«Ամոթալի է, որ չկա Թամանյանի տուն-թանգարան, ինչպես նաև նրա մասին պատմող լավ գիրք»
Մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, ցանկանում է վերաբացել Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը:
Նշենք, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է ՀՀ կառավարության 2002 թվականի որոշմամբ։ ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի որոշմամբ «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է` միանալով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Թանգարանի լրիվ անվանումն է՝ «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Թանգարանը գործել է 15 տարի, փակվել է 2016 թվականին:
15 տարի պահեցինք այս թանգարանը, իսկ այդ ընթացքում երեք անգամ ուզեցին փակել՝ 2004, 2008 և 2016 թվականներին։ 2004թ. հորեղբորս տղան՝ Ալ.Թամանյան կրտսերն էր տնօրենը։ Նա կարողացավ պայքարել, և այդ թվին չփակվեց։ 2008թ. վեր կացա, եկա Երևան, դիմեցի մի շարք մարդկանց, խորհուրդ տվեցին հոգաբարձուների խորհուրդ կազմել, թե չէ կփակեն։ Հոգաբարձուների խորհուրդը չկազմվեց, բայց այն մարդիկ, ովքեր ուզում էին փակել, ինչ-որ մի ձևով նահանջեցին։ Բայց 2016 թվականին կառավարությունը որոշում ընդունեց միացնել երկու թանգարաններ, որը նշանակում է՝ փակել Թամանյանի թանգարանը, որովհետև 1000-ից ավելի նմուշներ հնարավոր չէ ցուցադրել միացյալ թանգարանում»,- ասում է ճարտարապետի թոռը՝ Գագիկ Թամանյանը:
Նա պնդում է՝ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը փակվել է 2016 թվականին՝ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանի ուժերով:
Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ ասաց. ««Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտն» ու «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը» միացվեցին, ու մուտքի մոտ գրվեց՝ Թամանյանի անվան թանգարան: Դա տուն-թանգարան չէր, ուղղակի թանգարան էր, սրահ էր: Կարևոր է ֆոնդ ունենալն ու գրանցելը: Ընթացքում անհարթություններ առաջացան: Կարծում եմ՝ Նարեկ Սարգսյանն ուզում էր վերականգնել, բայց բոլորը գրեցին՝ թանգարանը փակվում է, և այլն: Հետո ուզում էր վերաբացել, բայց թոռը եկավ, ամբողջ նյութերը տարավ: Հիմա երևի կվերականգնեն: Բայց ավելի լավ է, որ լինի Ալեքսանդր Թամանյանի տուն-թանգարան:
Շատ շենքեր կան, դրանցից մեկն Ամիրյան փողոցի նախկին Բրյուսովի շենքն է, որը, 20 տարի է՝ թողնված է այնպես, ինչպես կար: Կարծեմ՝ նախկին արական գիմնազիան է: Շատ լավ տեղ է: Վերանորոգվել էր ու ծառայելու էր՝ որպես Երևանի պատմության թանգարան, բայց հետո վաճառեցին: Ամոթալի է, այո՛, մեր բացթողումներից մեկն է, որ չկա Թամանյանի թանգարան, ինչպես նաև նրա մասին պատմող լավ գիրք: Ցանկություն ունենք մեծ գիրք պատրաստել: Դրսից ով էլ որ գա՝ պատմելու ենք, չէ՞, որ Թամանյանը եկավ 1920 թվականին ու սարքեց Երևանը, որը մինչ այդ գյուղաքաղաք էր՝ փոշոտ, տաղտկալի: Թամանյանի թանգարանը պետք է լինի քաղաքի կենտրոնում՝ տուրիստների ոտքի տակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մկրտիչ Մինասյանը:
Անի Կարապետյան