեցող ակումբ է. Բիչախչյան
Երևանի «Արարատ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը պաշտոնապես ստանձնեց նոր պաշտոնը:
Ինչպես հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը, Մարզչական շտաբում են ընդգրկվել Ֆելիքս Խոջոյանը, Էդգար Թորոսյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը:
«Արդեն տասը տարի ես աշխատում էի «Շիրակում», որտեղ որպես ֆուտբոլիստ ևս անցկացրել եմ երկար տարիներ: Կարծում եմ, որ մարզչական գործում տասը տարին պատկառելի ժամանակահատված է, և հասունացել էր այն պահը, որ պետք էր փոփոխությունների գնալ:
Այս ամենին գումարվեց նաև այն, որ «Արարատ» ակումբից ստացա առաջարկ՝ գլխավորելու երևանյան թիմը: Վերջերս «Արարատի» գործադիր տնօրեն է դարձել Արթուր Նազարյանը, որին վաղուց եմ ճանաչում: Նազարյանի հետ ունեցանք երկար քննարկում, որից հետո կայացրի նման որոշումը: «Արարատը» մեծ պատմություն ունեցող ակումբ է, որը պետք է պայքարի ամենաբարձր արդյունքների համար: Թիմի կազմում լուրջ փոփոխություններ են իրականացվելու, ինչի մասին կխոսենք ավելի ուշ»,- ակումբի մամուլի ծառայությանն ասել է Բիչախչյանը: