«Այսօր ցանկացած ոչ իրավաբան իրեն իրավունք է վերապահում ոչ միայն օրենքների նախագծեր հեղինակել, այլև ԱԺ ամբիոնից ներկայացնել սահմանադրական փոփոխությունների հիմնավորումներ: Սա ուղղակի ծաղր է իրավագիտության՝ որպես մասնագիտության, և իրավաբանների նկատմամբ». Գագիկ Ղազինյան

168.am-ի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն է: 

– Ի՞նչ է առհասարակ իրավագիտությունը. ճշգրի՞տ գիտություն է, խոսքի, համոզելո՞ւ, թե՞ վերլուծական կարողությունների ու մեկնաբանությունների արվեստ: Լավ իրավաբան լինելու համար ի՞նչ է պետք:

– Առաջին հերթին, իհարկե, իրավագիտությունը ճշգրիտ գիտություն է, որտեղ յուրաքանչյուր բառի, կետադրական նշանի առկայությունը կամ բացակայությունը կարող է փոխել ցանկացած նորմի իմաստը: Ինչ վերաբերում է լավ իրավաբանին բնութագրող մնացած հատկանիշներին, որոնց մասին դուք նշեցիք, ապա՝ այո, լավ իրավաբանը պետք է կատարյալ տիրապետի գրավոր և բանավոր խոսքին, հռետորական արվեստին, ունենա գիտելիքների վրա հիմնված խորը վերլուծական կարողություններ և տիրապետի փաստարկելու արվեստին:

– Օրենք գրելու համար ի՞նչ է պետք, ինչպիսի՞ հմտություններ, ամեն մարդ կարո՞ղ է օրենք գրել:

– Հասկանում եմ հարցի տողատակը, այն խիստ հրատապ է այսօրվա մեր իրողությունների ֆոնին, երբ ցանկացած ոչ իրավաբան իրեն իրավունք է վերապահում ոչ միայն օրենքների նախագծեր հեղինակել, այլև նույնիսկ Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնել սահմանադրական փոփոխությունների հիմնավորումներ: Սա ուղղակի ծաղր է իրավագիտության՝ որպես մասնագիտության, և իրավաբանների նկատմամբ: Այսօրվա մեր իրողություններն ինձ հիշեցնում են 90-ական թվականների առաջին կեսը, երբ հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմնում՝ Գերագույն խորհրդում, երևի յուրաքանչյուր երրորդ պատգամավորը հանդես էր գալիս սահմանադրություն գրելու նախաձեռնությամբ և պատրաստակամությամբ: Ես չգիտեմ իրեն հարգող որևէ քաղաքակիրթ երկիր, որտեղ նման վերաբերմունք է դրսևորվում կամ կդրսևորվի իրավագիտության և իրավունքի նկատմամբ: Դա նույնն է, որ յուրաքանչյուր ոք իրեն իրավունք վերապահի հանրությանը դասեր տալ բարձրագույն մաթեմատիկայից կամ աստղաֆիզիկայից:

Մինչդեռ օրենք գրելու համար անհրաժեշտ է ոչ միայն իրավական գիտելիքների առկայություն, իրավաբանական տեխնիկայի իմացություն, այլև՝ նախատեսվող նորմի՝ ներկա պահին և ապագայում հնարավոր ազդեցությունը գնահատելու կարողություն. չէ՞ որ օրենքները մեկ օրվա կամ մեկ մարդու համար չեն գրվում: Օրինաստեղծ գործունեությանը արհեստավարժ իրավաբաններին չներգրավելու արդյունքում էլ, որպես կանոն, ունենք անընդհատ փոփոխվող օրենքներ: Իհարկե, օրենքները կարող են փոփոխվել, բայց դա չպետք է կրի անընդհատ և համատարած բնույթ. հասարակության զարգացման գրավականը կայուն և կանխատեսելի օրենսդրական դաշտի առկայությունն է:

– ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը լայն պրոֆիլի իրավաբաններ պատրաստող միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունն ու գիտական կենտրոնն է, որ ունի ավելի քան 85-ամյա պատմություն։ Ֆակուլտետում դասավանդում են ՀՀ ԳԱ 1 ակադեմիկոս, գիտությունների 17 դոկտոր և մոտ 80 թեկնածու: Ձեր շրջանավարտներն ո՞ւր են գնում աշխատելու, դառնում են դատավո՞ր, դատախա՞զ, քննի՞չ, փաստաբա՞ն: 

– Ձեր ներկայացրած տվյալներից ակնհայտ է, որ ֆակուլտետում կենտրոնացած են հանրապետության տեսաբանների և պրակտիկ գիտնականների 80 տոկոսից ավելին, և այդ ներուժը մեզ հիմք է տալիս պնդելու, որ ֆակուլտետը հնարավորություն ունի պատրաստելու իրավագիտության բնագավառի լավագույն մասնագետներ, ինչը և անում է իր գոյության բոլոր տարիների ընթացքում: Մեր լավագույն շրջանավարտները այսօր աշխատում են հանրապետության դատաիրավական համակարգի տարբեր օղակներում, օրենսդիր, գործադիր մարմիններում, բանկային համակարգում և մասնավոր ոլորտում, միջազգային կառույցներում: Նրանցից շատերը գործունեություն են ծավալում նաև հանրապետության սահմաններից դուրս:

Ինչ վերաբերում է ոլորտներին, ապա ցավով պետք է նշեմ, որ մեր լավագույն շրջանավարտները վերջին տարիներին (առնվազն վերջին տասը տարիներին) խուսափում են իրենց մասնագիտությամբ պետական ծառայությունից: Պատճառները տարբեր են՝ պատշաճ վարձատրությունից սկսած՝ մինչև իրենց ունակությունները դրսևորելու և արժանիորեն գնահատվելու բացակայությունը: Ուստի նրանք նախընտրում են աշխատել բանկային համակարգում, մասնավոր ոլորտում, զբաղվում են փաստաբանական գործունեությամբ, որտեղ ունակություններին համապատասխան՝ կարող են հավակնել համապատասխան և’ նյութական, և’ բարոյահոգեբանական գնահատականների:

– Կապը պահո՞ւմ են ֆակուլտետի հետ:

– Այս հարցում դժգոհելու առիթ չունենք, որովհետև նրանց մեծ մասը սերտ կապի մեջ են ֆակուլտետի հետ, իսկ առավել արժանիները ներգրավված են ֆակուլտետի ուսումնական գործընթացներում՝ համատեղության կարգով դասավանդելով ֆակուլտետում: Այս առիթով նշեմ, որ մեր ֆակուլտետում դասավանդում են դատական համակարգի, դատախազության, օրենսդիր և գործադիր մարմիններում տարբեր կարգավիճակներում աշխատող մեր լավագույն շրջանավարտները: Ամփոփելով՝ նշեմ, որ մեր ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը ներկայացնում են միայն մեր ֆակուլտետի շրջանավարտները:

Հաճախ դատավորները դժգոհում են քննիչների կատարած աշխատանքից, քննիչները՝ դատավորներից, փաստաբանները՝ դատավորներից և քննիչներից։ Իհարկե, նկատի ունենք զուտ մասնագիտական առումով։ Ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ։ Բուհն ունի՞ իր մեղքի բաժինը, ի՞նչ պետք է անեք լավ մասնագետ պատրաստելու համար, որ դեռ չեք անում։ Վերջերս, օրինակ, մեծ աղմուկ բարձրացրեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունն անգրագետ քննիչների ու դատախազների վերաբերյալ: Սա, իհարկե, մասնավոր կարծիք է, ոչ ընդհանրական, բայց Դուք ինքներդ՝ որպես ֆակուլտետի ղեկավար, գո՞հ եք կրթության այն որակից, որը տալիս է իրավագիտության ֆակուլտետը:

 – Շատ ցավոտ հարցի եք անդրադառնում այն իմաստով, որ, ինչպես մնացած բոլոր բուհերը, մեր ֆակուլտետը նույնպես թողարկում է՝ ինչպես բարձրակարգ շրջանավարտներ, այնպես էլ՝ ոչ այնքան, և, ինչպես արդեն նշեցի, նրանցից լավագույնները, որպես կանոն, խուսափում են պետական ծառայությունից: Այսինքն՝ Ձեր նշած կարգավիճակներում կարող են լինել՝ ինչպես փայլուն իրավաբաններ, լավ մասնագետներ, այնպես էլ՝ միջին որակի:

Այստեղ ավելի կարևոր է մեկ այլ հանգամանք. արդյո՞ք մեր դատաիրավական ձևավորված պրակտիկան մեր շրջանավարտներին տալիս է հնարավորություն՝ կիրառելու իրենց մասնագիտական բարձր որակները, թե՞ տարբեր պատճառներով իրենն է թելադրում: Ցավոք սրտի, մենք միշտ էլ ականատես ենք եղել քաղաքականության գերակայությանն իրավունքի նկատմամբ՝ լինի դա ներպետական հարաբերություններում, թե ավելի գլոբալ տիրույթում, համաշխարհային գործընթացներում: Սա վերջին տասնամյակներում առավել սուր արտահայտված քաղաքականության և իրավունքի գերակայության պայքարն է, որտեղ, ցավով եմ նշում, ավելի հաճախ առավելություն է ստանում քաղաքականությունը: Նմանատիպ գործընթացներին մենք ականատես ենք լինում նաև այսօր՝ Հայաստանի Հանրապետությունում, և հաճախ կոնկրետ իրավիճակում որևէ իրավաբանի դրսևորած վարքագծից, անկախ այդ անձի կարգաավիճակից, դժվար է պատկերացում կազմել նրա մասնագիտական որակների մասին, քանի որ նա գործում է՝ առաջնորդվելով ոչ թե իր մասնագիտական գիտելիքներով, քաղաքացիական իրավագիտակցությամբ, այլ կլանային, կուսակցական, խմբային, ընտանեկան և անձնական շահերով: Այս իրավիճակը նորություն չէ, սակայն սա իր առավել ցայտուն արտահայտությունն է գտել վերջին տարիներին մեր պետության մեջ ընթացող գործընթացներում: Այդ պատճառով էլ, ես կրկնում եմ իմ կոչը մեր շրջանավարտներին. ոչ մի դեպքում չդավաճանել իրենց մասնագիտությանը:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա ընդամենը նշեմ, որ և՛ դատական համակարգում, և՛ քննչական, և դատախազական մարմիններում կան՝ ինչպես իրենց գործի գիտակ պրոֆեսիոնալներ, այնպես էլ՝ իրենց մասնագիտական ունակություններով չփայլող իրավաբաններ:

Եթե խոսենք ֆակուլտետի տված կրթության որակի մասին, ապա արդեն նշեցի, որ մենք տալիս ենք՝ ինչպես փայլուն շրջանավարտներ, այնպես էլ՝ ոչ այնքան, ինչպես ցանկացած բուհ: Ուղղակի ուզում եմ ընդգծել մեկ աքսիոմատիկ ճշմարտություն, որի մասին տեղյակ է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում սովորող յուրաքանչյուր ուսանող. «Այն ուսանողը, ով ունի համապատասխան մտավոր կարողություններ և մեծ ձգտում լավ մասնագետ դառնալու, ֆակուլտետն ունի բոլոր հնարավորությունները նրա այդ ցանկությունը իրականություն դարձնելու», ինչի ապացույցը մեր բազմահազար փայլուն շրջանավարտներն են:

Երկար ժամանակ մեր կրթական գործընթացում առկա հիմնական խնդիրը մեր շրջանավարտի մոտ առկա գիտելիքները գործնականում կիրառելու հմտության ոչ բավարար մակարդակն էր, ինչը, սակայն, վերջին տարիներին արդեն դրական իմաստով փոփոխության է ենթարկվել. ուսումնական գործընթացում պրակտիկ իրավաբանների առավել հաճախ ներգրավումը, պրակտիկայի հետ սերտ կապի ապահովումը, գործնական դասաժամերին պրակտիկ ուղղվածություն հաղորդելը հնարավորություն է տալիս լրացնել նաև այդ բացը:

Ֆակուլտետի բարձր վարկանիշի մասին են վկայում նաև այն մրցույթները, որ ձևավորվում են ամեն տարի ընդունելության ժամանակ: Մասնավորապես, այս տարի մեր ֆակուլտետ 140 տեղի համար դիմել է 500-ից ավելի դիմորդ, որ ամենաբարձր ցուցանիշն է ԵՊՀ-ում, և դա՝ այն դեպքում, որ ուսման վարձն այս ուսումնական տարվանից բարձրացել է և կազմում է 1 միլիոն դրամ, ինչը ևս ամենաբարձրն է ԵՊՀ-ում:

– Ֆակուլտետի՝ որպես գիտական կենտրոնի ծառայություններից, օգտվո՞ւմ են պետական մարմինները, կա՞ արդյոք համագործակցություն. ասենք՝ որևէ գերատեսչություն իրավաբաններ խնդրի տրամադրել, կամ այս կամ օրենքը մշակելիս օգտվեն նաև ֆակուլտետի մասնագիտական ծառայությունից։

 – Ֆակուլտետն իր գոյության ողջ ընթացքում, ըստ անհրաժեշտության, իր գիտական պոտենցիալը ծառայեցրել է հանրապետությունում իրականացվող օրինաստեղծ գործունեությանը: Այդ գործընթացը ավելի առարկայական դարձավ Հայաստանի Երրորդ Հանրապետությունում, ավելի ստույգ՝ անցած դարի 90-ականների երկրորդ կեսից սկսած, երբ ֆակուլտետը ճանաչվեց ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական փորձագետ կազմակերպություն: Ֆակուլտետի այս կարգավիճակն ավելի հստակեցվեց 2014 թվականին ՀՀ Ազգային ժողովի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև կնքված հուշագրով, որով Ազգային ժողովը կարևոր օրենքների և օրենսգրքերի նախագծերն ուղարկում էր կարծիքի ֆակուլտետ, և ֆակուլտետը պարտավորվում էր դրանց վերաբերյալ ներկայացնել մասնագիտական, փորձագիտական եզրակացություն: Ցավոք, վերջին տարիներին այս գործընթացը, կարելի է ասել, էպիզոդիկ բնույթ է կրում, սակայն՝ ոչ մեր մեղքով: Ինչ վերաբերում է այս կամ այն օրենքը մշակելիս մեր ֆակուլտետի մասնագետների ներգրավվածությանը, ապա կարող եմ հպարտությամբ նշել, որ բազմաթիվ օրենսդրական նախագծերի աշխատանքային խմբերն ամբողջությամբ կամ հիմնականում կազմված են եղել մեր մասնագետներից, կամ նրանք հանդես են եկել՝ որպես օրենսդրական տարբեր նախագծերի գրախոսներ:

– Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության վարած քաղաքականությունը բուհերում դրական փոփոխությունների հնարավորություն տալի՞ս է, ի՞նչ տպավորություն ունեք «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծից: Հնարավորությունների՞, թե՞, այնուամենայնիվ, սահմանափակումների նախագիծ է այն: Ձեր դիտարկումներն օրենքի նախագծի դրական ու բացասական կողմերի մասին:

 – Նախարարությունը բուհերում, մասնավորապես՝ ԵՊՀ-ում, որևէ տեսանելի, առավել ևս՝ դրական փոփոխություններին ուղղված քաղաքականություն չի վարում: Դրա վառ ապացույցը ԵՊՀ-ում տիրող անհասկանալի, անկայուն և անորոշ վիճակն է, որը շարունակվում է 2 տարուց ավելի: Իսկ ցանկացած ուսումնական հաստատության, առավել ևս՝ բուհի համար ամենավտանգավորն անորոշությունն ու անկանխատեսելիությունն է: Դատեք ինքներդ. Մայր բուհի ռեկտորից բոլոր միջոցներով ազատվելուց հետո, ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, օպերատիվ կառավարման համար՝ մինչև նոր ռեկտորի ընտրությունը: Արդեն 1 տարուց ավելի է, ԵՊՀ-ում նկարագրածս վիճակն է. ժամանակավոր պաշտոնակատարը իր թիմով, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, չի կարող ծրագրային հիմնարար փոփոխություններ նախաձեռնել, իսկ այդ ընթացքում նշանակված ռեկտորի ընտրությունները, իմ և շատերի կարծիքով՝ անհիմն պատճառաբանությամբ անորոշ ժամանակով հետաձգվեցին: Այդ ընթացքում մարտի 30-ին լրացավ ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի գործունեության ժամկետը, իսկ նոր խորհուրդը, հակառակ 30 օրվա ընթացքում ձևավորվելու օրենսդրական պահանջի, արդեն 3 ամսից ավելի է, չի ձևավորվում: Եվ դա՝ այն դեպքում, երբ ԵՊՀ-ն, շուտով կլրանա 1 ամիսը, որ ներկայացրել է հոգաբարձուների խորհրդի՝ դասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչներին: Ի՞նչ է սա, անփութությո՞ւն, թե՞ դիտավորություն իշխանությունների կողմից ԵՊՀ-ի նկատմամբ: Երկու դեպքում էլ, իսկ ես բոլոր հիմքերն ունեմ պնդելու, որ դա դիտավորություն է, համալսարանում ստեղծված վիճակը որևէ ձևով չի նպաստում գործունեության արդյունավետ իրականացմանը, իսկ զարգացման ծրագրերի մասին խոսելն ավելորդ է:

Ինչ վերաբերում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին, ապա կարճ ասեմ, որ այն որևէ ձևով չի համապատասխանում այն իրողություններին, որոնք այսօր գոյություն ունեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտում: Հայեցակարգի և նպատակների հիմնավորվածության բացակայությունը հանգեցրել են տեղային ոչ համակարգային լուծումների, կամ դրանց փորձի, ինչը մեզ հիմք է տալիս պնդելու, որ այս օրենքի նախագիծը շատ հեռու է այն նպատակներից, որ դրել է իր առջև. այն է՝ հիմնարար կարգավորման եննթարկել բարձրագույն կրթության և գիտության ոլորտները Հայաստանի Հանրապետությունում ու նախանշել և հիմնավորել դրանց զարգացման հեռանկարները: Նշեմ, որ այս օրենքի նախագծի վերաբերյալ ֆակուլտետի գիտական խորհուրդը տվել է պաշտոնական կարծիք, որը նախագծի՝ Ազգային ժողովում քննարկվելու դեպքում կներկայացվի ԱԺ մասնագիտական հանձնաժողով:

– «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով՝ հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր չի դառնում, թողնվում է ֆակուլտետների հայեցողությանը: Ձեր ղեկավարման օրոք իրավագիտության ֆակուլտետում հայագիտական առարկաների դասավանդման ժամաքանակը կպակասի՞, թե՞ Ձեզ համար սա վիճարկելի կամ սակարկելի հարց չէ:

– Նախագծի այս նորմը կարող էր քննարկման առարկա դառնալ մասնագիտական շրջանակներում, եթե ապահովվեր կարևորագույն մեկ պայման. այն է՝ միջնակարգ կրթական հաստատություններում նշված առարկաների հիմնարար, բովանդակային դասավանդումը: Այդ դեպքում արդեն բուհերն իրենք կորոշեին՝ ինչպե՞ս վարվել՝ տեղայնացնե՞լ դրանք ֆակուլտետներում՝ համապատասխանեցնելով տվյալ մասնագիտության կարիքներին, թե՞ հրաժարվել դրանցից: Ցավոք, կարող ենք փաստել, որ դպրոցներում հայագիտական առարկաների դասավանդման որակը հեռու է բավարար լինելուց, իսկ վերջերս հրապարակված հայեցակարգային չափորոշիչներում տեղ գտած կարգավորումներով՝ ավելի է վատթարացել հայագիտական առարկաների դասավանդման վիճակը: Եվ այս պայմաններում խոսել այս առարկաները բուհական ծրագրերում պարտադիր կարգավիճակից զրկելու մասին, կարծում եմ, կոպտագույն սխալ է: Նախարարության այս մոտեցումը կարելի է դիտարկել՝ որպես բուհական ծրագրերը ոչ մասնագիտական առարկաների ծրագրերից բեռնաթափելուն ուղղված քայլ, եթե այն նմանատիպ մոտեցում չցուցաբերեր միջնակարգ կրթության ծրագրերի՝ մասնավորապես, Հայ եկեղեցու պատմություն առարկայի և այլ հայագիտական առարկաների նկատմամբ: Այս ողջ գործունեության տրամաբանությունը գալիս է ապացուցելու, որ այն պատահական չէ, այլ նմանատիպ մոտեցումների հեղինակները հեռուն գնացող նպատակներ ունեն. այն կոչված է ծառայելու մեր ազգի ինքնությունը խարխլելու խիստ վտանգավոր նպատակին:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, նշեմ, որ մեր ֆակուլտետում Հայոց լեզու առարկան անհրաժեշտ տեսական և գործնական գրականությամբ ամբողջությամբ համապատասխանեցված է մասնագիտությանը՝ նպաստելով ապագա իրավաբանի մոտ բանավոր և գրավոր խոսքի զարգացմանը, հռետորական արվեստի բնագավառի գիտելիքների մատուցմանը: Եվ անկախ նրանից, թե օրենքն ինչպես կկարգավորի այս հարցը, մենք այս առարկայից երբեք չենք հրաժարվի:

– 2019թ. հոկտեմբերի 16-ին հրապարակվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դիրքորոշումը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, ուր ներկայացրել էիք ձեր դիտարկումները, նախագծի բացերը, մտահոգությունները: Ըստ էության դրանք նաև առաջարկներ էին՝ նախագիծը վերանայելու: Այսօր օրենքն արդեն ընդունված է, մտել է ուժի մեջ: Ձեր դիտարկումների ու առաջարկների ո՞ր հատվածն ընդունվեց, լսվե՞ց արդյոք իրավագիտության ֆակուլտետի ձայնը:

 – Որպես համագործակցության վերաբերյալ նախորդ հարցի պատասխանի շարունակություն՝ նշեմ, որ անկախ նրանից, պաշտոնապես մեզ ուղարկվո՞ւմ է որևէ կարևոր օրենքի նախագիծ կարծիքի, թե՞ ոչ, ֆակուլտետը գիտական խորհրդում կամ այլ ձևաչափով անպայման անդրադառնում է, իր կարծիքով՝ կարևորագույն օրենքների նախագծերին: Ձեր նշած օրենքի նախագծի հետ միասին կարող եմ նշել նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, «Կրթության և գիտության մասին օրենքի» նախագծի, «Անցումային արդարադատության հիմնախնդիրների» վերաբերյալ կարծիքները, և այլն:

Ինչ վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ մեր կարծիքին, ապա այն Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և իրենց մասնակցությամբ քննարկվել է ֆակուլտետում, արված դիտողությունների ճնշող մեծամասնությունը նրանց կողմից ընդունվել է, սակայն, ցավոք սրտի, կյանքի կոչվելիս ոչ բոլորն են հաշվի առնվել:

– Կա՞ արդյոք համագործակցություն աշխարհի առաջատար բուհերի իրավագիտության բաժինների հետ: Ո՞ւր են ամենից հաճախ մեկնում ֆակուլտետի ուսանողները՝ սովորելու, ի՞նչ հաջողություններ են գրանցում: Լինո՞ւմ են արդյոք փոխադարձ այցեր, դասախոսություններ:

– ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում առաջնային կարևորություն ունի ֆակուլտետի միջազգայնացումը, ինչը ենթադրում է դասախոսների փոխադարձ այցեր, դասախոսություններ, ուսանողների շարժունություն, համատեղ միջոցառումների անցկացում և այլն:

Համագործակցության հուշագրեր ֆակուլտետը կնքել է բազմաթիվ համալսարանների իրավագիտության ֆակուլտետների հետ, օրինակ՝ միայն 2018-2019 թվականներին նման համաձայնագրեր կնքվել են Լյուբլյանայի, Էքս են Պրովանսի, Նոթինգհեմի համալսարանների հետ: Արդյունավետ համագործակցություն իրականացվում է բազմաթիվ եվրոպական, ռուսաստանյան և ամերիկյան բուհերի հետ, հատկապես կցանկանայի առանձնացնել Մոնպելյեի համալսարանի հետ խիստ արդյունավետ համագործակցությունը, որին էապես աջակցում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին շրջանավարտները:

Թե դասախոսական, թե ուսանողների շարժունության ապահովման տեսանկյունից կարևոր դերակատարություն ունի Էրազմուս ծրագիրը, որի շրջանակներում ամեն կիսամյակ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն են ստանում ուսանելու արտերկրում, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հանդես են գալիս դասախոսություններով:

Վերջին 5 տարիների ընթացքում մեր ֆակուլտետի ուսանողները հնարավորություն են ունեցել ուսանել Մադրիդի, Վարշավայի, Միչիգանի, Բյալիմստոկի, Բոլոնիայի, Տարտուի և այլ համալսարաններում, իսկ նրանց մի մասը մեր ֆակուլտետն ավարտելուց հետո հեշտությամբ ընդունվել և իրենց ուսումնառությունն են շարունակել Ժնևի, Ցյուրիխի, Նոթինգհեմի, Բեռլինի, Նյուրնբերգի, Ստոկհոլմի, Ուփսալայի, Գենտի, Էդինբուրգի, Կոպենհագենի համալսարաններում:

Ինչ վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ապա վերջին տարիներին ֆակուլտետում հյուրընկալվել են Լյուբլյանայի, Վարշավայի, Լինգշոփինգի, Տյուբինգենի, Թբիլիսիի համալսարանների դասախոսները, իսկ մեր դասախոսները դասախոսություններում հանդես են եկել Մոնպելյեի Փոլ Վալերի, Լյուբլյանայի, Տարտուի, Ստոկհոլմի, Թբիլիսիի, Ռիգայի, Կիևի համալսարաններում:

Այս պահին իրավագիտության ֆակուլտետում իրականացվում են համատեղ միջազգային ծրագրեր՝ Շվեդիայի Լինգշոփինգի, ինչպես նաև՝ Նոթինգհեմի համալսարանի հետ համատեղ:

Արդյունավետ ծրագրեր են իրականացվում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և միջազգային մեր գործընկերների՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, «Կոնրադ Ադենաուեր» հիմադրամի, ՄԱԿ-ի, ԵԽ-ի, Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի, ԱՄՆ-ի, Իտալիայի դեսպանատների ներկայացուցիչների համագործակցության շնորհիվ:

Տեսանյութեր

Լրահոս