Ո՞ւր մնացին «աննախադեպ» աճերը. մուտքերը չորացել են
Մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, որ իր կառավարությանը հաջողվել է հարկերի հավաքման աննախադեպ բարձր աճեր ապահովել։ Մի կողմ թողնենք այն, որ այդ աճերը բոլորովին էլ աննախադեպ չէին, նախկինում աճի շատ ավելի բարձր ցուցանիշներ էին գրանցվել. Տեսնենք, թե հիմա ի՞նչ է կատարվում բյուջեի մուտքերի առումով։
Վերջին ամիսներին բյուջեի մուտքերի հետ կապված իրավիճակն իսկապես մտահոգիչ է։ Հարկային մարմինները չեն կարողանում հավաքել փողերը։ Ճիշտ է, ՊԵԿ այլևս նախկին նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառների թվում այս հանգամանքը կարծես անտեսվեց, բայց այն ժամանակ արդեն այդ երևույթը նկատվում էր։
Հարկերի հավաքման ծավալներն էապես կրճատվել են։ Ինչպես ապրիլին, այնպես էլ մայիսին մուտքերն ավելի քիչ էին, քան նախորդ տարի էր։
Եթե նախորդ տարվա համեմատ են մուտքերը նվազել, բնականաբար, անիմաստ է խոսել այս տարվա համար նախատեսված ցուցանիշների ապահովման մասին։ Այս տարվա բյուջետային ակնկալիքները շատ ավելին էին։ Բայց հիմա նույնիսկ նախորդ տարվա մակարդակը չենք կարողանում պահել։ Ու դա բերել է նրան, որ բախվել ենք բյուջեի կատարման դժվարությունների հետ։
Չափազանց ցածր է հատկապես երկրորդ եռամսյակի կատարողականը։ Հարկային մուտքերը լրջորեն հետ են մնացել սահմանված եռամսյակային համամասնություններից։
Երկրորդ եռամսյակի համար կառավարությունը պլանավորել էր ստանալ 430 մլրդ դրամի հարկային եկամուտ։ Առայժմ հայտնի է միայն 2 ամիսների կատարողական. 2 ամիսների կատարողականը կազմել է ընդամենը 234 միլիարդ. ապրիլին հավաքվել է 151 միլիարդ, իսկ մայիսին՝ 83 մլրդ դրամ։ Ապրիլի մուտքերը նախորդ տարվանից պակաս են 15 միլիարդով, մայիսինը՝ ավելի քան 21 միլիարդով։
Ապրիլին սկսված մուտքերի նվազման տեմպը մայիսին կրկնակի խորացել է։ Եթե ապրիլին մուտքերը նախորդ տարվա համեմատ կրճատվել էին 9 տոկոսով, ապա մայիսին տարբերությունը հասել է ընդհուպ 20 տոկոսի։
Մայիսին 68 մլրդ դրամով ավելի քիչ հարկ է հավաքվել, քան ապրիլին։
Մայիսի համար կառավարությունը պլանավորել էր հավաքել 120 միլիարդ։ Բայց հավաքել է ընդամենը 83 մլրդ դրամ կամ նախատեսվածից գրեթե 31 տոկոսով պակաս։
Երկրորդ եռամսյակի պլանը կատարելու համար հունիսին պիտի հավաքվեր 196 մլրդ դրամի հարկ։ Հունիսի մուտքերի ցուցանիշը դեռ հայտնի չէ։ Փոխարենը՝ հայտնի է անցած տարվա ցուցանիշը. անցած տարվա այդ ամսին, երբ տնտեսական իրավիճակը անհամեմատ ավելի լավ էր, չհաշված տրանսպորտային միջոցների ներկրման հսկայական ծավալները, հավաքվել էր 142 մլրդ դրամ։ Այս տարի դա էլ հարցականի տակ է։
Սպասվում է, որ երկրորդ եռամսյակի հարկային մուտքերի թերակատարումը կհասնի առնվազն 50-60 մլրդ դրամի։ Այն կշարունակի ավելանալ նաև հետագա ամիսներին։
Հարկահավաքման ոլորտում առկա այս իրավիճակն առաջին հերթին տնտեսության մեջ տեղի ունեցող դրսևորումների հետևանք է։ Տնտեսության մեջ զարգացում չկա։ Նվազել են հարկման շրջանառությունները։ Խոսքն ընդհուպ 20-30 տոկոսի մասին է։ Խորանում է՝ ինչպես տնտեսության անկումը, այնպես էլ՝ սոցիալական լարվածությունը, ինչը ենթադրում է, որ առաջիկայում այդ միտումը պահպանվելու է. սպառման շրջանառությունները շարունակելու են նվազել՝ կրճատելով նաև հարկման բազան։
Տնտեսության մեջ ստվեր կա, և դրա հարկումը կարող է լրացնել բյուջեի բացը։ Բայց դրա համար այն պետք է կարողանալ բերել հարկման դաշտ։ Դրա փոխարեն՝ կառավարությունն այս տարի հարկեր-ՀՆԱ հարաբերակցության նույնիսկ նվազում է կանխատեսում, ինչը նշանակում է, որ ստվերը մի բան էլ խորանալու է։ Իսկ թե ո՞ւր մնաց ստվերային տնտեսությանը հայտարարված պատերազմը, դժվար չէ գուշակել։
Կառավարությունը ստվերի դեմ պայքարում է սեփական հայեցողությամբ և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ովքեր ընդդիմանում են իշխանություններին՝ անմիջապես հայտնվում են հարկային և իրավապահ մարմինների ուշադրության ու ստուգումների տիրույթում։ Հարկերը թաքցնելու, պետության նկատմամբ պարտավորությունները պատշաճ չկատարելու հիմնավորմամբ էլ հարուցվում են քրեական գործեր։
Արտաքուստ տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը պայքարում է ստվերի դեմ, թեև իրական նպատակը քաղաքական հակառակորդներին պատժելն է։ Պատահական չէ, որ հայտնի որոշ նախկին օլիգարխների, որոնց ժամանակին Նիկոլ Փաշինյանն օր ու արև չէր տալիս՝ մեղադրելով պետական բյուջեն թալանելու մեջ, հիմա վերցրել է իր հովանու տակ։ Կարծես նրանք այլևս նախկին «թալանչիները» չեն և այլևս չեն աշխատում ստվերում։
Զարմանալի է, որ այդքանից հետո վարչապետը խոսում է Հայաստանում մեծ ծավալների հասնող ստվերային տնտեսության առկայության մասին։
«Ամենատարբեր հաշվարկներով՝ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի: Նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի պոտենցիալը կարող էր ավելին լինել, մինչև, օրինակ՝ 400 մլրդ դրամ»,- Ազգային ժողովում անցած տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ վերջերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Որ Հայաստանում ստվերային բավական մեծ շրջանառություններ կան, նորություն չէ։ Բայց դրա պատասխանատուն կառավարությունն է, և ոչ թե՝ որևէ այլ մեկը։
Թեև պետք է ենթադրել, որ վարչապետի հայտարարած 400 մլրդ դրամի լրացուցիչ պոտենցիալը քիչ կապ չունի ստվերային տնտեսության հետ։ Նիկոլ Փաշինյանը հավանաբար ստվերը շփոթել է արտոնությունների հետևանքով առկա չհարկվող շրջանառությունների հետ։
Հայաստանի տնտեսության չհարկվող շրջանառությունը բավական մեծ է։ Այն գնահատվում է նույնիսկ 400 մլրդ դրամից ավելի։ Դա օրենքով սահմանված հարկային ու այլ արտոնությունների ֆինանսական ծանրաբեռնվածությունն է, ինչը դուրս է մնում բյուջեից։ Արտոնությունները սովորաբար տրվում են այս կամ այն ոլորտի ծանրաբեռնվածությունը թուլացնելու, խթաններ ստեղծելու և զարգացումներն արագացնելու համար։ Այլ բան, որ դրանք ոչ միշտ են ծառայում իրենց նպատակին։ Ավելին, երբեմն սողանցք են ապահովում առանձին տնտեսվարողների համար՝ հարկային արտոնյալ դաշտ մտնելու համար։
Հարկային արտոնություններից տուժում է բյուջեն։ Պետությունը գին է վճարում դրա համար։ Բայց այնպես չէ, որ արտոնությունը վերացնելուց հետո բյուջեի մուտքերն անպայման ավելանում են, առավել ևս՝ տրված արտոնության չափով։ Արտոնության վերացումից հետո երբեմն վնասներն ավելի շատ են լինում, քան օգուտները։ Այնպես որ, պետք է մտածել առաջին հերթին ոչ թե՝ հարկային արտոնություններից հրաժարվելու, այլ՝ ստվերը հարկման դաշտ բերելու մասին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ