Բաժիններ՝

«Երեք անգամ փորձել եմ հանդիպել ՀՀ վարչապետին, սակայն ապարդյուն»․ Ալեքսանդր Թամանյանի թոռ

Մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, ամեն օր քնում ու արթնանում է այն հույսով, որ, ի վերջո, կզանգահարեն ու կասեն՝ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացվելու է։

«Կորոնավիրուսի պատճառով չեմ կարողանում Հայաստան գալ, բայց փորձում եմ հեռվից էլ պայքարը շարունակել։ Երեք անգամ փորձել եմ հանդիպել ՀՀ վարչապետին, սակայն ապարդյուն։ 2016 թվականին, երբ փակվեց Ալեքսանդր Թամանյանի թանգարանը, այդ օրվանից ես պայքարում եմ, որպեսզի այս զարհուրելի սխալն ուղղվի, և հայ ազգը կարողանա պատշաճ մակարդակով և հպարտությամբ աշխարհին ներկայացնել իր երախտավորներից մեկի ժառանգությունն ու նվաճումները։ Իմ չորս տարվա պայքարը ցույց տվեց, որ, եթե երկրի վարչապետը ցանկանա և Կառավարությունը որոշում ընդունի՝ թանգարանի վերաբացման վերաբերյալ, ապա այդպես էլ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Թամանյանը։

Ճարտարապետի թոռը վստահեցնում է՝ կարող է ստորագրահավաք կազմակերպել, որին կմիանան հազարավոր մարդիկ և կապացուցեն, որ թանգարանը վերաբացելն անհրաժեշտություն է։

«Մի՞թե կաշառակերությունից ազատվող երկրին մաքուր և նվիրյալ որդու թանգարան ունենալը պատիվ չէ։ Ես դիմում եմ վարչապետին՝ ակնկալելով, որ քաջ գիտակցելով Թամանյանի նշանակությունը և նրա ժառանգության նկատմամբ անհապաղ հոգատար վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ որոշում կկայացնի այս հարցի վերաբերյալ»,- եզրափակեց Գագիկ Թամանյանը։

Հավելենք, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է ՀՀ կառավարության 2002 թվականի որոշմամբ։ ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի որոշմամբ՝ «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է` միանալով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Թանգարանի լրիվ անվանումն է՝ «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Թանգարանը գործել է 15 տարի, փակվել է 2016 թվականին:

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ լավ կլինի, եթե Ալեքսանդր Թամանյանի տուն-թանգարան լինի:

«Շատ շենքեր կան, դրանցից մեկն Ամիրյան փողոցի նախկին Բրյուսովի շենքն է, որը, 20 տարի է՝ թողնված է այնպես, ինչպես կար: Կարծեմ՝ նախկին արական գիմնազիան է: Շատ լավ տեղ է: Վերանորոգվել էր ու ծառայելու էր՝ որպես Երևանի պատմության թանգարան, բայց հետո վաճառեցին: Ամոթալի է, այո՛, մեր բացթողումներից մեկն է, որ չկա Թամանյանի թանգարան, ինչպես նաև՝ նրա մասին պատմող լավ գիրք: Ցանկություն ունենք մեծ գիրք պատրաստել: Դրսից ով էլ որ գա՝ պատմելու ենք, չէ՞, որ Թամանյանը եկավ 1920 թվականին ու սարքեց Երևանը, որը մինչ այդ գյուղաքաղաք էր՝ փոշոտ, տաղտկալի: Թամանյանի թանգարանը պետք է լինի քաղաքի կենտրոնում՝ «տուրիստների ոտքի տակ»»,- ասել էր Մկրտիչ Մինասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս