ՀՀ ԱԳՆ խոսնակը չի արձագանքում Սպիտակ տան խոսնակի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթի օգտագործման փաստին

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանություն եզրույթից խուսափելուց հետո՝ Սպիտան տան պաշտոնյան արտաբերեց այդ տերմինը։ Ժամեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Սպիտակ տան խոսնակ Քեյլի ՄըքԷնանիի խոսքերն իրական փոթորիկ են բարձրացրել ամերիկյան մամուլում։

Ամերիկացի պաշտոնյան, խոսելով ԱՄՆ-ում մի քանի շաբաթ առաջ ռասսայական խտրականության դեմ ցույցերի ժամանակ պղծված եկեղեցիների մասին, ի թիվս այլ օրինակներ՝ի վկայաբերել է Դենվերի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, որը հարձակման էր ենթարկվել: Նա մասնավորապես նշել է․ «Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»:

ՄըքԷնանի այս խոսքերը մեծ ուշադրության են արժանացել նախ ամերիկյան բոլոր հեղինակավոր ԶԼՄ-ներում, հարցումներ են ուղարկվել Պետդեպարտամենտ, քանի որ կան կարծիքներ, որ սա պատահական արտահայտություն է ՄըքԷնանիի կողմից կամ հստակ մտածված քաղաքական քայլ։

Այնուամենայնիվ Ամերիկայի հայկական կազմակերպություններն արդեն ողջունել են Սպիտակ Տան խոսնակի այս քայլը։ Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ասել է, որ բարձր է գնահատում, որ Սպիտակ տունն ուշադրության է արժանացրել Հայոց ցեղասպանության հուշարձանի վրա կատարված հարձակումն ու պատմական իրողություններն ավելի լավ ընկալելու անհրաժեշտությունը։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում նա տարածել էր պաշտոնյայի ճեպազրույցի տեսանյութը և գրել․ «Քիչ առաջ Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտարարեց, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը։ Այդքան շատ խուսափվող տերմինը (միտումնավոր կամ պատահաբար) արտաբերվեց Սպիտակ Տան պաշտոնական շուրթերից: Ցանկացած պարագայում, կարծում եմ՝ ԱԳՆ խոսնակը պետք է արձագանքի հայտարարությանը և շնորհակալություն հայտնի պատմական իրողությունները ճիշտ գնահատելու համար»։

168am-ը դիմեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին՝ խնդրանքով արձագանքել Քեյլի ՄըքԷնանիի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելու փաստին։ Սակայն Աննա Նաղդալյանն ասաց, որ արձագանք չունի։ «Այս պահի դրությամբ՝ չեմ արձագանքելու»,- ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս