«Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ». ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին ելույթում անդրադառնալով հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ սանձազերծած ռազմական ագրեսիային՝ շեշտեց, որ  Հայաստանը դուրս եկավ  հաղթանակած։

Ըստ վարչապետի, սրանով հանդերձ, անհրաժեշտ է կատարել որոշակի հետևություններ։

«Մենք չենք կարող անտեսել այն, ինչ տեղի է ունեցել։ Չենք կարող անտեսել այն փաստը, որ 2016 թվականի ապրիլից հետո, երկրորդ անգամ Ադրբեջանն ուժ կիրառեց այն դեպքում, երբ առկա էր խաղաղ գործընթաց, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից։ Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել էր մարդկությանը պատուհասած համաշխարհային համավարակի պայքարի վրա։ Բայց և այնպես, մենք մեր դիրքորոշումը հուլիսյան հաղթական մարտերից հետո ամրապնդել ենք, և դրանք արտահայտվում են հետևյալում»,- նշեց վարչապետը։

Եվ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է առավել ամրապնդել Հայաստանի և Արցախի անվտանգության ընդհանուր համակարգը և այս տեսանկյունից կարևորեց Արցախի Հանրապետության հետ սերտ համագործակցությունը՝ այդ համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելով՝ առկա սպառնալիքներին համապատասխան։

«Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս