Բաժիններ՝

Որտե՞ղ են իրենց հանգիստն անցկացնելու հայերը. որքա՞ն է հյուրանոցների 1 օրվա արժեքը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դեպի արտերկիր հանգստի մեկնող մեր հայրենակիցներից շատերն այս տարի Հայաստանում կկազմակերպեն իրենց հանգիստը, քանի որ շատ սահմաններ շարունակում են փակ մնալ:

168.am-ը կապ հաստատեց «One Way Tour»-ի աշխատակիցների հետ, հետաքրքրվեց, թե Հայաստանում ո՞ր ուղղություններն են ամենապահանջվածները:

«Ամենապահանջված ուղղությունը դեպի Հարթագյուղի մատուռն է՝ Լոռու մարզ, շատ հարցումներ ենք ունենում: Երկրորդ տեղում Դիլիջանը և Սևանն են, ակտիվ է նաև Ջերմուկի ուղղությունը, Տաթևը ևս ակտիվ է, իսկ Գյումրին մի փոքր զիջում է»,- ասաց կազմակերպության աշխատակիցը:

Նրա խոսքով՝ շատերը նաև մի քանի օրով են ցանկանում հանգստի մեկնել. «Հանգստյան տներից հիմնականում հարցնում են՝ Աղվերան, Լոռու և Տավուշի մարզ»:

Հետաքրքրվեցինք նաև հյուրանոցների առաջարկած գնացուցակից, թե արդյոք նախորդ տարիների համեմատ թանկացումներ եղե՞լ են.

«Մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել գնային համակարգում: Մեկ օրվա համար մոտավորապես 15-20 հազար դրամ կարժենա հյուրանոցում մնալը»:

168.am-ը նաև հետաքրքրվեց, թե մարդիկ հարցնո՞ւմ են՝ տվյալ հյուրանոցում կորոնավիրուսով վարակակիրներ մեկուսացվե՞լ են, թե՞ ոչ, ինչին աշխատակիցը պատասխանեց. «Չեն հետաքրքրվում նման հարցերով, բայց բոլոր տեղերում պահպանվում են կանոնները, իրականացվում են ախտահանման աշխատանքներ»:

Ներկայացնում ենք մի քանի հյուրանոցների գնացուցակները.

Աղվերան «Աղվերան Արարատ ռեզորթ» հյուրանոց- 1 օրը 37.000 դրամ, 2 անձի համար նախատեսված սենյակ + նախաճաշ + լողավազան + մարզասրահ:

Ջերմուկ «Գրանդ Ռեզորթ Ջերմուկ» հյուրանոցն առաջարկում է 3 փաթեթ՝

1) 1 օրը 2 անձի համար 40.000 դրամ, որն իր մեջ ներառում է՝ նախաճաշ + լողավազան, սաունա, ֆիթնես կենտրոն, թենիս, բիլյարդ:

2) 1 օրը 2 անձի համար 50.000 դրամ, որն իր մեջ ներառում է՝ 3-անգամյա սնունդ + լողավազան, սաունա, ֆիթնես կենտրոն, թենիս, բիլյարդ:

3) 1 օրը 2 անձի համար 60.000 դրամ, որն իր մեջ ներառում է՝ 3-անգամյա սնունդ + լողավազան, սաունա, ֆիթնես կենտրոն, թենիս, բիլյարդ + բուժական ծառայություն:

Օգոստոս ամսին նույն փաթեթները 5000-ական դրամներով կավելանան:

Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիր- 1 օրը 40.000 դրամից մինչև 100.000 դրամ՝ 2 անձի համար նախատեսված սենյակ, ներառված են ջրաշխարհի լողափի տոմսը, մարզասրահը և խաղասրահը:

Ծաղկաձոր  «GN Rest House» հյուրանոց- 1 օրը՝ 24.000 դրամ՝ 2 անձի համար նախատեսված սենյակ (ևս 2 անձ կարող է մնալ նույն համարում՝ հյուրասենյակում, գինը նույնն է մնում), ներառված է բացօթյա լողավազան, տաղավարներ, մանկական խաղահրապարակ, ավտոկայանատեղի:

Դիլիջան «Դիլիջան Պարկ Ռեզորթ»  հյուրանոցային համալիր- 1 օրվա արժեքը 2 անձի համար ստանդարտ համարում՝  24.000 դրամ, որն իր մեջ ներառում է՝ մանկական խաղահրապարակ, ժամանցի սրահ՝ թենիս, բիլյարդ և դելյուքս համար՝ 30.000 դրամ: Հյուրանոցն ունի նաև ռեստորան, որն աշխատում է  09:00-22:00:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս