Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, կկարողանա տեսակցել հարազատներին
Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, շուտով կկարողանա տեսակցել հարազատներին. դատարանը բավարարել է Դ. Մովսիսյանի փաստաբան Գոռ Գևորգյանի բողոքը՝ արձանագրելով պաշտպանյալի իրավունքների խախտումը և պարտավորեցնելով նախաքննական մարմնին՝ վերացնել այն։
«Որոշումը երեկ է կայացվել, բայց այն դեռ չեմ ստացել. ինձ ընդամենը հայտնեցին, որ իմ բողոքը բավարարվել է՝ ինչը նշանակում է, որ արձանագրվել է Դավիթ Մովսիսյանի իրավունքների խախտում, իսկ իրավունքների խախտումը վերաբերել է Դ. Մովսիսյանի հեռախոսազանգերի ու տեսակցությունների վրա դրված արգելքին»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Գոռ Գևորգյանը։
Նա նշեց, որ որոշումն առձեռն ստանալուն պես, գրությամբ հրատապ կներկայացնի քննչական մարմնին. «Գրություն կգրեմ՝ ներկայացնելով համապատասխան որոշումը և քննչական մարմնից խնդրելով-պահանջելով՝ վերացնել իրենց կողմից կայացված որոշումը:
Հենց որոշումը եղավ, քննչական մարմինն անհապաղ պետք է վերացնի իր որոշումը, և այդ օրվանից հարազատները կարող են գնալ օրենքով նախատեսված կարգով Դավիթ Մովսիսյանին տեսակցելու»:
Մեր հարցին, թե մինչ այս որոշումը հանդիպե՞լ է իր պաշտպանյալի հետ, փաստաբանը պատասխանեց. «Ոչ, քննիչը հրավիրել էր քննչական գործողությանը մասնակցելու, մեկնեցի Արցախի Հանրապետություն, սակայն Քարվաճառի անցակետում ինձ տեղեկացրին, որ պարետը որոշում չունի կայացրած, ու ես հետ վերադարձա»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: