Բայդենը Թրամփին համարել է առաջին ռասիստ նախագահն ԱՄՆ-ի պատմության մեջ
Առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատներից առավել հվանական թեկնածու Ջոզեֆ Բայդենն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին համարել է առաջին ռասիստը, ում հաջողվել է գլխավորել Միացյալ Նահանգները: Այդ մասին հաղորդել է The Washington Post թերթը:
Հուլիսի 22-ին ընտրողների հետ առցանց-ձեւաչափով կայացած հանդիպման ժամանակ նախկին փոխնախագահը համաձայնվել է մասնակիցներից մեկի կարծիքին, որն անհանգստություն է հայտնել այն բանից, որ Թրամփը փորձում է կորոնավիրուսի հայտնվելու եւ տարածվելու հարցում մեղադրել Չինաստանին եւ կորոնավիրուսն անվանում է «չինական վիրուս»:
Բայդենը հավելել է, որ Թրամփը «մարդկանց դատում է մաշկի գույնով, ազգությամբ, ծագման երկրով, եւ դա միանգամայն նողկալի է»: «Ոչ մի գործող նախագահ երբեք դա չի արել,- հավելել է քաղաքական գործիչը:- Ո՛չ հանրապետական, ո՛չ դեմոկրատ: Մեզ մոտ եղել են ռասիստներ, եւ նրանք փորձել են դառնալ նախագահներ: Նա առաջինն է, ում դա հաջողվել է»:
Բայդենի խոսքով՝ նախագահի գործողությունները «մասնատում են երկիրը»: Հուլիսի 22-ին ավելի ուշ կայացած մամուլի ասուլիսում լրարգրողը դիմել է Թրամին՝ խնդրելով մեկնաբանել նոյեմբերյան ընտրություններում իր պոտենցիալ մրցակցի հայտարարությունները: Ի պատասխան Թրափը պնդել է, որ «ավելի շատ է արել թխամորթ ամերիկացիների համար, քան եւս որեւէ մեկը, բացառությամբ, հնարավոր է, Աբահամ Լինկոլնի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: