«Զանգվածային ազատումներ չեն լինելու. մեզ իրենց ներուժն անհրաժեշտ է». Հայկ Եսայանը՝ «Բիլայնի» աշխատակիցների՝ աշխատանքը կորցնելու մտավախությունների մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԿԾՀ) այս պահին արտահերթ նիստում քննարկում է «ՎԵՈՆ Արմենիա»-ի ներքո հանդես եկող հեղահաղորդակցման «Բիլայն» ընկերության օտարման հարցը «Թիմ» ՍՊԸ-ին, որի սեփականատերերը Յուքոմից դուրս եկած Եսայան եղբայրներն են:

Երեկ տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:
Այս պահին «Բիլայնի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀԿԾՀ շենքի առջև: Նրանք մտավախություն ունեն, որ ընկերության օտարմամբ՝ իրենք աշխատանք կկորցնեն:

Օրեր առաջ աշխատակիցները նամակ էին հղել անգամ ՀՀ վարչապետին, և այսօր վերջինիս խոսնակն ասել էր, որ վարչապետը ստացել է աշխատակիցների նամակը, սակայն որևէ կերպ չի պատրաստվում միջամտել գործընթացին:

«ՎԵՈՆ Արմենիա»-ն այս պահին ունի 1800 աշխատակից:

168.am-հետ զրույցում «Բիլայնի» տնօրեն Անդրեյ Պյատախինն ասաց, որ այդ պոտենցիալ գործարքը հավանության է արժանացել արդեն ՀԾԿՀ նիստում, և ինքը ոչինչ չի կարող անել, սակայն իր համար ամենակարևորն իր աշխատակիցների շահերն են:

Լրագրողները զրուցեցին նաև Հայկ Եսայանի հետ:

«Իրականում ես ոչ մի խնդիր չեմ տեսնում ու կարող եմ իրենց հանգստացնել ու բազմիցս նշել եմ, որ ոչ մի, մանավանդ զանգվածային, ազատումներ չեն լինելու: Մեզ իրենց ներուժն անհրաժեշտ է: Իրենք բանիմաց թիմ են, 30-40 տարի ԽՍՀՄ-ից հետո այդ ընկերությունը կերտել են: Մենք ընդամենն ասում ենք, որ մարդկային ռեսուրսի կարիք ունենք և վստահ ենք, որ միասին ավելի լավ կարող ենք զարգացնել»,- ասաց Հայկ Եսայանը:

Նրա խոսքով՝ ինքը, վերջին 20 տարիներին լինելով ոլորտում, լավ գիտի, որ վերջին տարիների խնդիրը մարդկային ռեսուրսի ներգրավումն է եղել, և այդ իսկ պատճառով ինքն ընդհանրապես խնդիր չի տեսնում:

«Այսօր մենք հնարավորություն ունենք այդ մարդկային ռեսուրսն ունենալու և դրա վրա ձևավորելու նոր զարգացման ուղի ու ունենալ ավելի լավ ծառայություն»,- ասաց «Թիմ» ընկերության տնօրենը:

Նա նշում է, որ իր նորաստեղծ ընկերությունը ունի 400 աշխատակից և միացվող ընկերության աշխատակիցները համալրելու են իրենց թիմը: Ասաց նաև, որ Յուքոմից դուրս եկած 500 աշխատակիցների՝ իրենց միանալու դեպքում, «Բիլայնի» աշխատակիցներից ազատվելու հարց չի քննարկվել:

Հայկ Եսայանը չասաց նաև գործարքի գինը՝ նշելով, որ դա գաղտնիք է:

168.am-ի դիտարկմանը, թե Յուքոմի վերջին օրերի խափանումներն իրենց անվան հետ են կապվում, Հայկ Եսայանն ասաց, որ պաշտոնապես հայտարարում է, որ իրենք դրա հետ որևէ կապ չունեն և անգամ պատրաստ են եղել իրենց դիմելու դեպքում Յուքոմից դուրս եկած աշխատակիցների հետ միասին օգնել նախկին ընկերությանը:
«Թիմ» ընկերության տնօրենն ասաց նաև, որ հանդիպում լինելու է «Բիլայնի» աշխատակիցների հետ, բայց այսօր, քանի դեռ գործարքը կայացած փաստ չէ, ինքն իրավասություն չունի դա անելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս