«Ունենք իրավապահ համակարգի գործունեություն, որը հարմարեցված է հասարակության մի փոքր զանգվածի ճաշակին». Դավիթ Մովսիսյանի փաստաբան

Փաստաբան Գոռ Գևորգյանը ոչ մի տեղեկություն չունի իր պաշտպանյալ Դավիթ Մովսիսյանի մասին: 168.am-ի հետ զրույցում նա հայտնեց՝ Դ. Մովսիսյանը «Շուշի» ՔԿՀ-ում է, զրկված է հեռախոսակապից, արգելված է ցանկացած տիպի տեսակցություն. «Որևէ մեկը չի կարող մտնել տեսության, այդ թվում՝ նաև պաշտպանները:

Սա առաջին դեպքը չէ, երբ Արցախի Հանրապետությունը պաշտպանության իրավունքի խախտում է կատարում. կրկին Դավիթ Մովսիսյանի գործով, երբ նա ձերբակալված էր ու գտնվում էր ռազմական ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում, երեկոյան ժամը 9-ին ես փորձեցի մուտք գործել, ինձ տեղեկացրին, որ քաղաքացիական անձանց մուտքն արգելված է:

Հիշեցրի, որ քրեական դատավարության կարգով տվյալ քրեական գործով համարվում եմ նրա պաշտպանը, ու պարտավոր են թողնել՝ մուտք գործեմ,  սակայն չթողեցին: Բարեբախտաբար, այդ ժամանակ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ֆիքսեց պաշտպանության իրավունքի խախտում (ընդամենը ֆիքսեց խախտումը, որևէ այլ հետևանք առաջացնող անգամ մեկ տող չկար որոշման մեջ): Հիմա այդ ամենն էլ ավելի է կատարելագործվել. Ես չգիտեմ որևէ երկիր, որտեղ որ սկզբունքներից մեկը կլինի օրինականությունն ու իրավական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործելաոճն իբրև թե առաջին պլանում կլինի, ու կունենանք այս իրավիճակը: Իրավական առումով, բառիս բուն իմաստով, ամոթալի է»:

Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Գոռ Գևորգյանը տեղեկացրել էր, որ դիմել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝  Դավիթ Մովսիսյանի խափանման միջոցը փոխելու գրավի միջնորդությամբ:

Փաստաբանը հայտնեց, որ  դատարանը՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, մերժել է այդ միջնորդությունը.

«Չեմ պատկերացնում, թե Ռոբերտ Պապոյանն իրավական ի՞նչ ձևակերպումներ պետք է օգտագործած լինի իր որշման մեջ՝ միջնորդությունս մերժելու համար»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ գործով անօրինականությունների շատ են բախվել. «Այսօր փաստի առաջ ենք եկել-կանգնել. Ես ունեմ 3 բողոք՝ ներկայացված վերաքննիչ դատարան, առաջին բողոքը սանկցիայի երկարացման դեմ ներկայացրել եմ դեռևս մարտի 30-ին, այսօր ապրիլի 25-ն է՝ օր չունենք նշանակված, ընդամենը 25 օրից, նորից եթե պիտի տանեն երկարացման սանկցիայի, կունենանք երկարացման խնդիր:

Բազմիցս ասել եմ՝ ինչո՞ւ մինչև հիմա մահացած զինվորի արարքներին որակում տրված չէ:

Ունենք իրավապահ համակարգի գործունեություն, որը հարմարեցված է հասարակության մի փոքր զանգվածի ճաշակին, այսինքն՝ ունենք ճաշակով քննություն, որ բարեհաճ վերաբերմունքի արժանանան՝ հանկարծ չասեն, թե Առաքել Մովսիսյանի որդին ազատ արձակվեց: Հետո՞»:

Դավիթ Մովսիսյանի պաշտպանը տեղեկացրեց, որ իրավախախտումների վերաբերյալ գրավոր դիմել են նաև ՄԻՊ-ին. «Շատ գործերով տեսնում ենք ՄԻՊ-ի գործելաոճը՝ ակնհայտ գործում են հօգուտ անձանց, որոնց իրավունքները խախտվել են:

Դիմել ենք ու բարձրացրել ենք այն իրավական խնդիրներն ու բացթողումները, որոնք այսօր առկա են»:

Տեսանյութեր

Լրահոս