Բաժիններ՝

ԱՄՆ-ն ավելի ակտիվ կդառնա Արկտիկայում. Պոմպեո

ԱՄՆ-ն ավելի ակտիվ կդառնա Արկտիկայում: Ինչպես փոխանցում է AP-ն, այդ մասին Դանիայի ԱԳ նախարար Ջեպե Կոֆոդի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Նա ողջունել է ԱՄՆ հյուպատոսության վերաբացումը Գրենլանդիայում` Դանիայի կիսաինքնավար տարածքում ու հայտարարել է Ֆարերյան կղզիների հետ համագործակցության նոր համաձայնագրի մասին, որը նախատեսում է կայուն ձկնորսություն և առևտրային փոխազդեցության աճ: Նրա խոսքով, սա Գրենլանդիայում Միացյալ Նահանգների համար նոր օր է:

Նուուկում ԱՄՆ հյուպատոսությունը տասը տարվա ընդմիջումից հետո հունիսին վերաբացվել է, ինչն ուշադրության է արժանացել՝ Գրենլանդիան գնելու նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրության պատճառով։

Կոֆոդն ասել է, որ Գրենլանդիան գնելու գաղափարը, որը կտրուկ մերժվել էր և ծաղրի արժանացել ինչպես Գրենլանդիայի, այնպես էլ Դանիայի պաշտոնյաների կողմից, բանակցություններում չի քննարկվել:

Դանիայի վարչապետ Մեթթե Ֆրեդերիկսենի, ինչպես նաև Գրենլանդիայի ու Ֆարերյան կղզիների ղեկավարների հետ զրույցներում Պոմպեոն ասել է, որ ինքը կարևորում է էներգետիկ անկախությունը, հատկապես՝ Ռուսաստանից:

Թրամփի վարչակազմը կտրականապես դեմ է Ռուսաստանից Գերմանիա Բալթյան ծովով «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանը, և անցած շաբաթ նախազգուշացրել է նախագծին մասնակցող ընկերություններին, որ եթե նրանք չդադարեցնեն աշխատանքը, կենթարկվեն ԱՄՆ պատժամիջոցներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս