ԱՄՆ կողմից ֆինանսավորված բիոլաբորատորիաները Հայաստանում. ի՞նչն է անհանգստացնում Մոսկվային և Պեկինին

Վերջին շրջանում լայն տարածում են գտել Հայաստանում Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության նպատակների շուրջ մտավախությունները, որոնք հիմնական հնչում են ռուսական և չինական շրջանակներից, հատկապես COVID-19 համավարակի բռնկման հետ զուգահեռ։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև 2000թ․ հուլիսի 24-ին ստորագրվել է «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի ստորագրումը հնարավորություն ընձեռեց հետագայում Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի շուրջ երկկողմ համագործակցություն իրականացնելու համար: Արդյունքում, Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի («DTRA») շրջանակներում, 2010թ․ սեպտեմբերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև ստորագրվեց «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Այս համաձայնագրի շրջանակներում, 2008թ․-ից ի վեր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության («DTRA») և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով Հայաստանում իրականացվում է կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագիրը («CBEP»):

Նախ, «DTRA»-ն իրենից ներկայացնում է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի և ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության մտավոր, տեխնիկական և գործառնական առաջատարը կենսաբանական, քիմիական և միջուկային սպառնալիքների դեմ պայքարում: Ինչ վերաբերում է «DTRA»-ի մաս կազմող «CBEP» ծրագրին, ապա այն աշխատում է թունավոր նյութերի, դրանց հետ կապված փորձաքննության, այլ զարգացող վարակիչ հիվանդությունների ռիսկերի սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ, և կանխելու, որ այդ թունավոր նյութերը չհասնեն պետական կամ ոչ պետական դերակատարների, որոնք կարող են օգտագործել դրանք Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների դեմ։

«CBEP»-ը գործում է Ամերիկյան զինված ուժերի եվրոպական հրամանատարության («EUCOM») տարածաշրջանում 1990-ականների վերջից և ակտիվորեն ներգրավված է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը։ Ծրագրիը կենտրոնացած է անվտանգությանը սպառնալիք ներկայացնող բոլոր ախտածինների վերացման կամ կոնսոլիդացման վրա։

Այս ծրագրի շրջանակներում Հայաստանում գործում է 6 կենսաբանական լաբորատորիա, որոնցից առաջին երեքի բացումը եղել է 2016թ․-ին Իջևանում, Երևանում և Գյումրիում։ Երևանի լաբորատորիան իրենից ներկայացնում է ազգային կենտրոնացված ընդհանուր հաստատություն, որի հետ կապված են տարածքային մյուս լաբորատորիաները։ 2017թ․ բացվեցին ևս երեք լաբորատորիաներ՝ այս անգամ Մարտունիում, Կապանում և Վանաձորում։ ՀՀ կառավարության և իրենց ամերիկյան գործընկերների համատեղ ջանքերով բացված լաբորատորիաների նպատակը հիվանդությունների վերահսկման Հայաստանի հնարավորությունների բարձրացումն է՝ թույլ տալով արագորեն հակազդել վտանգավոր թե՛ մարդկային, թե՛ կենդանական հիվանդությունների հետագա բռնկմանը։

Այս լաբորատորիաների առկայությունը հետխորհրդային երկրներում մշտապես անհանգստացրել է պաշտոնական Մոսկվային, և հատկապես վերջին շրջանում COVID-19-ը համավարակի բռնկման ֆոնին և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների լարմանը զուգընթաց Մոսկվայի քննադատություններին միանում է նաև Պեկինը:

Դրա վառ ապացույցն է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի 2020թ․ ապրիլի 17-ի հայտարարությունը, որտեղ վերջինս մտավախություն է արտահայտել հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության շուրջ, որտեղ, ըստ խոսնակի, «կենսաահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, երկակի նշանակության կենսաբանական լաբորատորիաներ են գործում ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Սպառնալիքի համատեղ նվազեցման» պաշտպանական ծրագրի հովանու ներքո»։ Իր ելույթում, Զախարովան չբացառեց, որ այդ լաբորատորիաներում հնարավոր է, որ «աշխատանքներ են տարվում վտանգավոր հիվանդությունների և տարբեր ախտածինների, այդ թվում՝ ռազմական նպատակներով ստեղծելու և փոփոխելու ուղղությամբ»։ Եվ այն հանգամանքը, որ այդ վտանգավոր կենսաբանական ներուժ ունեցող ենթակառուցվածքները ձևավորվում են ամերիկացիների կողմից Ռուսաստանի սահմաններին շատ մոտ, մտավախություն է առաջացնում։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի կարծիքը նաև կիսում է Չինաստանը, և 2020թ․ ապրիլի 29-ի իր հայտարարության մեջ Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Գեն Շուանը նշեց, որ ԱՄՆ-ն լուռ է նախկին ԽՍՀՄ երկրներում գործող լաբորատորիաների գործունեության, նպատակների և անվտանգության հարցում՝ խորը անհանգստություն առաջացնելով տեղի ժողովրդի և հարևան երկրների համար, և հույս հայտնեց, որ ԱՄՆ-ն հստակ միջոցներ կձեռնարկի փարատելու միջազգային համայնքի կասկածները։

Ամերիկյան կողմից հետխորհրդային տարածքում ամերիկյան լաբորատորիաների հետ կապված մտավախությունների առումով հստակ մեկնաբանություններ դեռ չեն ներկայացվել, այնուամենայնիվ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Համաշխարհային ներգրավվածության կենտրոնի (որը հետևում է արտաքին քարոզչությանը) համակարգող Լիա Գեբրիելլը հայտարարել է, որ Ռուասաստանի և Չինաստանի գործողությունները քարոզչության առումով հաճախ համակարգված են, և COVID-19 համավարակի շրջանում այդ քարոզչությունը ցանկանում են ծառայեցնել իրենց նպատակներին՝ որպես օրինակ բերելով Պեկինի և Մոսկվայի կողմից աջակցություն ստացող ԶԼՄ-ները, որոնք «նորից շրջանառության մեջ են դնում նախկին Խորհրդային Միությունում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաների մասին կեղծ պատմությունները»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տարբեր մակարդակներով պարբերաբար շեշտվում է այն հանգամանքը, որ այդ կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, և չեն օգտագործվելու որևէ այլ պետության դեմ։ Այնուամենայնիվ, Մոսկվայի անհանգստությունները փարատելու նպատակով դեռ 2018թ․-ին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվել էր ՌԴ պատվիրակության ճանաչողական այց Երևանում և Գյումրիում տեղակայված լաբորատորիաներ, որից հետո «Կոմերսանտ» թերթին տված իր հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ռուս մասնագետները երբևէ չեն ունեցել [այդ լաբորատորիաներ] մուտք գործելու խնդիր և չեն ունենա այն պահից, երբ ես դարձա ՀՀ վարչապետ: Այս լաբորատորիաները ամբողջությամբ գտնվում են Հայաստանի իշխանությունների հսկողության տակ: Մենք պատրաստ ենք համագործակցության, և ռուս մասնագետներն արդեն այնտեղ եղել են և համոզվել, որ այդ լաբորատորիաների մեջ ոչ մի վատ բան չկա: Իրականում այս լաբորատորիաները շատ լավ որակի են: Կարծում եմ՝ շատ լավ է, որ մենք ունենք նման բարձրորակ լաբորատորիաներ: Դա որևէ կերպ չի կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ: Ընդհակառակը, մենք հրավիրում ենք ռուս մասնագետների և պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը: Նրանք արդեն եղել են այնտեղ, և երբ նրանց մոտ նորից ցանկություն առաջանա, սահմանափակումներ չեն լինի»։

Իսկ արդեն 2019թ․ նույն «Կոմերսանտ» թերթին տված իր մեկ այլ հարցազրույցում վարչապետ Փաշինյանը խոսեց այն հուշագրի մասին, որը նախատեսվում է ստորագրել Հայաստանի և Ռուսաստանի միջև կենսաբանական լաբորատորիաների խնդրի շուրջ անհանգստությունները վերացնելու նպատակով։ Ի պատասխան այն հարցին, թե ռուս մասնագետների համար այդ լաբորատորիաները միշտ հասանելի կլինեն, թե ոչ՝ վարչապետը պատասխանեց․ «Փաստացի, սա նվեր է Հայաստանին, և շատ արժեքավոր նվեր: Մենք դեռ աշխատում ենք հուշագրի տեքստի վրա: Այս փաստաթղթի հիմնական նպատակը բոլոր կողմերի շահերի պաշտպանությունն է, որպեսզի մեր գործընկերներից որևէ մեկի մոտ չլինի որևէ անհանգստություն այդ լաբորատորիաների վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է վերոնշյալ հուշագրի ստորագրմանը, ապա 2019թ․ նոյեմբերին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ, ՌԴ արտգործնախարար Ս․ Լավրովը հայտարարեց, որ հուշագրի տեքստի շուրջ բանակցությունները ընդհանուր առմամբ ավարտված են և գտնվում են միջգերատեսչական համաձայնեցման փուլում ու հույս է հայտնում, որ մոտ ժամանակներում այն կստորագրվի։

ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը դեռևս չի ստորագրվել, որը, ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի հաղորդմամբ, «ներկայումս գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ», միևնույն ժամանակ ավելացնելով, որ հուշագրի ընթացիկ նախագիծը «չի նախատեսում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը»։

Այսպիսով, Հայաստանում գործող լաբորատորիաները, թեև ԱՄՆ ֆինանսական միջոցներով են վերազինվել, սակայն Հայաստանի սեփականությունն են, վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից, իսկ անձնակազմում ներառված են միայն ՀՀ քաղաքացիներ։ Հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը արդեն իսկ ռուս մասնագետներին թույլ է տվել ճանաչողական այց իրականացնել ՀՀ-ում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ և այդ ոլորտում համագործակցությունը ընդլայնելու համար քայլեր են իրականացվում հուշագիր ստորագրելու ուղղությամբ, ապա ողջամիտ կլինի, որ այդ լաբորատորիաներ մուտք գործելու հարցում հնարավորություն տրվի բոլոր այն բարեկամ երկրներին, որոնք մտավախություն ունեն կապված այդ լաբորատորիաների գործունեության հետ։ Մասնավորապես խոսքը գնում է Չինաստանի մասին։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն

Տեսանյութեր

Լրահոս