«Պատասխանի փոխանցումը փոքր-ինչ հետաձգվել է»․ Եվրահանձնաժողովի պարզաբանումը Փաշինյանին ուղարկված Միշել-ֆոն դեր Լեյենի նամակի վերաբերյալ

ՀՀ գործող իշխանություններին չհաջողվեց Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների համատեղ նամակը ներկայացնել՝ որպես եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների աջակցություն ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը հունիսի 22-ի երեկոյան 89 կողմ ձայներով, առանց դեմի և ձեռնպահի, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների աղմկահարույց և մի շարք քաղաքական ուժերի, բազմաթիվ իրավաբանների որակմամբ՝ հակասահմանադրական նախագիծը:

Այսպիսով ՀՀ իշխանությունները իրավապաշտպանների, փորձագետների որակմամբ, ՀՀ-ում, իրենց իսկ գնահատմամբ՝ ստեղծված սահմանադրական ճգնաժամը փորձեցին «լուծել» հակասահմանադրական ճանապարհով, ավելին՝ անտեսելով ավելի վաղ տարածված Վենետիկի հանձնաժողովի (ՎՀ) կարծիքը։

Չնայած ՀՀ իշխանությունները փորձեցին այլ կերպ ներկայացնել այս կառույցի կարծիքը՝ նշելով, թե առաջարկվող լուծումը հանձնաժողովը եվրոպական չափանիշերին համապատասխան է որակել, իրականում ՎՀ դիրքորոշման համաձայն՝ «Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում Հանձնաժողովի եզրակացության մեջ արտահայտած դիրքորոշումներին» (եզրակացության 82-րդ կետ)։

Սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը հաջորդած բուռն ներքաղաքական քննարկումների ֆոնին բավական հատկանշական էր ԱԺ-ում հունիսի 22-ի քվեարկությունից հետո հունիսի 24-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համատեղ նամակը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, անկախ բովանդակությունից, իշխանական քարոզչամեքենան ներկայացրեց՝ իբրև Բրյուսելի աջակցություն ՀՀ իշխանությունների նախաձեռնած հակասահմանադրական փոփոխություններին, որովհետև այն տարածվեց այդ քվեարկությունից հետո։

Առավել ակտիվորեն իշխանական շրջանակները շրջանառում էին եվրոպական պաշտոնյաների ձևակերպումը, թե «խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունն այս ամուր հիմքերի վրա» նամակում ասված տողը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե ԵՄ-ն կողմ է ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։

Սակայն ժամեր անց մամուլում սկսեցին շրջանառվել տեղեկություններ, որ նամակը ՀՀ վարչապետին ուղարկվել է շատ ավելի վաղ, քան պաշտոնապես տարածվել է մամուլում։

168am-ն այս տեղեկությունների հավաստիությունը պարզելու նպատակով դիմեց Եվրոպական հանձնաժողովի լրատվական ծառայություն՝ խնդրելով պարզաբանել, թե նամակը ե՞րբ է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն արձագանքեց մեր հարցին՝ պատասխանելով, որ նախագահներ Միշելն ու ֆոն դեր Լեյենը հունիսի 22-ին են նամակն ուղարկել՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակագրության։

«Պատասխանի փոխանցումը փոքր-ինչ հետաձգվել է, այդ իսկ պատճառով այն շոշափում է միջոցառումներ, որոնք ներկայումս տեղի են ունեցել, ինչպիսիք են՝ Արևելյան գործընկերության ղեկավարների տեսակոնֆերանսը»,- մեր հարցին ի պատասխան՝ ասել է Փիթեր Ստանոն։

Ներկայացնում ենք նաև անգլերեն պատասխանը.

«Presidents Michel and von der Leyen sent on 22 June a letter in reply to correspondence from Prime Minister Pashinyan. The reply was a little delayed in its transmission, which is why it refers to events that have now taken place, such as the Eastern Partnership leaders’ VTC».

ԵՀ պաշտոնյայի պատասխանից պարզ է դառնում, որ նամակը, ավելի ճիշտ՝ պատասխանը հայկական կողմին ուղարկվել է ԱԺ քվեարկության օրը, սակայն ուշացումով, տեխնիկական խնդիրների պատճառով, ի պատասխան ՀՀ վարչապետի՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ արած շնորհավորանքի, այսինքն՝ նամակը ՀՀ վարչապետին պետք է ուղարկվեր շատ ավելի վաղ, քան հունիսի 22-ը, ինչպես ակնարկում է Փիթեր Ստանոն։ Ուստի, այն ինչ-որ կերպ ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին կապելը առնվազն տարօրինակ ու անհեթեթ է։

Տեսանյութեր

Լրահոս