Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ հրաժարվում էր բանակցել Արցախի հետ. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին անդրադարձավ հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական ագրեսիային։
Վարչապետը նշեց, որ ՀՀ Զինված ուժերը ոչ միայն հետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև պատճառեցին էական վնասներ։
«Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ՝ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի մտքի և ռազմաարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է։ Շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը, և սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչն այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն արձանագրեց, որ Ադրբեջանը նախ հարձակվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, և այն դիրքերը, որոնք դարձել են վերջին երկու շաբաթների կիզակետը, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքներն իր դեմ ագրեսիայի վերաբերյալ՝ պարզապես անհեթեթ են։
«Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացում, և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ։ Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին, և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում։ Ադրբեջանի այն միֆը, թե իրենց բանակը կարող է հաղթել հայկական բանակին և, հետևաբար՝ Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան՝ հօդս ցնդեցին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում