Բաժիններ՝

Դեմ ենք գիտության շենքերի օտարմանը. Ստորագրահավաք՝ ի պաշտպանություն ԳԱԱ Օրգանական և Դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքային ամբողջականության պահպանման

Գիտության ոլորտի ներկայացուցիչներն իրենց ձայնն են բարձրացնում ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տարածքային ամբողջականությունը պահելու, մեջտեղի հատվածում բնակելի շենք չկառուցելու պահանջով:

Այս առիթով change.org-ում ստորագրահավաք են սկսել:

«Հայաստանում ստեղծված արտակարգ իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց գիտության կարևորությունը երկրի անվտանգության ապահովման և զարգացման հարցերում։ Ներկայումս միջազգային ճանաչում ձեռք բերելու, մրցունակ դառնալու ու զարգացմանը նպաստող նախագծեր իրականացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել գիտության և գիտնականի դերի ու նշանակության կարևորությունը մեր հասարակության շրջանակներում։ Սակայն, գիտության զարգացման հստակ ռազմավարության տեսլական չունենալը, ինչի վառ օրինակներից մեկը գիտական ինստիտուտների շենքերի օտարումն է, խիստ վտանգում է գիտության ապագան։ Գիտահետազոտական ինստիտուտներին պատկանող տարածքներն օտարվում են և հանձնվում առևտրային կազմակերպություններին, այդպիսով վտանգելով ոչ միայն տվյալ գիտահետազոտական ինստիտուտի հետագա գործունեությունը, այլև Հայաստանի գիտական ապագան։  Այսօր նման խնդրի առաջ է կանգնել ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (ՕԴՔԳՏԿ)։ Վտանգված է կենտրոնի տարածքային ամբողջականությունը և առհասարակ ապագայում կենտրոնի գոյություն ունենալու հարցը, ինչը հանգեցնելու է նաև երիտասարդ կադրերի գործազրկության՝ գիտության երիտասարդացմանը խրախուսելու փոխարեն։ Կենտրոնի օտարված տարածքում նախատեսվում է կառուցել 25 հարկանի 2 բնակելի շենք, ինչն անթույլատրելի է քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող հաստատության տարածքում: Հիմա ուզում են օտարել կանաչ գոտին, որպեսզի կարողանան կայանատեղիի համար մուտք ու ելք կառուցել:

Պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունը հստակ քայլեր ձեռնարկի գիտահետազոտական հաստատություններին պատկանող շենքերի օտարումը կանխելու համար։ Միացե՛ք ստորագրահավաքին։ Չկա՛ գիտություն, չկա՛ պետություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կենտրոնի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր Արթուր Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նամակ են պատրաստում՝ուղղված ՀՀ կառավարությանը, իսկ մինչ այդ սպասում են  կոլեկտիվի առաջարկություններին:

«Նամակն այս շաբաթվա մեջ արդեն կուղարկենք: Գիտական հաստատությունում որևէ այլ բան չի կարող լինել, դա աբսուրդ է: Այն  փակում է գիտությունը, զարգացման հեռանկարները:

Շենք է լինելու, մարդիկ են ապրելու, դա կործանման առաջին քայլն է:  Գիտության հետ կապ չունեցող շինություն չպետք է այդտեղ լինի, այդքան բան»,- նշեց Արթուր Հարությունյանը:

Հավելենք, որ հարցեր ուղղել էինք նաև կառուցապատող ընկերությանը, որի ներկայացուցիչները հայտնեցին, որ առաջիկայում կտարածեն մամլո հաղորդագրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս