Բաժիններ՝

Եթերում դիմակ կրելու պարտադիր պահանջ չկա

Կորոնավիրուսի համավարակի դեմ արդյունավետ պայքարելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց ու քաղաքական մեծամասնությունը շարունակեց «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր» ֆլեշմոբը։

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ եթե մինչ այս ֆլեշմոբի մեկնարկը բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէր, ապա ֆլեշմոբից հետո բաց տարածքների համար ևս պարտադիր դարձավ դիմակ կրելը։ Արդեն երկու շաբաթ է՝ հեուստաընկերություններում և որոշ օնլայն ԶԼՄ-ների տաղավարներում նկարահանումներն իրականացվում են դիմակով։

Հեռուստաընկերությունների ղեկավարները և՛ տաղավար հրավիրված հյուրին, և՛ հաղորդավարներին պարտադրում են կրել դիմակ։ Սակայն տաղավարներում դիմակով նկարահանումները պարտադրվում են այն դեպքում, երբ պարետի որևէ որոշում, որով սահմանված կլիներ եթերային տաղավարներում դիմակ կրելու պարտադիր լինելու պահանջ, չկա:

Ըստ էության՝ մոտ երկու շաբաթ տարբեր հեռուստաընկերություններ` տուրք տալով ՀՌԱՀ «խնդրագրին», դիմակով էին իրականացնում իրենց նկարահանումները, որի պարտադիր լինելու նորմատիվային հիմքը բացակայում է: Նորմատիվային հիմքի բացակայության մասին 168.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Հեռուստաընկերությունների տաղավարներում պարտադիր դիմակով նկարահանում անելու պարետի համապատասխան որոշում չկա՝ որքանով ես գիտեմ։ Դա թողնված է հեռուստաընկերությունների վրա. իրենք են որոշում՝ տաղավարում դիմակով նկարահանում անե՞լ, թե՞ ոչ, իսկ հստակ պարետի որոշում այդ մասով չկա»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

Ի դեպ՝ 168.am-ի տեղեկություններով՝ երեկ ԱԺ-ում՝ Մխիթար Հայրապետյանի գլխավորած Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել փակ հանդիպում հեռուստաընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ ևս ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ որևէ իրավական հիմք, որով իրենք կարող են հեռուստաընկերություններին պահանջել եթերում պարտադիր կերպով դիմակ կրել` չունեն:

Հանդիպման վերաբերյալ մեր տեղեկությունը հաստատեց նաև Տիգրան Հակոբյանը, բայց նշեց՝ քանի որ հանդիպումը փակ է եղել, որևէ մանրամասն չի կարող ներկայացնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս