Փաշինյանի՝ «կինոյի տղու» իմիջը

«Հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին» արտահայտությունը, որն ասում է հայտնի դասական ֆիլմի ոչ պակաս դասական դերասանը, օրըստօրե հայաստանյան իրականության համար դառնում է դասագրքային ճշմարտություն։ Նիկոլ Փաշինյանը, ով դեռևս երկու տարի առաջ ՀՀ ամենապոպուլյար մարդն էր, այսօր շատ հանգիստ ու հաստատուն քայլերով դառնում է տոտալիտար կառավարիչ։

Ժողովրդավարությունը, որի մասին այդքան շատ սիրում է խոսել Նիկոլ Փաշինյանը, հերթական ֆեյք օրակարգն է, որը ներդրված է արհեստականորեն, քանի որ հենց ինքն է այդ ժողովրդավարությունը ոտնահարողը։

Փաշինյանն իր կառավարման ընթացքում մի քանի անգամ «նալյոտներ» է անում լրատվականների ու ազատ խոսքի նկատմամբ։ Բնական է, շատերի մոտ այնպիսի սպասելիք կար, որ Փաշինյանը, լինելով լրագրող և տևական ժամանակ պայքարելով ազատ խոսքի ու ընդդիմադիր կարծիքը տեղ հասցնելու գործում, պետք է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերեր լրատվականների ու մամուլի ազատականության հարցում, սակայն մենք այսօր տեսնում ենք տրամագծորեն հակառակը։

Իր մի քանի ելույթներում Փաշինյանը քանիցս շեշտել է, թե «ՀՀ-ում այսօր խոսքի իրավունքը գերակա արժեք է, քանի որ լրատվականների մեծ մասը պատկանում են հայտնի ուժերին և ամենօրյա ռեժիմով քննադատում են իշխանությանը»։ Արդեն շեշտել ենք այն փաստը, որ Նիկոլը քննադատություն չի սիրում, ավելին՝ դրանից վերջինիս մոտ դեպրեսիա է առաջանում, և  նա ինքնըստինքյան հայտնվում է քաղաքական վակուումի մեջ։

Այսօր արդեն ականատես եղանք ազատ խոսքի ճնշման բացահայտ դեպքի հետ, երբ դիմակ չկրելու քողի տակ, ոստիկանները վարչական վարույթ կիրառեցին լրատվականներից մեկի նկատմամբ, և կոնկրետ այն լրագրողի հեղինակային հաղորդաշարի հետ կապված դեպքի առիթով, ով բավականին կոշտ ու բովանդակային քննադատում է Փաշինյանի իշխանությանը՝ փաստական օրինակների և իրավիճակների բավականին կոռեկտ համադրությամբ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ՀՌԱՀ-ի կողմից հստակ առկա է թույլտվություն, տաղավարներում սոցիալական համապատասխան հեռավորության և ախտահանության պահպանման դեպքում լրագրողները կարող են դիմակ չկրել։

Սակայն, ինչպես ընդունված է ասել, դա հարցի մի կողմն է, և ոչինչ, որ այդ որոշումը կայացվել է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող պետական գլխավոր կառույցի կողմից, մյուս պետական կառույցը կարող է հանգիստ այն հաշվի չառնել։

Միանշանակ է, որ խոսքի ազատության և ազատ արտահայտվելու իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է սահմանվի օրենքներով, որոնք, իրենց հերթին, պետք է հակիրճ և հստակ լինեն, որպեսզի բոլորը կարողանան հասկանալ դրանք:

Կարող ենք արձանագրել, որ ժողովրդի լայն շրջանակների կողմից «ժողովրդական» և «լիբերալ» իմիջ ստեղծած Փաշինյանի իրական դեմքի տակ թաքնված է սովորական «բռնապետիկ», ով այսօր փորձում է ինքնահաստատվել և բոլորին ցույց տալ, որ ՀՀ-ում ներկայումս «կինոյի տղեն» ինքն է։

Դեռևս սրանից 2000 տարի առաջ աստվածաշնչյան մարգարեությունն ասում է, որ մարդիկ պետք է հեռու մնան կեղծ բարեպաշտներից ու գառան դեմքով գայլերից, ովքեր ավելի վտանգավոր են, քան իրական գայլերը։ Իսկ այս ամենը, եթե փորձենք թարգմանել, տեսնում ենք, թե ինչպես է հանրային լայն սեգմենտների ականջներին լապշաներ կախելով և լոլոներ կարդալով իշխանության եկած անհատը կտրվում ժողովրդից, կորցնում իրականության զգացումը և սկսում ապրել սեփական «ավազե դղյակում»։

ՀԳ Ի դեպ՝ ժողովրդավարության մասին։ Երբ 1990-ականներին «ժողովրդավարություն» տերմինը ներդրվում էր հայկական քաղաքական տերմինաբանության մեջ՝ որպես «դեմոկրատիա» բառի հայեցի թարգմանված տարբերակ, ի սկզբանե սխալ թարգմանություն ստացավ, ապա և սկսվեց դրա սխալ կիրառումը։ Բանն այն է, որ «դեմոկրատիան» հունարեն՝ demos-ժողովուրդ և kratos-իշխանություն բառն է, ինչը հայերեն տարբերակում պետք է լիներ ոչ թե՝ ժողովրդավարություն, այլ՝ ժողովրդաիշխանություն։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս