Ինչո՞ւ լռեց ՀՀ արտգործնախարարությունը
Հայաստանում, Միացյալ Նահանգներում և Թուրքիայում մեծ ուշադրության արժանացավ Սպիտակ տան մամլո խոսնակ Քեյլի ՄըքԷնանիի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթի հիշատակումը, որից Միացյալ Նահանգների իշխանությունները վերջին տասնամյակների ընթացքում ամեն կերպ խուսափում են՝ նախընտրելով օգտագործել Մեծ եղեռն արտահայտությունը։
Ամերիկացի պաշտոնյան, խոսելով ԱՄՆ-ում մի քանի շաբաթ առաջ ռասայական խտրականության դեմ ցույցերի ժամանակ պղծված եկեղեցիների մասին, ի թիվս այլ օրինակների՝ վկայաբերել էր Դենվերի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, որը հարձակման էր ենթարկվել: Նա մասնավորապես նշել էր․
«Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»: Այս անդրադարձը ողջունել էին ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունները։
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը 168․am-ի հետ զրույցում նշել էր, որ այդ առնչությամբ որևէ մեկնաբանություն չունի։
Ավելի ուշ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում նշել էր․ «Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղադրված և Հայոց ցեղասպանությանը և մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին նվիրված խաչքարի վնասելու առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան մեկնաբանությամբ: Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների իշխանությունների պատշաճ ուշադրությունն այս հարցի նկատմամբ»:
Սպիտակ տունը ևս մեկնաբանել էր ՄըքԷնանիի ձևակերպումները՝ նշելով, որ վարչակազմի քաղաքականությունն այս հարցում փոփոխության չի ենթարկվել՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ եղեռնը պատմական ոճրագործություն և ողբերգություն է, և ԱՄՆ-ը կանգնած է հայ ժողովրդի կողքին»:
Թուրքիայի ԱԳՆ-ն ևս վերաբերմունք էր արտահայտել Սպիտակ տան խոսնակի խոսքերի առնչությամբ․ «Մենք կարծում ենք, որ մամուլի քարտուղարի խոսքերը լեզվի անհաջող սայթաքում էին։ Ցանկացած պարագայում, նման ձևակերպումներն անթույլատրելի են»։
Ուշագրավն այն է, որ հայաստանյան համացանցային տիրույթում ակտիվորեն քննարկվում է և քննադատվում է ՀՀ արտգործնախարարության «լռությունը» տվյալ թեմայի վերաբերյալ։
Չնայած Սպիտակ տունը, ինչպես և ակնկալվում էր, հստակեցումներ մտցրեց ՄըքԷնանիի անդրադարձում, 168․am-ի հետ զրույցում թուրք հայամետ քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ այդ անդրադարձը նման ձևակերպումներով և բովանդակությամբ պատահական չէր։
Այսինքն, ըստ նրա, դա լիովին ամերիկյան օրակարգի շրջանակում արված մի բան էր, և հայկական կողմի չարձագանքելը դրան ևս այդ պնդման հիմնավորումն է։
«Ամերիկյան վարչակազմը չափազանց ուշադիր է նման արձագանքների դեպքում, հատկապես, երբ երևաց, որ դա այնքան էլ անպատրաստ անդրադարձ չէր, քանի որ հարցին տրվեց համապարփակ պատասխան, և կարծում եմ՝ բուն թեմայից բացի, հասցեատերն այդ ամենի Թուրքիան էր, որի հետ վերջին շրջանում կրկին կան մի շարք խնդրահարույց թեմաներ, որոնցից մեկը Սուրբ Սոֆիայի տաճարի ճակատագիրն է, որի հարցում ԱՄՆ-ը կոչ էր արել չփոխել տաճարի կարգավիճակը, և այս երկու թեմաների զուգահեռ քննարկումը ունի որոշ ընդհանրություններ նաև, քանի որ խոսքը պատմամշակութային, կրոնական ժառանգության մասին է»,- ասաց Աքթարը։
Նա նաև նշեց, որ սպասելի էր, որ Սպիտակ տունը հղում կկատարի նախագահի ավելի վաղ բարձրաձայնված դիրքորոշումներին, քանի որ, բնականաբար, խոսնակը չէր կարող այդ հարցում ԱՄՆ նոր քաղաքականության մեկնարկը տալ։ Նրա խոսքով՝ դա չափազանց լուրջ է։
«Այն, ինչի համար արվեց այդ հայտարարությունը, ծառայեց իր նպատակին, լսելի եղավ Թուրքիայի իշխանությունների կողմից, ինչը, կարծում եմ, այս փուլում բավարար էր, դա որոշակի ուղերձ էր Թուրքիայի իշխանությունների համար։ Այսինքն՝ սա զուտ ամերիկաթուրքական օրակարգ էր, և ուշագրավ էր, որ հայկական կողմը որևէ դիրքորոշում այդ առնչությամբ չհայտնեց, քանի որ հաճախ չի պատահել, երբ նման մակարդակով այդ եզրույթն օգտագործվել է, և, եթե ակնկալիքն այն էր, որ հերքվելու էր, բնականաբար, այն հստակեցվելու էր։ Բայց կրկնեմ, որ դա չեմ համարում լեզվի սայթաքում և պատահական հայտարարություն։ Կարծում եմ՝ հայկական կողմի դիտանկյունից արձագանքը կլիներ ճիշտ, բայց այնուամենայնիվ, երևի թե հաշվարկն այն էր, որպեսզի Սպիտակ տան հերքումից կամ հստակեցումից հետո անհարմար իրավիճակ չստեղծվի։ Պետք է հասկանալ նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները թեման շրջանառում է այն ժամանակ, երբ դա ցանկանում է և քաղաքականապես նպատակահարմար է համարում, և ցանկության դեպքում այս ամենում կարելի է մտցնել հայկական օրակարգ»,- ասաց Աքթարը։