Տիգրան Ավինյան-Ալեքսանդր Եսայան-բանկ եռանկյունին ու բարեբեր, բայց մութ գործարքի հետևանքները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԿԾՀ) հուլիսի 10-ին արտահերթ նիստում քննարկեց և թույլատրեց «ՎԵՈՆ Արմենիա»-ի ներքո հանդես եկող հեղահաղորդակցման «Բիլայն» ընկերության օտարումը «Թիմ» ՍՊԸ-ին, որի սեփականատերերը «Յուքոմ»-ից դուրս եկած Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներն են:

Դրանից մեկ օր առաջ ՀՀ ՏՄՊՊՀ նիստում էր որոշում կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Մինչ գործարքի մանրամասներին, ստվերային պայմանավորվածություններին ու շահերին անդրադառնալը՝ նախ սկսենք նախապատմությունից, որի որոշ մանրամասներ հայտնի են դարձել 168.am-ին:

Այս պատմությունը սկիզբ է առնում անցած տարեվերջից, երբ հեռահաղորդակցման Խաչատրյան ընտանիքին (ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան.- Գ.Ս.) պատկանող «Յուքոմ» ընկերությունը ցանկանում էր ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ով  հանդես եկող «Բիլայն» ընկերությունը: Այստեղ մի ուշագրավ նրբություն կա: Ըստ էության՝ երկու ընկերությունների սեփականատերերը որոշում են, որ գործարքի հաջող ելքի դեպքում ընկերության տնօրեն է դառնալու «Բիլայնի» գործող տնօրեն Անդրեյ Պյատախինը: Սրան կտրականապես դեմ է լինում այն ժամանակ «Յուքոմի» գործող տնօրեն Հայկ Եսայանը, ով մեծ աղմուկ է բարձրացնում այդ թեմայով: Հիշեցնենք, որ Հայկ Եսայանը և վերջինիս եղբայրը՝ Ալեքսանդր Եսայանը, «Յուքոմ» ընկերության 6% բաժնեմասերի սեփականատերերն են:

Այս խափանված գործարքից հետո հենց Հայկ Եսայանը հայտարարեց, որ հեռանում է «Յուքոմից», և իր հետ միասին ընկերությանը հրաժեշտ են տալու նաև մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք ապահովում են ընկերությունում տեխնիկական աշխատանքների իրականացումը:

«Այժմ 576 հոգի փաստացի դիմում է գրել, այդ թվում` գրեթե ողջ ղեկավար անձնակազմը, ղեկավարների միջին օղակը և ողջ տեխնիկական թիմը: Չնայած դրան, արդեն փաստացի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած աշխատակիցները շարունակում են անխափան պահել ծառայությունների հասանելիությունը` հատկապես հաշվի առնելով արտակարգ դրությունը երկրում և կապի կարևորությունը մեր օրերում»,- ասված էր Հայկ Եսայանի հայտարարության մեջ:

Ըստ էության կազմակերպվում էր դասական սաբոտաժ, սակայն իր տեսակի մեջ կառավարելի այն առումով, որ ինչ պետք է լինում Հայկ Եսայանին, արվում է, ինչը՝ ոչ, չի արվում, աշխատանքները մնում են բարձիթողի:

Այս գործընթացներին զուգահեռ՝ ակտիվանում են Գագիկ Խաչատրյանի որդիների՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների նկատմամբ հարուցված քրեական գործերը, և Եսայան եղբայրները հասկանում են, որ հասել է «ճշմարտության պահը», ու մեղք է դրանից չօգտվելը, և հայտարարում են «Յուքոմը» գնելու մտադրության մասին: Այնուամենայնիվ, «Յուքոմի» ղեկավարության հետ բանակցություններ են սկսվում ընկերությունը ձեռք բերելու վերաբերյալ, ու որպես բանակցային գին՝ առաջարկվում է 30 միլիոն դոլար գումար՝ հուսալով, որ այն ճնշումները, որոնք իշխանությունների կողմից գործադրվում են Խաչատրյանների նկատմամբ, կստիպեն վերջիններիս «ջրի գնով» վաճառել իրականում շատ ավելի թանկ արժեցող բիզնեսը:

«Ստեղծված իրավիճակը ծագել է բաժնետերերի միջև հակասությունների պատճառով: Եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5,94% բաժնետերերը, առաջարկ են արել մյուս սեփականատերերին ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը: 94,06 տոկոս բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22 մլրդ 100 մլն դրամ գումար»,- ասել էին Եսայան եղբայրները:

Ի զարմանս Եսայան եղբայրների՝ Խաչատրյան եղբայրները հրաժարվում են այդ գնով վաճառել «Յուքոմը», և այս անգամ արդեն Եսայաններն առաջարկում են շատ ավելի բարձր՝ 70 միլիոն դոլար գին, ու, բնականաբար, այստեղ հարց է առաջանում՝ իսկ որտեղի՞ց ընդամենը 6 % բաժնեմասի սեփականատեր եղբայրներին այդ ահռելի գումարը, հարցը օրակարգում է մնում մի որոշ ընթացք, սակայն դրա հոդաբաշխ պատասխանն այդպես էլ չի հնչում:

Տեղին է հիշել, որ այս ընթացքում Խաչատրյանների նկատմամբ հարուցված քրեական գործերը նոր թափ են հավաքում, սկսվում են կալանքի միջնորդություններ, հետախուզումներ և այլն: Սրան հետևում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի գրառումը, որում մասնավորապես ասվում է.

«Ինչ վերաբերում է Ucom ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե»:

Այս առնչությամբ հայտարարություն տարածեց նաև Գուրգեն Խաչատրյանը, որում հստակ ասվում էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում՝ հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։

Ինչևէ, Խաչատրյանները հրաժարվում են նաև ավելի բարձր գնով ընկերությունն օտարելուց, քանզի հստակ հասկանում են, որ այդ «քաղաքական» գործարքի արդյունքում կորցնելու են ընկերությունը և իրենց դրամական միջոցները: Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին:

Այս ամենից հետո Եսայանները հայտարարեցին «Թիմ» ՍՊԸ-ն ձևավորելու մասին:

Այստեղ մի շատ հետաքրքիր դրվագ էլ կա: Մինչև հիմա հայտնի չէ, թե ո՞ւմ թեթև ձեռքով է պարետատան՝ բջջային հեռախոսներով մարդկանց տեղորոշելու համակարգի աշխատանքները տնօրինելու իրավունքը տրվել Եսայան եղբայրներին: Մեր տեղեկություններով՝ այս աշխատանքները, պարզվում է, իրականացնում  են Հայկ Եսայանի եղբոր՝ Ալեքսանդր Եսայանի անվան հետ կապվող IUnetworks ընկերության աշխատակիցները, ում անուններն ու ընկերությունում զբաղեցրած պաշտոնները մեզ հայտնի են, բայց այս պահին չենք հրապարակում:

Ի դեպ, տեղորոշման ծրագիրն իրականացնողների ինքնության վերաբերյալ անգամ պաշտոնական հարցմանը կառավարությունը չի պատասխանել՝ նշելով, որ կամավոր հիմունքներով կատարված աշխատանքը գնում չէ, հետևաբար՝ Կառավարությունը իրավասու է հանրությանը տեղեկատվություն չտրամադրել ծրագրի հեղինակների մասին։

Գրառումը և Տիգրան Ավինյանի գրասենյակի պատասխանը՝ այս հասցեով․

Նշենք, որ սա շատ թանկ և մեծ հնարավորություններ ունեցող համակարգ է, որովհետև նույնիսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, մեծ հնարավորություններ ունենալով, նման ծավալի տվյալներ վերլուծելու հնարավորություն երբևէ չի ունեցել, իսկ IUnetworks-ը, փաստորեն, ունի: Այն աշխատում է բոլոր բջջային օպերատորների մեծ տվյալների հետ, և վայրկենաբար քարտեզագրում է հեռախոսով տեղորոշումը:

Իսկ թե ինչո՞ւ է հենց Ալեքսանդր Եսայանի ընկերությունը դա անում, կարծում ենք՝ տրամաբանական է: Վերջինս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վաղեմի մտերիմ ընկերն է, ում հետ հաճախ է հանդիպում իրեն պատկանող «Գաստրոպոլիս» սրճարանում, քննարկումներ ունենում, այդ թվում՝ թերևս, նաև «Յուքոմը» Խաչատրյաններից խլելու վերաբերյալ:

Վերադառնանք «Թիմ» ընկերությանը:

Ընկերությունը ձևավորելուց որոշ ժամանակ անց Եսայանները հայտարարում են «Բիլայնը» ձեռք բերելու և այդ նպատակով սկսված բանակցությունների մասին ու հայտ են ներկայացնում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ), որպեսզի վերջինս եզրակացություն տա, որ մրցակցություն այդ գործարքով չի խաթարվում: Քննարկումները կոմերցիոն գաղտնիքի քողի տակ ընթանում են փակ դռների հետևում, և ՏՄՊՊՀ-ն շատ արագ հաստատում է գործարքը: Տեղին է նշել, որ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ևս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերն է:

Բնականաբար, չի նշվում գործարքի արժեքը, չի խոսվում նաև այն մասին, թե որտեղից իրենց այդ գումարը, երբ դու ընդամենը եղել ես «Յուքոմի» տեխնիկական տնօրեն ու տնօրինել ես 6% բաժնեմասի:

Այստեղ տեղին է  մեջբերել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գրառումը, որում նա մասնավորապես նշել է, որ գործարքի գինը շուրջ 60 մլն դոլար է, որի վերաբերյալ «Թիմ»-ը ներկայացրել է բանկի կողմից ֆինանսավորման հաստատումը «ՎԵՈՆ»-ին։ Հնարավոր ֆինանսավորողը «Արդշինբանկն» է:

Դավիթ Խաժակյանին, սակայն, առավել հետաքրքրել էր վարկի տրամադրման ընթացակարգը, գործող նորմատիվներն ու դրանց շրջանակում «Թիմ»-ին այդ ահռելի վարկային միջոցը տրամադրելու մանրամասները:

«ՀՀ-ում ֆինանսական կազմակերպությունները փոխառություն տրամադրելիս մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն սահմանաչափ ունեն. գործընթաց, որը կարգավորվում է Կենտրոնական բանկի կողմից։ Տվյալ դեպքում «Արդշինբանկի» կողմից «Թիմ» ՍՊԸ-ին տրամադրող վարկը չպետք է գերազանցի բանկի ընդհանուր կապիտալի 20%-ը։

Փոխառուի ռիսկ ասելով՝ նկատի ունենք բանկի նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները՝ վարկ, ակրեդիտիվ, երաշխիք և այլ չմարված պարտավորություններ։

Այսպես, 31.03.2020թ. դրությամբ «Արդշինբանկի» ընդհանուր կապիտալը կազմել է շուրջ 77.5 մլրդ դրամ։ Նշված նորմատիվը մարտի դրությամբ կազմել է 17.47%։ Այսինքն՝ մարտի վերջի դրությամբ մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի գումարի չափը կազմել է 13,54 մլրդ դրամ։

Այժմ, կոնվերտացրեք 60,000,000 դոլարը դրամի ու փորձենք հասկանալ՝ ո՞ր «նորմատիվներով» է այս գործարքը կարգավորվում, քանզի եղած թվերի համադրությամբ այն էապես գերազանցում է ԿԲ սահմանվածներին։ Արդյոք այդ «նորմատիվները» ենթադրում են որևէ «բարերարի» երաշխիք կամ պետական պաշտոնյայի «բարի կամք»»,- գրել էր նա:

Դավիթ Խաժակյանը նշել էր նաև, թե վերջապես մենք պետք է իմանանք ո՞ւմ ու ի՞նչ շահերի է ծառայելու Հայաստանի միակ ստորգետնյա ենթակառուցվածք ունեցող ու ռազմավարական նշանակության օբյեկտը։

168.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է, ըստ իրեն՝ այս գործարքի հեռահար նպատակը, Դավիթ Խաժակյանն ասաց, որ այս գործարքի համատեքստում քննարկելի է նաև այն հարցը, թե որքանո՞վ է պահպանվում մրցակցությունը, եթե Եսայանները շարունակում են դեռ որոշակի մասնաբաժին ունենալ «Յուքոմի» բաժնետոմսերում։

«Ի վերջո, չեն դադարում խոսակցություններն առ այն, որ հեռահար նպատակն այս գործարքների՝ երկու օպերատորների միավորումն է ինչ-ինչ նպատակներով, ինչը, հասկանում ենք, որ խաթարելու է ոլորտում առկա մրցակցությունը, որով իսկապես Հայաստանը հպարտանալու տեղ ունի։ Մեզ մոտ, այդ թվում և՝ Եսայանների մասնագիտական ջանքերի շնորհիվ՝ ձևավորված է եղել երեք կապի օպերատորների մրցակցություն, որի արդյունքում և նվազել են սակագները, և բարձրացել մատուցվող ծառայությունների որակը։ Իշխանությունները, անկախ իրենց քաղաքական նկատառումներից, պետք է զերծ պահեն ոլորտը ցնցումներից և բացառեն մրցակցության խաթարումը»,- նշեց նա:

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ յուրաքանչյուր վարկային միջոց ենթադրում է նաև բանկին ներկայացվող երաշխավորում։ Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպե՞ս են Եսայանները լուծել այս խնդիրը և ի՞նչ երաշխավորություն են ներկայացրել։

«Եթե խոսքը գնում է «Վեոն Արմենիային» պատկանող գույքը և կապի օպերատորը գրավադրելու մասին, ապա պետք է հասկանալ՝ ինչպիսի՞ն է պետության վերաբերմունքն այս կապակցությամբ։ Մենք գիտենք, որ երբեմնի «ԱրմենՏելն» ուներ բազմաթիվ շենք-շինություններ, ֆիքսված հեռախոսակապի ենթակառուցվածքներ և, վերջապես, այն միակ կապի օպերատորն է, որն ունի ստորգետնյա ենթակառուցվածքներ, որոնցով ապահովվում են լարային միացումները։ Սա ստրատեգիական նշանակության հարց է, և հետաքրքրական է իմանալ, արդյո՞ք այն ևս ներառվում է գրավադրման մեջ, և ինչպե՞ս են սրան վերաբերվում իշխանությունները»,- ասաց Երևանի ավագանու անդամը:

Վերջինիս պնդմամբ՝ այս հարցադրումից զատ՝ կա երկրորդ՝ ոչ պակաս խնդրահարույց գործոնը։

«Ինչպես իմ գրառման մեջ նշել եմ, գործարքը ֆինանսավորելու է «Արդշինբանկը», որը, որպես առևտրային ֆինանսական կազմակերպություն, ենթարկվում է ԿԲ սահմանած նորմատիվներին։ Բանն այն է, որ այս գործարքում ներգրավվելով՝ «Արդշինբանկը» գերազանցում է մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն սահմանաչափը, որը ԿԲ նորմատիվներով՝ 20% է։ Կարծում եմ՝ նման բան, առանց ԿԲ և կառավարության մասնակցության՝ չէր կարող լինել, ինչից ենթադրում եմ, որ գործարքը եղել է նախապես համաձայնեցված բարձր մակարդակով»,- նկատեց Դավիթ Խաժակյանը:

Ի վերջո, ըստ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի, ՀՀ գործող իշխանությունները մշտապես խոսել են ռազմավարական նշանակության օբյեկտների մասնավորեցման, առուվաճառքի խնդիրներից, և հիմա կարծես տեղի է ունենում ռազմավարական նշանակության կապի օպերատորի սեփականատիրոջ փոփոխություն, և հանրության համար տեսանելի չէ, թե ի՞նչ միջոցներով է տեղի ունենում գնումը, և կա՞ն արդյոք շահագրգիռ անձինք կառավարությունում։

«Սա հարցի առաջին կողմն է, որի լուսաբանմամբ հանրությունը պետք է ստանա բավարար տեղեկատվություն և լիարժեք ճանաչի գնորդներին կամ իրենց այս գործընթացում աջակցող անձանց»,- եզրափակեց Դավիթ Խաժակյանը:

Ի վերջո, ինչպե՞ս է «Արդշինբանկն» այդ չափազանց մեծ գումարը տրամադրել՝ թեպետ ոլորտում հայտնի անձանց ղեկավարությամբ իրենց գործունեությունը սկսող, բայց գործնականորեն նորաստեղծ ընկերության:

Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միջնորդությամբ «բարեկամաբար» խորհուրդ է տրվել «Արդշինբանկին»՝ Եսայաններին տրամադրել «Բիլայնը» ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը, այլապես չի բացառվում, որ նշված բանկն էլ կարող է հայտնվել ինչ-ինչ քրեական գործերի ոլորապտույտում: Որպես հիմնավորում՝ նշվել է, որ եկամտաբեր ընկերություն է լինելու, և «Արդշինբանկը» նորմալ, ժամանակացույցին համապատասխան՝ իր գումարը հետ կստանա: Բանկը, բնականաբար, տրամադրում է գումարը, գործարքն էլ, ինչպես արդեն նշեցինք, կնքվում է:

Այստեղ տեղին է հիշել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ Սիմոն Ալպետյանի գրառումն ու իր պատմությունը, ով 2018թ. իրադարձություններից ոգևորված՝ եկել է Հայաստան, փորձել ստեղծել Եսայանների կողմից հիմա արդեն այդքան թմբկահարվող ազգային օպերատոր, սակայն մերժվել է:

«Առանձնահատուկ հուզվեցի՝ «ազգային օպերատոր» բառակապակցությունը լսելիս: Այն արթնացրեց ինձ մոտ աղոտ հուշեր 2018թ. ապրիլ-մայիս ժամանակաշրջանից, երբ հեղափոխությունով ոգեշնչված՝ չվեցի Հայաստան և ներկայացրեցի ՀՀ Կառավարությանը Ազգային Օպերատորի Հայեցակարգ (կից երեք էջով): Հայեցակարգը ենթադրում էր ընկերության մեկնարկ, որտեղ մաժորիտար բաժնետեր կհանդիսանար ՀՀ Կառավարությունը, իսկ մինորիտար բաժնետերերը՝ մասնավոր անձինք: Օպերատորը ենթադրվում էր կառուցել զրոյից, վենդորի կողմից տրամադրվող վարկային տարբերակով: Հայեցակարգը նաև (ու նորից Հայկ Եսայանի հնչեցրած ձևակերպումներին համահունչ) նկարագրում էր նման նախագծի բոլոր առավելությունները. եկամուտների արտահոսքը բացառելը, ժողովրդի մասնակցությունը տնտեսական կյանքում և այլն: Մի խոսքով՝ մտքերի անհնարին ու ֆանտաստիկ ներդաշնակություն:

Ինչևիցե, զգացմունքները՝ մի կողմ: Ասեմ, որ ներկայացված Հայեցակարգը մերժվեց 12.04.2019-ին հետևյալ ձևակերպումով՝ ռադիոհաճախականությունների տիրույթը բաշխված է շարժական կապի երեք օպերատորների հաշվարկով, և նոր օպերատորի համար ռադիոհաճախականությունների ռեսուրս նախատեսված չէ (պատասխանը՝ կից երկու էջով): Այսինքն, Ազգային Օպերատորի մեկնարկի համար հանրապետությունում օդային ռեսուրս գոյություն չունի: Դա էլ պարզեցինք, համակերպվեցինք: Ու ահա, տարի անց, ունենք նոր իրավիճակ»,- գրել է Սիմոն Ալպետյանը:

Փաստորեն, «ազգային օպերատոր» ստեղծելու ազգանվեր գործի համար էլ է յուրային-ոչ յուրային տարբերակումն ակտուալ, և բոլորը չէ, որ կարող են բախտ ունենալ արժանանալ հեղափոխական կառավարության բարեհաճությանը:

Ինչպես Ջորջ Օրվելն էր ասում իր հայտնի «Անասնաֆերմայում», բոլոր կենդանիները հավասար են, սակայն որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մնացածը։

Ինչևէ, վերադառնանք գործարքի մանրամասներին: Որքան մենք ենք տեղյակ, բանկի կողմից տրամադրվող գումարի դիմաց գրավադրվում են նորաստեղծ արդեն միավորված ընկերության ենթակառուցվածքները՝ դեռևս խորհրդային ժամանակներից հայտնի հեռախոսային ենթակայանները (АТС-ները), սակայն դրանք ռազմավարական նշանակության օբյեկտներ են: Ուրեմն որքանո՞վ է ճիշտ մասնավորին ի պահ տալ ռազմավարական նշանակության օբյեկտներ: Դա նույնն է, որ բանկին ասես՝ ուզում եմ գնել ՀԷՑ-ը և հենց ՀԷՑ-ն էլ կգրավադրեմ:

Ըստ էության, ֆիքսենք, որ «Արդշինբանկը» պարտավոր է ներկայացնել, թե ինչ երաշխիքների տրամադրման պայմաններում է տրամադրում այդքան մեծ գումար: Նույնը պարտավոր է անել «Թիմ» ընկերությունը. Վերջինս, եթե թափանցիկ է աշխատում, և գործարքի հետևում մութ պայմանավորվածություններ չկան, պետք է հանրությանը տեղեկացնի, թե ի՞նչն է գրավադրում, կա՞ն, թե՞ ոչ երաշխավորներ:

168.am-ը, իհարկե, կհետևի իրադարձությունների զարգացմանը, սակայն այս պատմության մասնակիցներն իրենք պետք է առաջին հերթին շահագրգիռ լինեն գործարքի թափանցիկությունն ապահովելու հարցում, այլապես հարցերը գնալով՝ կավելանան, իսկ դրանց՝ հանրության ու ԶԼՄ-ների կողմից տրվող պատասխանները հաստատ հաճելի չեն լինի այս կասկածելի գործարքի կողմերին:

Տեսանյութեր

Լրահոս