«Իրանք իրանց պարգևատրում են, պիտի մի բան ասեն, որ մենք խելոք նստենք մեր տեղը». քաղաքացին՝ պաշտոնյաների պարգևատրումների մասին
Նոր Հայաստանում ԱԺ պատգամավորները 2019 թվականի փետրվարից մինչև 2020 թվականը փետրվարը ստացել են ավելի քան 580 մլն դրամի պարգևավճար: Այս ընթացքում էլ պատգամավորները նշում են, թե վերջին 4 ամսում պարգևավճար չեն ստացել, փոխանցել են կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին:
Սակայն Aravot.am-ն այսօր գրեց, որ մինչ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե իր նախաձեռնությամբ ԱԺ պատգամավորներն ամենամսյա պարգևավճարները կփոխանցեն կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին, հենց իր կարգադրությամբ մարտի 3-ին իրենց պաշտոնային դրույքի, այսինքն՝ աշխատավարձի 30%-ի չափով արդեն իսկ պարգևատրել էր իրեն, փոխխոսնակներին ու առհասարակ բոլոր 132 պատգամավորներին:
168.am-ը հարցում անցկացրեց՝ պարզելու, թե ինչ կարծիքի են քաղաքացիները պաշտոնյաներին պարգևավճարներ հատկացնելու մասին, ու առհասարակ գոհ են կառավարության վերջին 2 տարվա գործելաոճից:
«Պարգևատրումներ ստանալը էտի մի քիչ ճիշտ չի: Էդ պարգևատրումները կարելի ա վերցնել, դնել, մեր նման թոշակառուների փողը ավելացնել, էն մարդիկ, որոնք որ հիվանդ են, աշխատանք չունեն, չեն կարողանում ապրել, նրանց տան: Այ էդ հարցում հարկավոր ա, որ կառավարությունը ճիշտ մտածի: Բայց դե հիմա էլ կառավարությունը մտածում ա, անում ա էդ բանը, որպեսզի չթալանեն նորից»,- ասաց 168.am-ի հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը:
«Նրանք քրտնաջան աշխատում են, առավոտվանից իրիկուն: Բայց աշխատանքի արդյունքը չի երևում: Իրար վիրավորելով կամ ինչ-որ սուտի հարցեր… գլխավոր հարցերը լուծելու փոխարեն՝ նրանք ընկել են մեկը մյուսի հետևից, գումար փախցնելու, ստանալու: Սաղ աշխատում են պաշտոն ձեռք բերել, աթոռ ձեռք բերել, էսօր էլ, երեկ էլ, մոտիկ, ծանոթ, բարեկամ, էդ եղել ա, էդ էլ էթում ա: Չկա ուրիշ, բան չի փոխվել: Չեն էլ կարողանում փոխեն: Մեկը ուզում ա փոխի, բայց չի կարողանում: Թևերը կտրել են, չի կարողանում շարժվի, չեն թույլ տալի… Երեկվա կառավարությունն ուրիշ ա, էսօրվանին էլ չեմ հավատում արդեն, բաներ կա, որ մարդկանց հուսախաբ են արել»,- ասաց մեկ այլ քաղաքացի:
Քաղաքացիներից մեկն ասաց, որ եթե պարգևավճար չստանային, պետք է կաշառք ստանային, ու ասաց, որ ավելի լավ է պարգևավճար ստանան, քան թե կաշառակերությամբ զբաղվեն:
«Լրիվ նորմալ, որովհետև իրանք առանց գրաֆիկի, առանց ինչ-որ մի բանի որոշումներ են կայացնում, աշխատում են: Լրիվ նորմալ եմ նայում»,- ասաց մեկ այլ քաղաքացի:
Մեր հարցերին պատասխանած մեկ ուրիշ քաղաքացի էլ ասաց, թե պաշտոնյաներն անում են այն, ինչ ուզում են, ու ժողովրդի գոհ լինել-չլինելը ոչ ոքի հետաքրքիր չէ:
«Ո՞վ է ժողովրդի խոսքը հարգում, որ: Չգիտեմ, ես լավ բան չեմ տեսել, չեմ էլ ակնկալում:
Չի նայվում, սիրուն չի, որ մեր նման աշխատող, պրպտող ժողովուրդը աշխատանք չունեն: Ըստ Ձեզ՝ ո՞նց է նայվում: Յուրաքանչյուր իմաստալի, բանիմաց, խելացի մարդն էլ լուրջ չի վերաբերվում դրան: Չի նայվում, որ մենք աշխատենք, իրենք պարգևավճար ստանան մեր հաշվին»,- հավելեց քաղաքացին:
«Որ ասեմ՝ դրական, կհավատա՞ք: Իրանք լավ աշխատավարձ ունեն, բարձր աշխատավարձ ունեն, թող պարգևավճար տան ներքին խավին, ով որ չունի, ով որ պեղումներ է անում զիբիլանոցում, այ նրանց թող պարգևավճար տան, ոչ թե իրանք իրանց:
Ասում են՝ դատավորին շատ տանք, որ հանկարծ կաշառք չվերցնի: Բայց ինչքան շատ տաս, էնքան շատ կաշառք են վերցնում: Փողը երբեք շատ չի եղնում՝ հատկապես դատավորների համար:
Աշխատողը աշխատում է, պարգևավճարն էն չի, որ պիտի անպայման իրան շահագրգռի դեպի լավ աշխատելուն: Նենց որ, դա սուտ բան ա: Իրանք իրանց պարգևատրում են, պիտի մի բան ասեն, որ մենք խելոք նստենք մեր տեղը: Զինծառայողները վա՞տ են ծառայում, ինչի՞ պարգևավճար չեն տալիս: Սահմանում կանգնած զինվորականները վա՞տ են ծառայում: Բա ինչի՞ պարգևավճար չկա ոչ մի անգամ: Իսկ իրանց տարին 10 ամիսը՝ պարգևավճար, այն էլ բարձր՝ մինչև միլիոն, միլիոն ու կես»,- ասաց մեկ այլ քաղաքացի:
Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, ապա քաղաքացիների մի մասը դրական փոփոխությունները նշեց, մյուսներն էլ ասացին, թե կառավարությունից էլ սպասումներ չունեն, քանի որ տված խոստումները չեն կատարել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում