Կորոնավիրուսային «դիմակային հեղափոխությունից»՝ մինչև ՀԴՄ կտրոն պահանջելու «տնտեսական հեղափոխություն»
Հունիսի 22-ին տեսակապով ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մասնակցել է «Female political leaders as champions for testing: Test to Exit COVID-19» խորագրով համաժողովին:
Համաժողովի նպատակն էր՝ միավորել միջազգային հանրությանը, առողջապահության և քաղաքական ոլորտի կին առաջնորդներին՝ կիսվելու իրենց փորձով, հանդես գալու խորհուրդներով, ցույց տալու հնարավոր ռազմավարություն, թե ինչպես Covid-19 համաճարակի ընթացքում երկրները կարող են կրկին վերաբացվել, և ինչպես ապահովել հանրությանը նոր, պարզ և մատչելի թեստերով:
Բանախոսներն էին՝ Սենեգալի Հանրապետության նախկին վարչապետ Ամինատա Տուրը, Նորվեգիայի նախկին վարչապետ Գրու Հարլեմ Բրունթլանը, Աֆրիկյան միության սոցիալական հարցերով հանձնակատար Ամիրա Էլֆադիլ Մուհամեդ Էլֆադիլը, Նորարարական ախտորոշման հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Կատարինա Բոեհմեն, կին քաղաքական առաջնորդների միավորման հիմնադիր և նախագահ Սիլվանա Կոչ-Մեհրին, G20 առողջապահության և զարգացման համագործակցության գործադիր տնօրեն Հատիս Քուչուկը:
Թե որքանո՞վ է Աննա Հակոբյանը քաղաքական առաջնորդ՝ տվյալ դեպքում մի կողմ թողնենք, սակայն պետք է նշել, որ վարչապետի կին լինելու կարգավիճակից և դիրքից օգտվելով, ապակառուցողական հակառակորդին խաղաղության կոչ անելով, քաղաքական առաջնորդ չեն դառնում:
Բայց ամենաուշագրավը և գուցե զավեշտալին. Covid-19-ի դեմ պայքարի այդ ի՞նչ ռազմավարություն և փորձ է փոխանցել տիկին Հակոբյանը, որը 4-5 ամիս դե յուրե արտակարգ դրության մեջ գտնվող ՀՀ-ում չի երևում, բացի այն, որ վարակակիրների թիվը հատել է 20.000-ի սահմանագիծը, մահերի ցուցանիշը 386 է, որ մեկ շնչին ընկնող վարակակիրների և մահերի հաշվարկով տարածաշրջանի երկրների շարքում վատ իմաստով առաջատար ենք:
Ի՞նչ ռազմավարության մասին է խոսքը, երբ հենց սկզբից չենք կարողացել ճիշտ մարտավարություն ընտրել և մի քանի դեպքերի պարագայում չծանրաբեռնել բժիշկներին, երբ փոխարենը՝ հենց սկզբից մոբիլիզացնեինք բոլոր հիմնարկները կամ դաշտային հոսպիտալներ բացեինք, ինչպես պատերազմի դեպքում, գումարներ վատնեցինք հյուրանոցների վրա՝ ցույց տալու, թե միակ երկիրն ենք, որ վարակակիրը կամ կոնտակտավորը հյուրանոցային պայմաններում է բուժվում: Այս չռազմավարության օրինակները կարելի է շարունակել, որը թույլ է տվել հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում ուղղությամբ մասնագիտացած առողջապահության նախարարը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ:
Ավելին, մինչ այժմ թեստավորման խնդիր ենք ունեցել, և միայն այսօր ավետվեց, որ հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են: Ի դեպ, այս դեպքում էլ նախապես խոստացված 550.000 դոլարը չեն տվել, ավելի կոնկրետ՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին տրամադրվել են միայն ռեագենտներ և լաբորատոր պարագաներ, որոնց արժեքը խոստացված գումարի մոտ կեսն է կազմում: Իսկ արտադրվող թեստերի օրական խմբաքանակը նախնական հաշվարկներով կլինի 1500-2000 հատ:
Ի՞նչ փորձի և ռազմավարության մասին է խոսել Աննա Հակոբյանը, երբ համաճարակի դեմ ամբողջական և լուրջ պայքարը տեղավորել են դիմակ դնել-չդնելու շրջանակի մեջ, կամ պրիմիտիվացրել և հասցրել փողոցում «Տավուշ տեքստիլի» 100 դրամանոց դիմակներ բաժանելու մակարդակի: Այսինքն՝ գործում է նույն տրամաբանությունը, ինչ Փաշինյանի հայտարարած «տնտեսական հեղափոխության» դեպքում, որն իրենից ներկայացնում էր զուտ ՀԴՄ պահանջելու օպերացիա, երբ էլի նույն կոչն էր՝ տեսագրել ՀԴՄ չտվող վաճառողին, ինչպես այսօր՝ դիմակ չդնող քաղաքացուն, վարորդին: Սա ոչ այլ ինչ է, քան ամեն կերպ ձախողման մեղքը ժողովրդի վրա գցելու փորձ, ինչն առավել ընդհանուր կարելի է համարել քարոզչական տեխնոլոգիա՝ «պարզ լուծում» անվամբ:
Այսինքն՝ հայտարարվում է խնդիրը՝ իրական կամ մտացածին, որը պիտի լուծվի այս մեթոդով: Օրինակ՝ 30 վայրկյան կպահանջվի քվեարկելու համար, ձայնդ տուր մեզ, և խնդիրդ կլուծվի, ու դու էլ ոչ մի բանի մասին չես մտածի: Ասվածի վառ օրինակն օրեր առաջ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի ելույթն էր, երբ ներկայացնում էր ՍԴ-ի վերաբերյալ օրինագիծը՝ «քվեարկում ենք, որ անհատը լինի երջանիկ»:
Այստեղ հիշեցի 2018-ի ապրիլին РБК-ին տված հարցազրույցը, որտեղ Փաշինյանը խոսում էր բոնուսային քարտերի մասին, թե իբր անցնելու ենք միասնական բոնուսային սիստեմի վճարային համակարգում, որն առնչվելու էր սպասարկման ծառայությունների ոլորտին, խանութների և տաքսիների գործունեությանը:
«Տարեկան գնումներից որոշակի տոկոս կկուտակվի ձեր բանկային հաշվին, որը կարող եք հանել, երբ ցանկանաք: Սա անհրաժեշտ է, որպեսզի գնորդը հետաքրքրված լինի տրանզակցիայի գրանցման հարցում»,- նշել էր Փաշինյանը՝ վստահեցնելով, որ տարեկան կտրվածքով, ըստ իրենց հաշվարկների, սա կբերի բյուջեի մոտ 30 տոկոս աճի:
Այս հարցազրույցից հետո անցել է 2 տարի, բայց ոչ մի բոնուսային քարտ, և ոչ էլ դրանից հետո խոստացված ներդրումներ՝ նախքան համաճարակային ճգնաժամը, փոխարենը՝ պահի և ոչ պահի թելադրանքով ժողովրդին տուգանքի մատերիալ դարձնելու օրենք, որոշում, բայց դրան զուգահեռ՝ չեն դադարում «30 րոպեում երջանիկ լինելու կամ հարստանալու» խոստումները, որոնց կան հավատացողներ, երանելի հավատացողներ, որ չեն տեսնում, բայց հավատում են…, նրանց, որոնք, թերևս, գտել են «30 րոպեում» հարստանալու ձև…