«Չէի ասի, որ պաշտոնական դիրքորոշում է հայտնում, ավելի շուտ՝ ՌԴ ղեկավարության տրամադրություններն է փոխանցում». Քաղաքագետը՝ Մարգարիտա Սիմոնյանի գրառման մասին

Հայազգի ռուսաստանաբնակ  լրագրող Մարգարիտա Սիմոնյանն օրերս ֆեյսբուքյան իր գրառմամբ անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցող հայաստանյան իրադարձություններին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի թույլ տված ռազմական ագրեսիային։ Գրառումն առաջացրել է բազմաթիվ օգտատերերի զայրույթը։

Իր գրառման մեջ նա մասնավորապես գրել է. «Ի պատասխան Ռուսաստանից ստացած երկարատև բարության և պաշտպանության՝ դուք չճանաչեցիք Ղրիմը: Որովհետև դա Հայաստանի ներքին գործ է:

Բացառապես  քաղաքական վրեժխնդրությունից ելնելով` դուք նստեցրել եք Ռուսաստանի ​​դաշնակից Ռոբերտ Քոչարյանին: Նստեցրել եք հատուկ, ցուցադրաբար, թքելով ձեր «ռուս ընկերների» վրա: Որովհետև դա Հայաստանի ներքին գործ է:

Դուք ողողել եք երկիրը  հակառուսական հասարակական կազմակերպություններով, որոնք ձեր տարածքում գտնվող երիտասարդներին սովորեցնում են, թե ինչպես պետք է տապալեն ռուսական իշխանությունները: Դուք դարձել եք Կովկասում հակառուսական ուժերի ցատկահարթակ: Որովհետև դա Հայաստանի ներքին գործ է:

Դուք վռնդել եք Ռուսաստանի հայ գործարարներին: Դուք Ռուսաստանի հետ որևէ կապ չունեք: Որովհետև դա Հայաստանի ներքին գործ է:

Ձեր լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը ամեն ժամ սևացնում են Ռուսաստանին, Պուտինին, բոլոր նրանց, ովքեր սատարում են Պուտինին, հատկապես ռուսաստանցի հայերը (օրինակ՝ ես): Դուք անբախտ, արդեն անհետացող հայ ժողովրդին բաժանեցիք թշնամիների՝ ռուս հայերի և «իսկականների», ովքեր պաշտպանում են ձեր ժամանակավոր ուժին: Որովհետև դա Հայաստանի ներքին գործ է»:

168.am-ը թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

– Պարոն Դանիելյան, Մարգարիտա Սիմոնյանի վերջին հայտնի գրառումը, նախ՝ ինչի՞ հետևանք էր, և արդյո՞ք դրանով նա հայտնում էր ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշումը։

– Ես չէի ասի, որ պաշտոնական դիրքորոշում է հայտնում, ավելի շուտ՝ Ռուսաստանի ղեկավարության տրամադրություններն է փոխանցում և դա արել է էմոցիոնալ կերպով: Դա էլ է կարելի հասկանալ: Այլ ազգության մարդն իրեն թույլ չէր տա նման կերպ արտահայտվել, միայն նույն ազգության մարդն է կարող իրեն իրավունք վերապահել նման կերպ կոպիտ արտահայտվել: Ինչպես նշեցի, դա էմոցիաների պատճառով էր, իսկ էմոցիաները կան, օտարն անտարբեր կլիներ նման դեպքում:

Ռուսական մամուլում, մասնավորապես՝ Կրեմլի հետ կապված լրատվամիջոցներում, այդ ամենը բազմիցս ասվել է, այդ տրամադրություններն ակնհայտ են:

Հայաստանում կազմակերպված կերպով հակառուսական տրամադրություններ են սերմանում, դա ակնհայտ է և դա քաղաքական պատճառներ ունի, այլ հարց է, թե այդ քաղաքականությունը որտեղից է ղեկավարվում և որքանով է Հայաստանի շահերից բխում: Օրինակ, երբ Ռուսաստանն Ադրբեջանին զենք էր վաճառում (հատկապես, երբ Ս.Սարգսյանը Սահակաշվիլուն Հայաստանի մեդալով պարգևատրեց), մենք Ռուսաստանին կոպիտ կերպով մեղադրում էինք, նրանք արդարանում էին, բայց հասկանում էին, որ հիմքեր ունենք, հիմա այլ է վիճակը, տարածվող հակառուսական քարոզը Հայաստանի շահերի առումով որևէ լուրջ բացատրություն չունի:

– Առհասարակ նրա գրառման մեջ կա՞ր ճշմարտություն, թե՞ դա զուտ էմոցիաների վրա արած գրառում էր։

– Ցանկացած երկրների միջև կարող են խնդիրներ ու հակասություններ առաջանալ: Դա բնականոն երևույթ է, և դա կարող է լինել Ռուսաստանի ու Հայաստանի միջև: Սակայն կան հակասություններ, որոնք հիմնավորված չեն։ Օրինակ, երբ Հայաստանի պետական պաշտոնյաները, մասնավորապես՝ Հանրային խորհրդի նախագահը, պատգամավորները և այլ բարձրաստիճան անձեր օգտագործում են «պուտլեր», «ռուսուլման», «Պուտինյան Ռուսաստան» և նմանատիպ այլ արտահայտություններ, ապա դա դիտվում է՝ որպես թշնամության դրսևորում։ Պատկերացրեք, որ Հայաստանի ու Փաշինյանի մասին Ռուսաստանի պաշտոնյաները նման արտահայտություններ օգտագործեին, դա ինչպես կընդունվեր մեզ մոտ։ Դա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ մենք խնդիրներ կամ փոխադարձ պրետենզիաներ չենք կարող ունենալ, բայց կան դրանք արտահայտելու ձևեր, խնդիրները լուծելու եղանակներ։ Կարծում եմ, որ Սիմոնյանի գրածում կան խորհելու և հետևություններ անելու պահեր։

– Հայաստանի հասարակությունը կոշտ արձագանքեց այդ գրառմանը, նույնիսկ առաջարկեցին, որ Մ. Սիմոնյանն ազգանունը փոխի Ալիևա, արդյո՞ք պետք էր այդքան հեռուն գնալը։

– Իսկ կոչ անողներն ովքեր են։ Կան ազնիվ մարդիկ, որոնք վիրավորվել են, դա հասկանալի է, կան նաև մարդիկ, որոնց ազգանվան «յանը» նմանապես խնդրահարույց է։ Առհասարակ դա հայկական սոցցանցերի վերջին տարիների դրսևորումներից է՝ անհանդուրժողականություն, ինտելեկտի ցածր մակարդակ։ Դա, ցավոք, իրողություն է։ Հայհոյանքները դարձել են սովորական երևույթ։ Ինչ ասես, երբ նման վարքի ամենավառ օրինակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Ինչ տեսնում են, այն էլ սովորում են։

– Շատերն այդ գրառումը որակեցին՝ որպես դավաճանական, անձամբ Դուք ինչպե՞ս եք որակում այն։

– Ես առհասարակ նման բառապաշար չեմ օգտագործում։ Երբ ասվում է խոսք, ինձ առաջին հերթին հետաքրքրում է ոչ թե անձը, ով ինչ-որ բան է ասել, այլ առաջին հերթին՝ դա ինչ կարող է նշանակել, որն է դրա պատճառը, որքանով է դա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ։ Անգամ սոցցանցերի հայհոյանքները սոցիոլոգիական ուսումնասիրության թեմա են ինձ համար։ Ռուսական լավ ասացվածք կա․ «հասկանալ, նշանակում է ներել»։

Տեսանյութեր

Լրահոս