«Հայաստանն ու Ադրբեջանը երկու տարբերակ ունեն՝ կամ պատերազմել, կամ․․․»․ Պավել Ֆելգենգաուեր
«Այն հանգամանքը, որ հայ-ադրբեջանական վերսկսված բախումները մեծ թափով ու բոլոր ուղղություններով չեն ընթանում, թույլ է տալիս ենթադրել, որ կողմերը լայնածավալ պատերազմ չեն ցանկանում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով տավուշյան սրացմանը։
Նա նշեց, որ ոչ մի կողմ չի ցանկանում լայնածավալ պատերազմ, ոչ մի կողմի ձեռնտու չէ այդ սցենարը, բայց դա գլխավոր փաստարկը չէ, քանի որ խնդիրները չափազանց շատ են։
Ֆելգենգաուերի խոսքով՝ ակնհայտ է, որ կա շատ ավելի լայնամասշտաբ գործողությունների մեծ վտանգ, քանի որ արդեն բավականին ծանր տեխնիկա է օգտագործվում, կան զոհեր, պատժիչ գործողություններ, և այլն։
«Ասել, որ սա անսպասելի զարգացում էր՝ տարօրինակ կլինի, ես մշտապես նշել եմ, որ հնարավոր է թե՛ նույնիսկ չպլանավորված, ինչո՞ւ ոչ՝ նաև իրավիճակի սխալ գնահատականի կամ իշխանությունների հետ զինվորականների չհամաձայնեցված գործողության արդյունքում պատերազմ, թե՛ լոկալ բախումներ սահմանների և շփման գծի այս կամ այն հատվածում, քանի որ դեռ չկա խաղաղ կարգավորման հեռանկար։ Ռազմական սցենարը շատ հնարավոր է դառնում, երբ հակառակորդ զորքերը կանգնած են իրար մոտ, և չկա առաջընթաց կայուն խաղաղության ուղղությամբ, ցավոք սրտի։ Ուստի այս իրավիճակում ստացվում է այնպես, որ բախումները և ռազմական սցենարներով հակամարտության ընթացքն անխուսափելի է դառնում, բայց չեմ կարող հստակ ասել, թե որքան հեռուն կարող է դա գնալ, քանի որ ղեկավարությունները չեն ցանկանում նման պատերազմ։ Շատ բարդ է նման իրավիճակում հրադադարի պահպանումը, երբ կա նաև զինտեխնիկայի ավելցուկ հակամարտության գոտում, ռազմականացված իրավիճակ, ապա այդ զենքը վաղ թե ուշ պետք է կրակի, դա այդպես է։ Այսինքն՝ այս պահին կողմերը շատ տարբերակներ չունեն՝ կամ պատերազմել, կամ շարունակել ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ կոնցեպտը»,- նման համոզմունք հայտնեց ռազմական վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ ակտիվ գործողությունների ընդհատումը կամ դրանց ոչ ակտիվ ընթացքն այս պահին ցույց է տալիս, որ արտաքին ուժերն աշխատում են, միջնորդում են, այդ թվում՝ Ռուսաստանը, և երևի թե այլ միջնորդներն ու կառույցները ևս, թեև այդ նույն միջազգային հանրությունը չի կարողացել կարգավորման ընդունելի հեռանկար առաջարկել կողմերին։
Այդ առումով, Պավել Ֆելգենգաուերի գնահատմամբ, միջազգային հանրությունն արժանի է քննադատության և դասեր չի քաղել նախորդ բախումներից։ Այսինքն, նրա որակմամբ, հակամարտող կողմերը կրկին հայտնվել են միմյանց դեմ հանդիման միայնակ, քանի որ որևէ տերություն ժամանակ չունի այս խնդրի համար։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, նրա խոսքով, Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ իր ավանդական դերակատարությունից, չի պատրաստվում աջակցել որևէ կողմի, քանի որ նրա համար կարևոր է թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը։ Այսինքն՝ Հարավային Կովկասը միասին և ոչ առանձին երկրներ, ուստի Ռուսաստանն իր ազդեցությամբ փորձում է թույլ չտալ իրավիճակի հետագա սրում։ Բնականաբար, նրա խոսքով, սա ոչ մի կողմի չի գոհացնում, բայց այսպիսին է ռուսական քաղաքականությունը։
Խոսելով ՀԱՊԿ-ի մասին, որը նախօրեին, շատ մեկնաբանների խոսքով, խայտառակ հայտարարություն տարածեց՝ հավասարության նշան դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ֆելգենգաուերն ասաց, որ Հայաստանի ակնկալիքը ՀԱՊԿ-ից բնական ու հասկանալի է։
«Բայց ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ չեն պատերազմել Ադրբեջանի դեմ»,- ասաց նա։
Մեր դիտարկմանը, թե հայտարարությունների մակարդակով նույնիսկ գործընկերները չեն կարող աջակցել Հայաստանին, և արդյոք հաշվի առնվո՞ւմ է, թե սա ինչպես է ընկալվում Հայաստանում, որը ՀԱՊԿ անդամ է, նա ասաց, որ նույնը կարող է ասել հայտարարությունների մասով, քանի որ որոշ ՀԱՊԿ երկրներ սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, ինչը բարդացնում է նրանց աջակցությունը Հայաստանին։
Հիշեցնենք, որ տավուշյան իրադարձություններից միայն երկու օր անց ՀԱՊԿ Քարտուղարությունը լուրջ անհանգստություն հայտնեց հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։
«Ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան պետությունների սահմանին իրավիճակի կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ պետություն է և վկայում է հրադադարի պայմանավորվածությունների խախտման մասին, որը ձեռք է բերվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության մակարդակում»,- նշված է հայտարարությունում։
«Ընդգծում ենք ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։ Ցավակցություն ենք հայտնում զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Ուշադրություն ենք հրավիրում, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման հասնել բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության էսկալացիա թույլ չտալու նպատակով»,- ասված էր կազմակերպության տարածած հաղորդագրությունում։