«Այդ դիրքից բավականին կարևոր ենթակառուցվածքներ է դիտարկման դաշտում պահվում». Վիտալի Մանգասարյան
Ադրբեջանի գործողություններում, մեծ առումով, առանձնահատուկ բան չկա, նրանք բազմիցս առիթ ունեցել են ապացուցելու, որ, երբ ցավոտ հարվածներ են ստանում հայկական ԶՈՒ-ի կողմից, դիմում են խաղաղ բնակավայրերի բնակչությանը «նեղացնելու» տակտիկային՝ հարվածներ հասցնելով խաղաղ բնակչությանը. 168.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը:
«Նրանց այդ պահվածքից ակնհայտ է դառնում մի բան՝ հայկական բանակի հարվածները եղել են մաքսիմում թիրախային և ցավոտ, ինչի հետևանքով նրանք ունեցել են ոչ միայն մարդկային, այլև տեխնիկական և դիրքային կորուստներ։ Այստեղ կարևոր եմ համարում ընդգծել, որ մեր հրետանային ստորաբաժանումների, այսպես ասած, «բիլյարդային» հարվածներ հասցնելու կարողությունը մի քանի անգամ մեծացել է Տավուշի թևում համապատասխան տեսադիտարկման համակարգերի տեղադրումից հետո, որոնք դարձել են հրետանու «աչքերը»։ Այսինքն՝ երբ հրետանին ունի «հեռատես աչքեր», բնականաբար, է՛լ ավելի արդյունավետ է աշխատում, ինչի արդյունքը տեսանք պաշտոնական հրապարակված տեսանյութերում։ Այդ և այլ տեխնիկական միջոցների համագործակցության շնորհիվ է, որ բանակը կարողանում է սկզբում պարզել և հետո գերճշգրիտ հարվածներ հասցնել թշնամու բարձր հրամանատարական օղակներին, գիտենք, որ ոչնչացվել են բարձրաստիճան զինվորականներ, առնվազն մեկ գեներալ և մեկ գնդապետ»,- նշեց նա:
Անդրադառնալով Տավուշի ուղղությամբ հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրք վերցնելուն կամ դիրքերի բարելավմանը, ռազմական փորձագետը կարծիք հայտնեց, որ հակառակորդի վերջին օրերին դրսևորած ագրեսիան խոսում է հենց այն մասին, որ բավականին նպաստավոր դիրքի մասին է խոսքը:
«Ենթադրում եմ՝ բավականին կարևոր ենթակառուցվածքներ է դիտարկման դաշտում պահվում այդ դիրքից (Ղարա Դաշ-Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի շրջակայքում գտնվող բարձունքն է.- Մ.Պ․): Դա է պատճառը, որ հակառակորդը մեծ ուժեր և տեխնիկական միջոցներ է կենտրոնացրել այդ դիրքերը հետ բերելու համար: Այստեղ կարևոր եմ համարում նաև մարտական գործողություններին զուգահեռ՝ այդ և այլ դիրքերի ինժեներական աշխատանքները, քանի որ ակնհայտ է, երբ դիրքերին հրետանային հարվածներ են հասցվում, ինչ-որ ենթակառուցվածքներ կարող են վնասվել, և դրանք հնարավորինս շուտ վերականգնելու անհրաժեշտություն է առաջանում, ինչը պատվով մեր տղաներն իրականացնում են: Բանակի կողմից իրականացվող բոլոր գործողությունները պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ, բոլոր ստորաբաժանումներն էլ իրենց դերակատարումն ունեն և կարևոր են։ Այս պահին պարզապես ավելի շատ, կարելի է ասել, ծանրաբեռնված են հրետանային ստորաբաժանումները: Սակայն հասկանում ենք, որ կապի, հետախուզության, թիկունքային ապահովման և այլ ստորաբաժանումների արդյունավետ համագործակցության արդյունքում է, որ կարողանում ենք այնպիսի արդյունքներ գրանցել, ինչին ականատես ենք լինում հրապարակված տեսանյութերում»,- ընդգծեց Մանգասարյանը:
Նրա կարծիքով՝ բանակը և հասարակությունը պետք է պատրաստ լինեն, քանի որ բացառել, որ այս ամենը լայնամասշտաբ գործողությունների չի վերածվի, թերևս, միամտություն է:
«Սակայն այստեղ պետք է հաշվի առնել մեկ հանգամանք. հնարավոր պատերազմի դեպքում թշնամու հիմնական հարվածի ուղղությունը լինելու է ոչ թե՝ Տավուշի հատվածը, այլ՝ Արցախը»,- եզրափակեց ռազմական փորձագետը: