Պարտքն ավելանում է
Տարին կառավարությունը մեկնարկել է բավական ագրեսիվ պարտքային քաղաքականությամբ։ Արդեն առաջին կեսին նկատելի է պարտքի բեռի ակտիվ ավելացում։
Տարեսկզբի 6 ամիսներին Հայաստանի պետական պարտքն աճել է ևս 397 մլն դոլարով։
Դա տեղի է ունեցել՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին պարտքի հաշվին։ Ներքին պարտքն այս ընթացքում ավելացել է՝ 201 միլիոն, արտաքին պարտքը՝ 211 մլն դոլարով։ Հունիսի վերջի դրությամբ ներքին պարտքն անցել է 1 մլրդ 737 միլիոն, արտաքին պարտքը՝ 5 մլրդ 984 մլն դոլարից։
Տարվա առաջին կեսին արձանագրված ագրեսիվ պարտքային քաղաքականությունից հետո մեր երկրի ընդհանուր պարտքը հատել է 7,7 միլիարդի սահմանագիծը։ Վեց ամսում այն ավելացել է ևս 5,1 տոկոսով։
Պարտքի աճը տեղի է ունեցել բացառապես կառավարության պարտավորությունների գծով։
Կենտրոնական բանկն այս տարվա ընթացքում ոչ միայն նոր պարտք չի գեներացրել, այլև նվազեցրել է իր պարտքային պարտավորությունները։
Նախորդ տարվա վերջի 489 միլիոնի փոխարեն՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ՝ ԿԲ պարտքը կազմել է 475 մլն դոլար։ Այսինքն՝ նվազել է 14 միլիոնով։
Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտավորություններն են։ Դրանք ավելի արագ են աճել, քան ընդհանուր պարտքը։
Խոսքն այն պարտավորությունների մասին է, որոնք նստած են պետական բյուջեի վրա։ Դրանց ֆինանսական բեռը հոգում է պետական գանձարանը։ Երբ նվազում են բյուջեի եկամուտները՝ դժվարանում է պետական պարտքի սպասարկումը։ Վատանում են նաև պարտքի ցուցանիշները։
Սպասվում է, որ այս տարի պարտքի ցուցանիշները կվատանան՝ ինչպես պետական բյուջեի եկամուտների, այնպես էլ՝ ՀՆԱ նկատմամբ։ Ինչպես հայտնի է, կառավարությունը նախատեսում է լրացուցիչ առնվազն 500-550 մլն դոլարի նոր բեռ դնել պետության վրա՝ բյուջեի եկամուտների թերակատարումը ծածկելու համար։ Չնայած, որոշ գնահատումներով, հավելյալ միջոցների կարիք ևս կլինի, այնուհանդերձ դա էլ բավական է պատկերացնելու, թե այս գումարների ներգրավումից հետո ինչ տեղի կունենա պարտքը բնութագրող ցուցանիշներում։ Հայաստանի դիրքերն այս առումով էապես կթուլանան։ Ու դա կպայմանավորվի ոչ միայն՝ պարտքի բեռի ավելացմամբ, այլև՝ ՀՆԱ սպասվող նվազումով։
Հիշեցնենք, որ կառավարությունը կանխատեսել է ՀՆԱ 2 տոկոս անկում։
Թեև դա դեռ վերջին սահմանը չէ։ Նունիսկ պետական պաշտոնյաներն են սկսել հնչեցնել ավելի հոռետեսական թվեր։ Մասնավորապես, էկոնոմիկայի փոխնախարարը վերջերս խոսում էր 2,6-2,8 տոկոս անկման հավանականության մասին։ Կենտրոնական բանկն այս պահին անկումը գնահատել է 4 տոկոս, իսկ բազմաթիվ փորձագետներ խոսում են նույնիսկ տնտեսական աճի երկնիշ անկման մասին։
Որքան մեծ լինի ՀՆԱ նվազումը, այնքան կվատանան նաև պետական պարտքը բնութագրող ցուցանիշները։ Ըստ ամենայնի, այս տարի կառավարությունը կգերազանցի այն բոլոր սահմանափակումները, որոնք օրենսդրությամբ ամրագրված են պետական պարտքի ավելացման վերաբերյալ։
Չնայած այս տարի ավելի շատ միջոցներ են ներգրավվել դրսից, քան ներսից, այնուհանդերձ կառավարությունը շատ ավելի ագրեսիվ պարտքային քաղաքականություն է իրականացրել ներքին շուկայում։ 6 ամսում ներքին պարտքն ավելացել է 13 տոկոսով։ Ներքին պարտքը միգուցե նպաստավոր է տնտեսության ու ֆինանսական համակարգի համար, որովհետև գումարները վերադառնում են տնտեսության մեջ, բայց ոչ միշտ է, որ դա արդյունավետ է։ Չհաշված, որ այն բավական թանկ է նստում պետության վրա։
Ի տարբերություն ներքինի՝ արտաքին պարտքի աճը 6 ամսում կազմել է 3,6 տոկոս։ Թվում է, թե շատ մեծ չէ, բայց դա կազմում է 211 մլն դոլար։ Ի՞նչ նպատակով է ծախսվել այդ գումարը, կամ ծախսվե՞լ է, թե՞ ոչ, դժվար է ասել։
Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի խնդիրներ կան վարկային միջոցների իրացման առումով։ Կառավարությունը թերանում է ժամանակին կատարել նախատեսված աշխատանքները։ Վարկային ծրագրերը մշտապես հետ են ընկնում։ Ու դրա հետևանքով երբեմն ստիպված ենք լինում նաև լրացուցիչ գումարներ վճարել՝ չօգտագործված միջոցների դիմաց։
Նման խնդիրների հետ կապված վերջերս կառավարությունը ստիպված եղավ հրաժարվել ատոմակայանին տրված ռուսական 300 մլն դոլարի գրեթե 40 տոկոսից։ Պատճառն այն էր, որ չէր կարողացել տեղավորվել վարկային համաձայնագրով սահմանված ժամանակացույցի մեջ։ Արդյունքում՝ վարկառուն առաջարկել էր նոր պայմաններ՝ վարկի մնացած մասի իրացման համար։ Կառավարությունը չհամաձայնեց ու հարկադրված եղավ հրաժարվել։ Հիմա ատոմակայանի վերազինման ծրագիրն ավարտին հասցնելու համար ստիպված է շատ ավելի թանկ միջոցներ ներգրավել ներքին տնտեսությունից։ Այն դեպքում, երբ այդ միջոցները, եթե այդպիսիք կան՝ կարելի էր օգտագործել այլ տնտեսական ծրագրեր իրականացնելու համար։
Իշխանափոխությունից հետո ավելի քանի 2 տարի է անցել, բայց կառավարությունը չի կարողանում կարգի բերել պետական ծախսերը։ Այն շարունակում է խնդիրներ ունենալ՝ ինչպես բյուջետային, այնպես էլ՝ վարկային միջոցների իրացման հետ կապված։
Այս պահին հայտնի են միայն տարեսկզբի 5 ամիսների տվյալները, որոնց համաձայն՝ արտաքին աղբյուրներից ներգրավվել է առաջին կիսամյակի համար նախատեսված վարկային միջոցների ընդամենը 23,8 տոկոսը։
Պարզ է, որ մնացած 1 ամսում կառավարությունը չի հասցնի ծախսել գումարի մյուս մասը։ Ու դրանք կգնան համալրելու թերակատարումների շարքը, չնայած նրան, որ ներդրումների իսպառ բացակայության պայմաններում այսօր տնտեսությունը ֆինանսական ներարկումների լուրջ կարիք ունի։ Տնտեսության մեջ ակտիվություն չկա, ու այն խթանելու հիմնական միջոցը հնարավորին շատ ներարկումներ անելն է։ Բայց դա էլ չենք կարողանում ժամանակին անել։ Զարմանալի չէ, որ տնտեսական ճգնաժամը գնալով խորանում է, իսկ սպասումները վատանում են։
Չնայած այս իրավիճակին, առաջիկայում լրացուցիչ արտաքին պարտք կներգրավվի՝ բյուջեի թերակատարումը ծածկելու համար։ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կա շուրջ 315 մլն դոլարի վերաբերյալ պայմանավորվածություն։ Առաջին փուլում կհատկացվի 280 մլն դոլարը։ Մնացածը կստացվի ավելի ուշ։
Քննարկվում է նաև այլ աղբյուրներից գումարներ ներգրավելու հնարավորությունը։ Դրանք կմտնեն պետական բյուջե՝ ավելացնելով կառավարության ու երկրի արտաքին պարտքի բեռը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ