ՀՀ-ն Արժույթի միջազգային հիմնադրամից մոտ 315 միլիոն դոլար վարկ կվերցնի
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև կնքված վարկային համաձայնագրի նախագիծը, որով նախատեսվում է հիմնադրամից մոտ 315 միլիոն դոլարին համարժեք փոխառու միջոց ստանալ՝ որպես աջակցության վարկ:
Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրեց 2020 թվականի ապրիլին արված կանխատեսումները, որոնց համաձայն՝ համավարակով պայմանավորված՝ աշխարհի 170 երկրում կգրանցվի տնտեսական անկում, և համաշխարհային տնտեսության համար դրա ազդեցությունը կկազմի մոտ 3,5%:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ Հայաստանը բացառություն չէ, և մեր երկրի բյուջետային ցուցանիշների վրա ևս որոշակի ազդեցություն կլինի: Ըստ Ջանջուղազյանի՝ ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչը՝ ծախսերի գրեթե նույն մակարդակը պահպանելու և ողջամիտ քաղաքականություն վարելու դեպքում, կհանգեցնի դեֆիցիտի մեծացման:
«Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում: Հետևաբար՝ դեֆիցիտի մեծացումն ինքնաբերաբար կհանգեցնի նաև պարտքի աճի»,- նշեց նախարարը:
Ատոմ Ջանջուղազյանը նաև հավելեց, որ համաձայնագիրն արդեն իսկ հաստատել է Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը, բայց այն ուժի մեջ կմտնի միայն ներպետական ընթացակարգի ավարտից հետո: Նախարարի խոսքով՝ հաջորդ քայլը լինելու է համաձայնագիրը ՍԴ-ում ներկայացնելը, ապա՝ առաջարկելը, որ ԱԺ-ն այն վավերացնի:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում