«Ասաց՝ վերջնահաշվարկը կլինի այն ժամանակ, երբ հասնենք այբուբենի վերջին տառերին, հատկապես «Ֆ»-ին». Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները դեռ սպասում են
Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին մոտ 200 աշխատակիցները շարունակում են սպասել մեկ ամսվա աշխատավարձին ու վերջնահաշվարկին:
«Մայիսի կեսին խոստացել էին երեք ամսվա ընթացքում վճարել մեզ, սակայն օրերս սնանկության գործերով տնօրենի հետ ենք գնացել և խոսել: Ասաց՝ հայոց այբուբենում ունենք «և», «օ», «ֆ» տառերը, վերջնահաշվարկը կլինի այն ժամանակ, երբ հասնենք վերջին տառերին, հատկապես «Ֆ»-ին: Հիմա իրենք ասացին՝ նոր «Ա» տառի մոտ են: Դե մի 36 տարուց երևի հասնեն «Ֆ»-ին: Այնպես էլ սիրուն նստել, բացատրում է, թե «Ա» տառից սկսում ենք, դա մի գործընթաց է, որը պետք է կատարվի:
Տպավորություն է, թե 9 հարկանի շենք են սարքում: Այսինքն, մեկ ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկն ընկել են «Ֆ» տառի մեջ: Երեք ամիս է՝ «Ա» տառը սկսվել է, թե երբ պետք է հասնեն վերջին՝ չգիտենք: Տեսնեք, «Ֆ» տառը կարո՞ղ ենք առաջ գցել»,- իրավիճակն այսպես նկարագրեցին պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը մայիսի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ալավերդու պղնձաձուլարանում 101 աշխատակից վերականգնվել է աշխատանքի․ կաշխատի ընդհանուր 183 մարդ։
«Սույն թվականի հունվարի 11-ին Ալավերդու պղնձաձուլարանից կրճատված 101 աշխատակից վերականգնվել է աշխատանքի։ Աշխատանքային պայմանագրերն արդեն ստորագրված են։ Անվտանգության աշխատակիցների հետ միասին աշխատակիցների ընդհանուր թիվը կկազմի 183: Քանի որ նախորդ տարի և այս տարեսկզբին կրճատումները մի քանի փուլով են եղել, կրկնում եմ՝ խոսքը հունվարի 11-ին կրճատված աշխատակիցների մասին է։ Աշխատանքային պայմանագրերի առկայության պայմաններում աշխատակիցներն առայժմ չեն հաճախի աշխատանքի, բայց կստանան աշխատավարձ։ Այս քայլով ձեռնարկության ղեկավարությունն ընդառաջ է գնացել՝ հաշվի առնելով քաղաքացիների սոցիալական դրությունը։ Սա հնարավորություն կտա ոչ հապճեպ պայմաններում շարունակել քննարկումները, աշխատանքներն արտադրական բլոկների վերագործարկման մասով, որի պարագայում նախկինում կրճատված աշխատակիցների աշխատանքի վերականգնման գործընթացի երկրորդ փուլը կմեկնարկի։
Ցանկանում եմ ընդգծել՝ այս պահին քննարկման առարկա են միայն արտադրական այն բլոկները, որոնց աշխատանքն արտանետումներ չի ենթադրում։ Եթե հիմնարկի գոյության պահպանության նպատակով գործարկվեն արտանետումներ ենթադրող բլոկներ, դա լինելու է միմիայն կառավարության կողմից սահմանված արտանետումների թույլատրելի սահմանաչափի շրջանակներում։ Նախկինում արտանետումները թույլատրելի սահմանաչափը գերազանցել են ավելի քան 6 անգամ՝ շուրջ 630 տոկոսով։ Հեղափոխությունից հետո այդ անվերահսկելի, անթույլատրելի վիճակն այլևս անցյալում է։ Հրապարակային ասել եմ և կրկնում եմ՝ անելու ենք հնարավորը, որպեսզի Ալավերդիում արտանետումների այդ աղետալի էջը մնա անցյալում»,- գրել էր պատգամավորը։
«Հիմա որպես պահակ ենք աշխատում, աշխատավարձի 2/3-ն ենք ստանում, այն էլ՝ փողի գույնն էլ դեռ չենք հասցնում տեսնել՝ վերջանում է»,- ասացին գործարանի նախկին աշխատակիցները: