Երբ արձանագրում ենք կապտականաչ ջրիմուռների աճ, փաստացի մտնում ենք լճի ճահճացման փուլ, որը վտանգավոր է․ Փոխնախարարը՝ Սևանի խնդրի մասին
«Մենք պարբերաբար վերահսկում, նմուշառում ենք Սևանա լճի ջուրը՝ հասկանալու, թե ի՞նչ պրոցեսներ են տեղի ունենում, և կանխատեսելու՝ կանաչում լինելո՞ւ է, թե՞ ոչ, և ի՞նչ ծավալով»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։
Նրա խոսքով՝ դեռևս անցած տարի գիտնականների և մասնագետների հետ խորհրդակցության արդյունքում այն եզրահանգման են եկել, որ կանաչումը մեզ հետ լինելու է պարբերաբար՝ հաշվի առնելով, որ բացասական ներգործությունը Սևանա լճի էկոհամակարգի վրա տևել է տասնամյակներ, և այդ կանաչումը կամ ծաղկումը, որի մասին խոսում ենք, դեռևս 1960-ական թթ․ է տեղի ունեցել, երբ խախտվել էր Սևանի էկոհամակարգի հավասարակշռությունը, բացասական ազդեցություն էր ներգործվել հատակամերձ շերտի վրա։
«Այս խնդրին մասնագետները բախվել են տարիներ առաջ, սակայն կան հավելյալ գործոններ, որոնք ևս բացասական են ազդում լճի էկոհամակարգի վրա։ Գլխավոր խնդիրներից է ջրի մակարդակի իջեցումը։ Տարիներ շարունակ բացասական ներգործություն է եղել կենցաղային և այլ կեղտաջրերի ներհոսքի պատճառով։ Վերջին ամենակարևոր գործոնը դա ընդհանուր առմամբ մոլորակի տաքացումն է։ ՀՀ տարածքում գրանցել ենք տաքացումներ, ինչը հավելյալ բացասական գործոն է և, ցավոք, նպաստում է ծաղկմանը։ Հաշվի առնելով այդ փաստը՝ մենք մշակել ենք մի ծավալուն փաստաթուղթ, ներկայացրել ենք մեր գործընկերներին, հատկապես՝ Եվրամիությանը, քանի որ անցած տարի ՀՀ վարչապետի և կառավարության կողմից առաջարկվեց ԵՄ-ի աջակցության միջոցով իրականացնել Սևանի էկոհամակարգի վերականգնման ծրագիր, որի համար նախատեսվել է 5 միլիոն եվրո»,- նշեց Իրինա Ղափլանյանը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ փաստաթուղթը բավականին ծավալուն է․ կա Սևանա ջրի քանակական և որակական խնդիր։
«Քանակական խնդիրներից խոսելիս հարկ է նշել, որ դեռևս 2001թ․ Սևանի մասին օրենքում արձանագրվեց այն կարևոր փաստը, որ մակարդակը պետք է բարձրացվի։ Այսինքն, պետք է ապահովենք ներհոսքը, նվազեցնենք արտահոսքը։ Տվյալ ծրագրի շրջանակներում որոշեցինք առաջնահերթ երեք միջոցառում իրականացնել՝ առնվազն մեկ խոշոր ափամերձ համայնքի կենցաղային կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի ստեղծում, գետերի հուների մաքրում՝ հաշվի առնելով, որ, ցավոք, մեզ մոտ Սևանի ձուկը վերարտադրման խնդիր ունի։ Ձկնուղիները փակ են, քանի որ գետերը և գետերի հուները շատ աղտոտված են։ Երրորդը Սոդքի լքված հանքավայրի ռեկուլտիվացումն է։ Անցած տարի նմուշառում էր արվել և բավականին լուրջ՝ ծանր մետաղներով աղտոտում է այդտեղ, որը պետք է կանխել ռեկուլտիվացման աշխատանքների միջոցով։ Ամենայն հավանականությամբ, այդ ծրագրով երեք ուղղություններով կսկսենք զբաղվել սեպտեմբերից»,- ընդգծեց Իրինա Ղափլանյանը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ընդգծեց, որ, երբ ներկայիս տվյալները համեմատել են անցած տարվա մայիս ամսվա տվյալների հետ, ապա արդեն արձանագրվել է ֆոսֆորի քանակության որոշակի սպառում, ինչը, ըստ մասնագետների՝ վկայում է այն մասին, որ ցիանոբակտերիաների աճն արդեն սկսվել է։
«Սևանի դեպքը եզակի չէ, աշխարհով մեկ նման ծաղկումներ ունենք, և սա հաշվի առնելով՝ խորհրդակցել ենք մի քանի միջազգային մասնագետների հետ՝ հասկանալու, թե ի՞նչ է սպասվում Սևանում՝ տոքսիկության աստիճանի, մասշտաբի և այլ հարցերի հետ կապված։ Հաշվի առնելով Սևանա լճի բարձրադիր գոտին և ջերմաստիճանը, որ համեմատական առումով շատ ավելի ցածր է, քան այլ ջրավազաններում, որտեղ որ դիտարկվում է կապտականաչ ջրիմուռների աճը, ըստ մասնագետների՝ այդ տոքսիկությանը չի հասնի, ինչ այլ ջրավազաններում։ Այնուամենայնիվ, դա շատ վտանգավոր է լճի էկոհամակարգի համար, որովհետև, երբ արձանագրում ենք կապտականաչ ջրիմուռների աճ, փաստացի մտնում ենք լճի ճահճացման փուլ, որը վտանգավոր է։ Եթե չկարողանանք միջոցառումներ ձեռնարկել ժամանակին, կանխել օրգանական զանգվածի ներհոսքը դեպի լիճ, փաստացի լիճը կարող ենք կորցնել։ Կապտականաչ ջրիմուռները սնվում են օրգանական նյութով, մասնավորապես՝ ֆոսֆորով, և այդ ներհոսքի կանխումն առաջնահերթ է։ Հարկ է նշել, որ այդ կուտակումները Սևանի ջրավազանում տասնամյակներով են եղել, և այդ բարձր կուտակման ֆոնի վրա է ծաղկում լիճը։ Առաջնային է՝ կանխել հավելյալ ճնշումը, ներհոսքը Սևանա լճի վրա և նվազեցնել այն օրգանական զանգվածը, որը կա լճում, և դա արվելու է կենսապաշարի՝ ձկների մեծացման հաշվին»,- ասաց Իրինա Ղափլանյանը։
Ինչ վերաբերում է Սևանում լողալու թույլտվությանը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը նշեց, որ կախված լճի «ծաղկման» մակարդակից՝ լիազոր մարմինները համապատասխան կարծիք կներկայացնեն, հնարավոր է՝ ինչ-որ հատվածում թույլատրվի լողալ, ինչ-որ հատվածում՝ ոչ:
Խոսելով ափամերձ անօրինական շենք-շինությունների մասին՝ Իրինա Ղափլանյանն ասաց, որ դեռևս անցած տարվա ընթացքում գույքագրվել են մեծ թվով տարածքներ, քաղաքացիները ծանուցվել են, դրանք ապամոնտաժվելու են։ Գույքագրված շենք-շինություններից 32-ը հանրային են, և դրանք առաջին հերթին կապամոնտաժվեն։