Տավուշի սահմանամերձ բնակավայրերը 150 մլն դրամի վնաս են կրել. Սուրեն Պապիկյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կառավարության հերթական նիստում ներկայացրեց որոշման նախագիծ՝ Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով մեծ վնաս էր հասցվել Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի տներին։
Նախարարի խոսքով՝ հաշվարկների արդյունքում կարողացել են վեր հանել, որ շուրջ 150 մլն դրամի վնաս է հասցվել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին, ինչը ներառված է Կառավարությանը ներկայացված նախագծում։
«Առաջարկվում է հրատապության կարգով 25 մլն դրամ տրամադրել Տավուշի մարզպետարանին և գույքագրման աշխատանքային խմբի վեր հանած արդյունքների հիման վրա հնարավորություն ստեղծել արագ վերականգնել հասցված վնասը։ Առաջարկվում է գումարի մի մասը կանխավճարով հատկացնել աշխատանքը շուտափույթ սկսելու համար, որը նաև բարոյական կարևոր դեր կունենա մինչև ամբողջական և վերջնական գնահատման ավարտը։ Առաջարկվում է 2020 թվականի պետական բյուջեից՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, 25 մլն դրամ հատկացնել Տավուշի մարզպետարանին»,- կառավարության անդամներին տեղեկացրեց Սուրեն Պապիկյանը։
Նախարարի խոսքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրացրեց, որ այս փուլում պարզապես արագ նախնական գումար են հատկացնում, որպեսզի մարզում աշխատանքները սկսվեն։
«Ուզում եմ մեր հանրությանը տեղեկացնել, որ Կառավարության նախորդ դռնփակ նիստում քննարկում ունեցանք, և այդ քննարկման բովանդակությունը շատ չմանրամասնելով, ուղղակի արձանագրեմ, որ մենք ուղղակի եկանք այն եզրակացության, որ մենք սահմանապահ գյուղերի նկատմամբ հայեցակարգի փոփոխություն պետք է անենք։ Ընդհանուր առմամբ կա կամ կարող է ընկալվել, որ կա կոնտեքստ, որ այդ գյուղերը, միևնույն է, գտնվում են գնդակոծության տակ, հետևաբար՝ այնտեղ տեղի ունեցող վերականգնման աշխատանքներն արվում էին այս տրամաբանությամբ։ Պետք է տրամաբանությունը փոխենք, և սահմանապահ գյուղերը պետք է ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլև մենք ունենք այդ բնակավայրերի զարգացման կոնկրետ ռազմավարություն։ Պետք է արձանագրենք նաև, որ Հայաստանը սկսվում է սահմանապահ գյուղերից»,- ընդգծեց վարչապետը։