ՍԴ դատավորի թեկնածուի առաջին ելույթը՝ Կառավարության նիստում
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու հարցը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Կառավարությանն առաջարկեց ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։
Նիստին ներկա Վ. Ավետիսյանը Կառավարության անդամներին նախ վստահեցրեց, որ, եթե հնարավորություն տրվի իրեն դառնալու ՍԴ դատավոր, ապա պատկերացնում է, որ ապահովելու է ՍԴ-ի առավելագույն անկախությունը, ապաքաղաքականացվածությունը, անաչառությունը։
«Հաշվի առնելով մեր երկրում ձևավորված իրողությունները, նաև ապահովել ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում ՍԴ-ի դերակատարությունը։ Մենք գիտենք, որ ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքները դրանք կարծրացած կայուն կատեգորիաներ չեն։ Հասարակության զարգացման հետ մեկտեղ՝ նաև ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների նկատմամբ մոտեցումներն ապրում են էվոլյուցիա։ Ենթադրում եմ, որ Սահմանադրական դատարանը, իհարկե, հիմքում ունենալով անհատի հիմնարար իրավունքներն ու ազատությունները, պետք է գործի այդ տրամաբանությանը զուգահեռ և արդյունավետ կերպով ապահովի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներդաշնակ գործունեության ապահովումը»,- նշեց նա։
Նա նաև հավելեց, որ տեղյակ չի եղել, որ պետք է ելույթ ունենա, հետևաբար՝ ասելիքը կարող է ներկայացնել հարցերի միջոցով։
Ինչից հետո վարչապետը նրան խնդրեց ներկայացնել կենսագրությունը։
Վահրամ Ավետիսյանն ասաց, որ աշխատանքային գործունեությունը սկսել է 1999 թվականից, աշխատել է Դատախազությունում՝ որպես ավագ քննիչ։ Այնուհետև անցել է դասախոսական աշխատանքի՝ 2002 թվականից դասավանդում է ԵՊՀ-ում, այժմ զբաղեցնում է Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում